18/04/2026

EU – Armenia

Շատ պարզ սխեմա է օգտագործում այս իշխանությունը՝ վերարտադրվելու համար

Մի կողմից, ընտրակաշառք ու ադմինիստրատիվ ռեսուրսի դաժան չարաշահում, մյուս կողմից՝ քրեաիրավական մեթոդներով մրցակիցներին լռեցնել ու հանրության տարբեր շերտերի նկատմամբ հոգեբանական տեռոր կիրառել, վախի մթնոլորտ ձեւավորել, սպառնալիքներ, շանտաժ:

Հրապարակ թերթը գրել է․ Շատ պարզ սխեմա է օգտագործում այս իշխանությունը՝ վերարտադրվելու համար:

Միշտ են այդ սխեմաները կիրառվել` այս կամ այն ուժգնության, բայց փաշինյանական իշխանությունը, որը եկել է արդար ընտրությունների, քաղաքացու քվեն հարգելու, ազատ ու հավասար մրցակցություն ապահովելու լոզունգներով եւ ընտրակեղծարարությունը դատապարտելու բոցաշունչ ճառերով, իրավունք չուներ ՀՀԿ-ից ավելի ՀՀԿ լինել եւ զոռբայությամբ իշխանություն վերցնելու բոլոր հին մեթոդները կիրառել: Արդեն ՔՊ-ական տասովշչիկները տեղերում սկսել են մարդկանց ցուցակագրել: Փոքր համայնքներում համայնքապետերը տեռոր են անում․ ՔՊ-ին չընտրեք` գործից կզրկվեք, ոռոգման ջուր չեք ունենա, նպաստ չեք ստանա եւ այլն, եւ այլն:

Ամենակարեւորը` զգուշացնում են, որ իմանալու ենք, թե ով ինչպես է քվեարկել, հույս չունենաք, որ կգնաք, դեմ կքվեարկեք ու կթաքնվեք ուրիշների թիկունքում: Բայց, իհարկե, նոր մեթոդներ էլ են կիրառում: Հանրապետականի թեկնածուները սոցցանցեր, լայվեր, սրտիկ-կորժիկ, շլյապա-կուկուռուզ չէին օգտագործում: Հանրապետականի ֆանտազիան հերիքում էր մարդկանց ստիպողաբար միտինգի բերելու, թաղի հեղինակություններով ճնշում գործադրելու եւ քվե «գնելու» համար:

Ընտրողների մի մասն էլ դիմադրում էր` միտինգի կեսից փախչում էին, փողը վերցնում` ուրիշին ձայն տալիս: Սրանք լուրջ ռեժիսորական աշխատանք են կատարում` երգում, պարում, նվագում, ներկայացումներ բեմադրում, իբր սպոնտան զրույցներ, այցեր կազմակերպում: Եվ դա նաեւ իր սպառողն ունի: