Տարբեր առիթներով ոչ մեկ անգամ Ռուսաստանից ակնարկել են, թե Հայաստանի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների խզումը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ու դա սպառնալիք չէ, ինչպես սիրում են մեկնաբանել կամ փորձում են ներկայացնել քպական կամ մերձիշխանական քարոզիչները: Դա առավելագույնը զգուշացում է, փաստերի պարզ շարադրանք, ըստ էության՝ ձևավորված առևտրատնտեսական, առևտրաքաղաքական, աշխարհաքաղաքական իրողությունների հստակ արձանագրում:
Փաշինյանի այս վերջին մոսկով յան հանդիպումից հետո Ռուսաստանից արդեն շատ ավելի հստակ ու բացորոշ, առանց դիվանագիտական բազմապաճույճ ձևակերպումների նշեցին, թե ինչ կոնկրետ հետևանքներ կլինեն: Ընդ որում, հետևանքներ, որոնք շոշափելիորեն իրենց վրա կզգա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:
Խնդրեմ. բնական գազի գինը կարող է 2-4 անգամ թանկանալ (ԵՄ եք ուզո՞ւմ, վճարեք ԵՄ սակագներով), օդային հաղորդակցությունը կարող է դադարեցվել կամ էապես սահմանափակվել (դա արդեն կլինի ԵՄ պահանջը), կծագեն ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման խնդիրներ (արդեն սկսվել են), հատկապես՝ գյուղմթերքի, գյուղատնտեսական արտադրանքի համար: Դեռ չենք խոսում Ռուսաստանում արտագնա աշխատանքին վերաբերող խնդիրների մասին:
Նշված ու նաև բազմաթիվ չնշված առանձին թեմաներին, դրանց հետևանքներին դեռ մանրամասն անդրադառնալու առիթներ կլինեն առաջիկայում:
Տվյալ պարագայում ավելի առաջնային է թվում հարցը, թե ի՞նչ է անում Փաշինյանը:
Կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում Նիկոլ Փաշինյանը մտել է շատ վտանգավոր մի «խաղի» մեջ, որը երկիրն անխուսափելիորեն տանում է դեպի տնտեսական ու նաև սոցիալական կոլապսի:
Սարսափելի է միայն պատկերացնել, թե կոնկրետ գազի գնի թանկացումն ինչի կհանգեցնի: Շղթայական կապով կթանկանա ամեն ինչ՝ սկսած էլեկտրաէներգիայից, վերջացրած բոլոր տեսակի ապրանքների գներով: Դրա հետևանքներն անմիջականորեն կզգան բոլոր տնտեսվարողները, բոլոր քաղաքացիները, բոլորն՝ անխտիր, ընդհանրապես՝ ամբողջ պետությունը: Ոչ պակաս դաժան է պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվեն դեպի ռուսական շուկա կողմնորոշված գյուղմթերք, նաև ծաղիկներ արտադրողներն ու արտահանողները, այդ ոլորտներում զբաղված հազարավոր մեր հայրենակիցներ:
Ու այդ ամենը… հանուն ինչի՞: Հանուն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը լուռումունջ կատարի արտաքին որոշ դերակատարների պատվերն ու շարունակի իշխե՞լ: Մի քիչ շատ թանկ չեն արժենո՞ւմ Փաշինյանն ու նրա քմահաճույքները մեր բոլորիս կյանքի վրա: Չնայած, վաղուց արդեն շատ թանկ են արժեցել, ուղղակի այդ «թանկաբազարությունը» նորանոր վտանգավոր, կործանարար հեռանկարներ է ուրվագծում, որից խուսափել ոչ մեկին չի հաջողվելու, եթե այս իշխանությունը մնաց…

Բաց մի թողեք
Ադրբեջանցիների մեջ էլ լավ մարդիկ կան, ես չեմ ուզում, որ էլ սեւազգեստ մայրեր լինեն. Լուսանկար
Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին
ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը