13/05/2026

EU – Armenia

Իսկապե՞ս …

«Ուժը լեգիտիմության մեջ է, եթե լեգիտիմ ես, ուժեղ ես անսահման,- ասում է Նիկոլը,- բա էսքան բանի միջով անցել ենք, ո՞նց ենք կարողացել անցնել»: Այս դատողությամբ արծարծվում է մեկ-երկու հարց:

Հրապարակ թերթը գրել է․ Մեկ առ մեկ պատասխանեմ. ուժն, իհարկե, լեգիտիմության մեջ է, բայց ինչպիսի՞ ուժի մասին է խոսքը: Եթե այն ուղղված է սեփական երկրի քաղաքացիների դեմ, ապա խոսք չկա, դու ուժեղ ես: Դու չես կարող ուժեղ չլինել, քանի որ ի պաշտոնե փողոցում շրջապատված ես զինված թիկնապահներով: Իսկ դա ուժի առաջնային դրսևորում է:

Որպես պետության ղեկավար պաշտպանված ես ոստիկանությամբ, քննչականներով, դատախազությամբ ու դատարանների մեծ մասով: Այդ ամենը հաշվի առնելով՝ դու ամենաուժեղ անձն ես Հայաստանում:

Իսկ հիմա պատկերացնենք, որ հունիսի 7-ից հետո դու զրկվում ես այդ ամենից: Ու քո ստեղծած կուսակցությունը խորհրդարանում կորցնելով մեծամասնությունը՝ վերածվում է ընդդիմադիր խմբակցության: Ճիշտ այնպես, ինչպես անցած կիրակի դա տեղի ունեցավ Հունգարիայում: Դու դադարո՞ւմ ես լինել լեգիտիմ: Իհարկե, ոչ:

Դու ընդամենը կորցնում ես զինված թիկնապահներ ունենալու հնարավորությունը: Քեզ այլևս չեն պաշտպանելու ոստիկանությունը, քննչականները, դատախազությունն ու դատարանների մեծ մասը: Ոչ միայն չեն պաշտպանելու, այլև քո նկատմամբ քրեական գործեր են հարուցելու կամ վերաբացելու են 2018-ի մարտի 31-ից քո գործած ապօրինությունների ու հանցագործությունների համար: Եվ ոչ միայն անձամբ քո, այլև քո շրջապատի անձանց նկատմամբ: Այնպես որ միանշանակ չէ, որ լեգիտիմությունն ուժ է: Դա ասվեց ներքին կյանքի առումով:

Իսկ հիմա վերցնենք արտաքին քաղաքականությունը: Եթե լեգիտիմության մեջ է ուժը, ապա ո՞նց է ստացվում, որ մեր թշնամին քեզ ու քեզ հետ միասին ստորացնում է մեր ողջ պետությունը, իսկ դու ձայն չես հանում: Էլ չասած քո ենթականների մասին: Եթե լեգիտիմության մեջ է ուժը, ապա ո՞նց է ստացվում, որ թշնամին մտնում է ՀՀ տարածքը ու դու չես կարողանում վռնդել նրան: Ինքդ քեզ ու քեզ ձայն տված ու չտված ժողովրդին խաբում ես սահմանազատում կոչված անիմաստ գործընթացով: Եվ, վերջապես, ո՞նց է ստացվում, որ մեր թշնամին մեզ անընդատ պահանջներ է պարտադրում: Ու դու գլուխդ կախ կատարում ես դրանք, քանի որ քո լեգիտիմությամբ հանդերձ անզոր ես թշնամու դեմ դիմաց:

Եվ, վերջապես, արհավիրքների միջով անցնելու մասին: Նախ, «էսքան բանի» անունն էլ տուր, որ մարդկանց համար հստակ լինի՝ արհավիրքներ: Երկրորդ, արհավիրքների միջով անցնելով մեկն ավելի է ուժեղանում՝ անկախ լեգիտիմություն ունենալուց կամ չունենալուց: Իսկ քեզ նման հազարները կոտրվում են ու այլևս ոտքի չեն կարողանում կանգնել: Դու, դժբախտաբար, այն մեկը չես՝ չնայած շուրջ երկու տասնամյակ առաջ օպերայի հրապարակի Թումանյանի արձանի պատվանդանը փակել էիր քո «1+1+1+…» գրությամբ թղթերով:

Ու ես էլ, որպես միամիտ լոռեցու ժառանգ, մասնակցել էի այդ գործողությանը: Ինչևէ, ո՛չ այդ «մեկ գումարածները» և ո՛չ էլ «դուխով» գրությամբ գլխարկը քեզ ուժ չտվեցին, ու դու կոտրվեցիր՝ քեզ հետ անդունդ տանելով մեր պետությունը: Որ 2018-ին ժողովուրդը միամտաբար վստահել էր քեզ:

Իսկ հիմա անցնենք 1949-ին Անգլիայում հրապարակված համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկին՝ Ջորջ Օրուելի «1984» վեպին: Հակաուտոպիական հանրահայտ վեպում առկա են բազմաթիվ աննորմալ կարգախոսներ, բայց կանգ առնենք միայն մեկի վրա: Դա «Պարտությունը հաղթանակ է» դատողությունն է: Ինչպես տեսնում ենք, այն ավելի քան տիպական է հնչում մեր օրերի առումով:

Օրուելն, իհարկե, նկարագրում էր երևակայական երկրի կյանքը: Ու դժվար թե պատկերացներ, որ շուրջ 75-80 տարի անց այն կյանքի կկոչվի աշխարհի մի անկյունում պատսպարված երկրում, որի մասին երևի լսած էլ չլիներ: Որքան ինձ հայտնի է, մարդիկ հպարտ են լինում պատերազմում հաղթանակած երկրում: Կամ այնպիսի երկրում, որը թշնամուց շատ ավելի թույլ լինելով՝ նրան հասցնում է ծանր հարվածներ: Մոտավորապես այն, ինչ տեղի է ունենում Իրանի առումով:

Բայց քանի որ մեր երկիրը շողուլից ընկած վիճակում է՝ այստեղ մարդիկ հպարտ են: Հպարտ են՝ չնայած պատերազմում մեր կրած խայտառակ պարտությանը: Հպարտ են՝ չնայած բոլոր ստորացումներին, որ արևելքից թափվում են մեր գլխին: Ու իրենց հետ էլ հպարտ է պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը: Ում գլխավոր հրամանատարությամբ 44-օրյա պատերազմում մենք պետք է չշշկռվեինք՝ ինչպես հորդորում էր մեզ Արոն:

Բայց այդ ամենից ազատվելու ճանապարհ կա. դա հունիսի 7-ին քեզ ու քեզ նմաններից «ոչ» ասելու ճանապարհն է: Ու հայոց աշխարհում նոր կյնք սկսելը, որտեղ չեն լինելու նախկինների բեսպրեդելն ու քո բերած արհավիրքները: Ու մեր սերունդները գլուխ կգովեն ոչ թե «էսքան բանի միջով անցնել կարողանալու», այլ հզոր ու հպարտ պետություն կառուցելու առումով: