20/05/2026

EU – Armenia

Իրանի դեմ պատերազմը Թրամփի ամենալուրջ փորձությունն է, որ մնացել է կոկորդում

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարկանիշային աննախադեպ անկում է ունեցել: Այս պահի դրությամբ նրան սատարում է հարցման ենթարկված ամերիկացիների ընդամենը 36 տոկոսը:

ԱՄՆ քաղաքացիների 61 տոկոսը գտնում է, որ նա Իրանի դեմ պատերազմ է սկսել Իսրայելի «դրդմամբ»: Ըստ նույն աղբյուրի, հանրապետականների ընդամենը 47 տոկոսն է պատրաստ աջակցել Թրամփին, եթե նա որոշի Իրանի դեմ ցամաքային ռազմական գործողություն սկսել:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների համար «Իրանից հետո երկրորդ վտանգավոր թշնամի» է անվանել դեմոկրատներին, որ արդեն նախապատրաստվում են աշնանը կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին:

Դեմոկրատները համոզված են, որ այդ ընտրություններում «անվերապահորեն հաղթելու» են: Նախադեպային է համարվում Ֆլորիդայի նահանգային օրենսդիր մարմնում թափուր տեղի համար մարտի 24-ի ընտրությունները: Հաղթել է դեմոկրատների թեկնածուն:

Ամերիկյան մամուլը համարում է, որ դա Դոնալդ Թրամփի «անձնական պարտությունն» է: Ընտրությունները կայացել են այն շրջանում, որտեղ Թրամփը ունի անձնական դաստակերտ, որտեղ անցկացնում է հանգստյան օրերը: Ըստ տեղեկությունների, նա անձամբ քարոզչություն է տարել հանրապետական թեկնածուի օգտին:

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Վասիլեւի գնահատմամբ՝ «մեկ օրինակը բավական չէ, որպեսզի Թրամփը կոչվի «կաղ բադիկ», ամերիկյան ներքաղաքական կյանքը հաճախ անսպասելի շրջադարձեր է ունենում, բայց իրանական հակամարտության երկարաձգումն, անկասկած, ավելի է իջեցնելու նրա վարկանիշը»:

Ըստ երևույթին, իրանա-ամերիկյան բանակցություններ սկսելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերը շարունակվում են: Իսրայելական մամուլը տագնապած է, որ Թրամփը «կարող է ցանկացած պահի հայտարարել պատերազմի ավարտի մասին»:

ynet-ի քաղաքական մեկնաբանի հայացքով՝ ԱՄՆ նախագահն «արդեն իսկ ամենամեծ զիջումն արել է՝ ճանաչելով Մոջթաբա Խամենեիի իշխանությունը»:

ԱՄՆ նախագահի համար, իրոք, որևէ վճռական որոշումը չափազանց բարդ է: Մեկնաբանների մեծամասնությունը միանշանակորեն պնդում է, որ Իրանի «դեմ ցամաքային ռազմագործողության հետեւանքները կարող են անկախանտասելի լինել»:

Բայց դիվանագիտական «ոսկե միջին», կարծես թե, շատ դժվար է գտնել: Իրանի դեմ պատերազմն, այսպիսով, Թրամփի ամենալուրջ փորձությունն է, որից նա դուրս կգա կամ «վահանով, կամ հավանի վրա նրան դուրս կբերեն»: