30/07/2026

EU – Armenia

Հաղթում է ոչ թե նա, ով բարձրաձայն պիտակավորում է մյուսներին, այլ ․․․

Վաշինգտոնում տարիներ շարունակ ձևավորվել էր մի ընկալում, ըստ որի մի շարք ազդեցիկ վերլուծական կենտրոններ, փորձագիտական շրջանակներ և նախկին ու գործող պաշտոնյաներ դիտարկվում էին որպես Ադրբեջանին կամ Թուրքիային առավել մոտ կանգնած դերակատարներ։

Այդ ընկալումը հաճախ վերածվում էր հայկական կողմից ինքնասահմանափակման․ նրանց հետ պարզապես չէին աշխատում, նրանցից խուսափում էին կամ պիտակավորում՝ որպես «ադրբեջանամետ» կամ «թուրքամետ»։

Սակայն արդյունավետ դիվանագիտությունը երբեք չի կառուցվում հարմար զրուցակիցներ ընտրելու տրամաբանությամբ։ Այն կառուցվում է հենց այնտեղ, որտեղ անհրաժեշտ է փոխել պատկերացումները, կոտրել կարծրատիպերը և ստեղծել վստահության նոր միջավայր։

Այս տեսանկյունից հատկանշական է Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի մասնակցությունը Hudson Institute-ում կազմակերպված քննարկմանը։ Անկախ նրանից, թե նախկինում ինչպիսի հարաբերություններ է ունեցել այդ հեղինակավոր կենտրոնը Ադրբեջանի հետ կամ որքան մեծ ռեսուրսներ է Բաքուն տարիներ շարունակ ներդրել Վաշինգտոնում իր ազդեցությունն ընդլայնելու համար, այսօր ակնհայտ է մեկ բան․ Հայաստանը հրաժարվում է ինքն իրեն փակելու քաղաքականությունից և ընտրում է ակտիվ ներգրավվածության ճանապարհը։

Սա սկզբունքային փոփոխություն է։ Հայաստանը սկսում է խոսել ոչ միայն իր ավանդական գործընկերների, այլև այն շրջանակների հետ, որոնք երկար ժամանակ համարվել են ադրբեջանական կամ թուրքական ազդեցության տիրույթ։

Եվ հենց այդ մոտեցումն է ժամանակակից դիվանագիտության էությունը։ Ոչ թե ընդունել գոյություն ունեցող հավասարակշռությունը որպես անփոփոխ իրականություն, այլ աշխատել այն փոխելու ուղղությամբ։

Եթե որևէ պաշտոնյա, վերլուծական կենտրոն կամ ազդեցիկ քաղաքական շրջանակ կապեր ունի Բաքվի կամ Անկարայի հետ, դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի երկխոսությունից։

Ընդհակառակը՝ հենց այդ հարթակներում Հայաստանի ձայնը պետք է առավել հստակ, առավել հիմնավորված և առավել ազդեցիկ հնչի։ Միայն այդպես է հնարավոր փոխել ընկալումները, ներկայացնել հայկական օրակարգը և ձևավորել նոր գործընկերային հարաբերություններ։

Վաշինգտոնի քաղաքական միջավայրը կառուցված է մշտական երկխոսության, փաստարկների մրցակցության և ազդեցության համար պայքարի վրա։ Այդ պայքարում հաղթում է ոչ թե նա, ով բարձրաձայն պիտակավորում է մյուսներին, այլ նա, ով կարողանում է մտնել ամենաբարդ լսարանները և համոզել նրանց։