Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին անվանել է «մեր ժամանակների Հիտլեր»:
Կողմերի հռետորաբանությունը հասել է «անդառնալիության կետի», երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Պակիստանը հանդես չգար իրանա-ամերիկյան պատերազմը դադարեցնելու միջնորդությամբ, ապա Թուրքիան «Իսրայելին ցույց կտար իր տեղը»:
Իսրայելա-թուրքական լարվածությունը առերեւույթ կապված է Պաղեստինի և հատկապես Գազայի հարցում Էրդողանի կոշտ դիրքորոշման հետ: Israel Inside-ը, սակայն, համոզված է, որ բուն պատճառը Հնդկաստանից և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկներից դեպի Եվրոպա հաղորդակցության ուղիների շուրջ մրցակցությունն է:
Ըստ այդմ, նախաձեռնելով Իսրայելի և Պարսից ծոցի երկրների միջև «Աբրահամյան համաձայնությունների» գործընթացը, Միացյալ Նահանգները ձգտում է ստեղծել «ցամաքային միջանցք, որը Սաուդան Արաբիայից կհասնի Իսրայելի նավահանգիստներ»:
Դա թույլ կտա շրջանցել Հորմուզի և Բաբ էլ-Մանդեպի նեղուցները»: Համանման ծրագիր ունի նաև Թուրքիան, որ հանգուցային է տեսնում Իրաքի Բասրա նավահանգիստը, որտեղից մտադիր է կառուցել «Կյանքի ճանապարհ»՝ մինչև Ջեյհան նավահանգիստ:
Փաստացի Իսրայելը և Թուրքիան մրցակցում են Պարսից ծոցի արաբական պետությունների վստահությունը շահելու համար, բայց, ինչպես միջազգային քաղաքականության մեջ հաճախ է պատահում, ռազմական և առևտրատնտեսական շահերը քողարկում են «մարդասիրական» հռետորաբանությամբ: Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը կարող է վերաճել կրոնական-քաղաքակրթական ծավալուն դիմակայության:
Խիստ ուշագրավ է, որ Բաքվի իշխանամետ մամուլը Իսրայելի անվտանգության նախարար Բեն-Գրիվի այցը Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ անվանել է «բոլոր իսլամադավանների հասցեին անարգանք և բաց մարտահրավեր»:
Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական մամուլը կարեւորում է կրոնական համերաշխության գործոնը: Ապրիլի 12-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է աշխատանքները:
Այդ առթիվ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը ձևակերպել է, որ պատերազմից հետո Թեհրանում «դիվանագիտական ներկայացուցչության գործունեության վերսկսումը վկայում է Իրանի հետ հարաբերությունների նշանակությունը»:
Պաշտոնական Բաքուն միաժամանակ տարածաշրջանում «խաղաղության և կայունության հաստատմանը աջակցելու պատրաստակամություն» է հայտնել:
Ի՞նչ զարգացումների է նախապատրաստվում Ադրբեջանը, առայժմ բարդ է ասել: Բայց, կարծես, իրողություն է, որ Էրդողանը կարողացել է Ալիևին «դուրս բերել հակաիրանական ճամբարից»:
Նաթանյահուն սպառնացել է «հաշիվներ պարզել Իրանի և նրա արբանյակների հետ՝ ի տարբերություն Էրդողանի»:
Իսրայելի պաշտպանության նախարար Կացը Էրդողանին հիշեցրել է «հայերի ցեղասպանությունը և տասնյակ հազարավոր քրդերի սպանությունը»: Հայաստանին բարդ ժամանակ է սպասում:

Բաց մի թողեք
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի
Ո՞րն է Ադրբեջանի նախագահի Անթալիայում գտնվելու նշանակությունը