Որքանով հասկացվում է, Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանի և Արմինե Մոսիյանի միջև վեճ է ծագել, երբ Արմինե Մոսիյանը չի ընդունել Հաայստանի քարտեզի պատկերով կրծքանշանը և ասել, որ իր համար Հայաստանը «այն տասներկու հազար քառակուսի կիլոմետրի հետ միասինն» է:
Փաշինյանի կրծքանշանն արդեն մրցակից ունի: Դա «միացեալ Հայաստանի» քարտեզն է, որ ընդդիմության լրատվամիջոցները և սոցիալական ցանցերի օգտատերերը տարածում-գովազդում են:
Այդ մարդիկ պատրաստվում են առաջիկա ընտրություններին քվեարկել ընդդիմության ուժերից մեկի օգտին: Այսինքն, նրանք քվեարկում են, որպեսզի «միացեալ Հայաստանը վերականգնվի»՝ ինչպես ցանկացել է Արմինե Մոսիյանը:
Ըստ էության, այստեղ արտառոց ոչինչ չկա: Հայաստանի քաղաքացին ընտրություն կատարելիս, անգամ եթե դա կարող է երկրի համար աղետալի լինել, ազատ է:
Արտառոցն այն է, որ ընդդիմության քարոզիչները պնդում են, թե իշխանությունը «մանիպուլացնում է, երբ ասում է, որ ընդդիմությունը հարևան երկրների նկատմամբ տարածքային պահանջ է գեներացնում»:
Ստացվում է, որ ընդդիմության հիմնական էլեկտորատը ճանաչում է «միացեալ Հայաստանի» քարտեզը, բայց ընդդիմությունը դրա համար պատասխանատու չէ: Այդ դեպքում ընդդիմությունն ինչո՞ւ այդ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց անկեղծորեն չի ասում, որ իշխանության գալու դեպքում «միացեալ Հայաստանի» հարցը քաղաքական ձեւակերպում չի ստանալու, Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերություններում Արցախի հարց չի քննարկելու:
Իշխանությունը իր դիրքորոշումը հստակ ներկայացրել է. «Հայաստանում այլևս ղարաբաղյան շարժում չի լինելու»: Այս հարցում ո՞րն է միասնական կամ հատվածային ընդդիմության մոտեցումը:
Հայաստանում ընտրապայքարը սոցիալ-տնտեսական ընդգծված հիմքեր չունի: Գլխավոր հարցը «պատերա՞զմ, թե՞ խաղաղությունն» է: Ընդդիմությունը և նրա քարոզիչները համարում են, որ Փաշինյանը «շանտաժ է անում, երբ ասում է, որ եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունենա, պատերազմ կլինի»:
Փաշինյանը այդ հարցը ձևակերպել է այնպես, որ «խաղաղության ռեւիզիան բացում է պատերազմի դուռը»: Ընդդիմությունը կարո՞ղ է երաշխավորել, որ «խաղաղության ռեւիզիա չի լինելու»:
Սկզբունքորեն դա մեծ դժվարություն չի ներկայացնում, բայց այդ դեպքում նա տասնյակ հազարավոր ընտրողներ կկորցնի: Ստացվում է, որ ընտրազանգվածի մի մասը նախապատվությունը տալիս է ընդդիմությանը, բայց վերջինս քաղաքական առումով «նրան տեր չի կանգնում»:
Վարդենիսցի տղամարդկանց քծնանքի ֆոնին Արմինե Մոսիյանը հերոսի կերպար է,- գրել է հայրենական լրատվամիջոցներից մեկը: Հերոսության, ինչպես և դավաճանության մասին պատկերացումների ստանդարտ չկա:

Բաց մի թողեք
Հայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում
Մեկ հարց․ Սպառնալ պետք է թշնամուն, այլ ոչ թե սեփական ժողովրդին․ Տիգրան Խզմալյան
«Մինչև Ալիևի պահանջը, ձեր օրակարգում չի եղել Սահմանադրության բարեփոխում». Քրիստինե Վարդանյան