Wall Street Journal-ը, հղելով Սպիտական տան «իրազեկ աղբյուրների», սենսացիոն տեղեկություն է տարածել: Ըստ պարբերականի, նախօրեին Դոնալդ Թրամփը «օգնականներին ասել է, որ կարող է Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնել, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցում նավագնացությունը լիովին վերականգնված չլինի»:
Ամերիկյան լրատվամիջոցի աղբյուրները մանրամասնել են, որ նախագահ Թրամփը «մտահոգություն ունի, որ Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման գործողությունները կարող են տևել շաբաթներ»:
Wall Street Journal-ի զինվորական աղբյուրները, մինչդեռ, պնդել են, որ Միացյալ Նահանգները երկու խնդիր դեռեւս չի լուծել, հարստացված ուրանի պաշարները «հայտնաբերված չեն և մնում են կրոնապետության տիրապետության տակ, Իրանի ռազմածովային ուժերը լիովին ոչնչացված» չեն:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները ակնարկել են, որ Պենտագոնը «մտադիր է խորքային ներթափանցման ռազմագործողություն իրականացնել և Սպահանի մոտակայքից դուրս բերել հարստացված ուրանի պաշարները»:
Իրանը տեղեկատվական այդ «արտահոսքին» արձագանքել է շատ արագ և բավական կոշտ. Իսլամական հանրապետության խորհրդարանը մտադիր է քննարկել «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Իր այդ դիրքորոշումը Իրանը հիմնավորել է նրանով, որ այդ պայմանագիրը ոչնչով չի նպաստում խաղաղ նպատակով միջուկային ծրագրերի իրականացմանը:
Իրանցի մի քանի պատգամավորներ, իհարկե, անմիջապես պարզաբանել են, որ Իրանը «մտադիր չէ ունենալ միջուկային զենք», բայց եթե խորհրդարանը իրոք «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրից դուրս գալու որոշում ընդունի, ապա դա, անկասկած, լուրջ ազդակ կլինի միջազգային հանրությանը եւ, իհարկե, առաջին հերթին Իսրայելին:
Այս առումով ուշագրավ դիտարկում է արել ՌԻԱ-Նովոստիի խմբագրականը, որի հեղինակի կարծիքով՝ «կարող է իրականություն տառնալ այն, ինչի մասին տասնամյակներով ստել է Իսրայելը, և Իրանը, իրոք, ձեռք բերի տասը-տասներկու միջուկային մարտագլխիկ»:
Ավելի վաղ քննարկվել է Իրանի հարստացված ուրանի պաշարները Ռուսաստանին «ի պահ հանձնելու» տարբերակը, բայց մարտական գործողություններ սկսելուց հետո ԱՄՆ նախագահ Թրամփը մի քանի անգամ պնդել է, որ դրանք պետք է «հանձնվեն Միացյալ Նահանգներին»:
Ամերիկյան և արաբական մի շարք աղբյուրներ հայտնել են Մերձավոր Արևելք ԱՄՆ ծովային հետևակի և հատուկ նշանակության զորախմբերի տեղափոխման մասին: Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային ռազմագործողության:
Եթե Դոնալդ Թրամփը ընտրի այդ տարբերակը, ապա պատերազմը երկարաձգվելու է: Չափազանց կարևոր է, որ Թուրքիան, ինչպես փորձագետների մեծ մասն է դիտարկել, տարածաշրջանում ռազմա-քաղաքական դաշինք ստեղծելու ուղղությամբ դիվանագիտական լուրջ ջանքեր է գործադրում:
Ըստ տեղեկությունների, Իսրայելը պատրաստ է իր տարածքում ընդունել Պարսից ծոցի երկրներում ամերիկյան բոլոր ռազմահենակայանները: Տպավորություն է, թե թուրք-իսրայելական ուղղակի կամ պրոքսի բախումն «անխուսափելի» է:

Բաց մի թողեք
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
Բարդ է ասել, թե Հայաստանին ի՞նչ կտա այդ ընթացակարգի կիրառումը ՌԴ-ի կողմից
Կրեմլը չէր ձգտում ՀՀ-ում ձևավորել այն արդյունքը, որը կցանկանար ընտրություններում․ Ստանկևիչ