Բեռլինում գումարվել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի կամ «Ռամշտայնի ձևաչափի» հերթական նիստը, որին առկա մասնակցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն, Գերմանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Պիստորիուսը և Ֆյոդորովը:
Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ մյուս երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկումներին մասնակցել են հեռավար: ԱՄՆ պատերազմի նախարար Հեգսեթը «Ռամշտայնի ձևաչափը» բոյկոտել է:
Դա, սակայն, չի խանգարել, որպեսզի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն ընթացիկ տարվա ռազմական ծախսերի համար Ուկրաինային վաթսուն միլիարդ դոլար խոստանա:
Նույն օրը, ինչպես ավելի վաղ դիտարկել ենք, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ը «ռազմականացնում է Եվրոպան և նախապատրաստում Ռուսաստանի հետ դիմակայության»:
Նա, ընդսմին, ընդգծել է, որ այդ ծրագրավորումներում Ուկրաինային հատկացվում է առանձնակի դերակատարություն: Լավրովի հայտարարությունից բառացիորեն ժամեր անց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է եվրոպական երկրների ռազմաարդյունաբերական այն ընկերությունների անվանացանկը, որ Ուկրաինայի հետ համատեղ կամ միայն նրա համար ԱԹՍ-եր, հեռահար հրթիռներ, այլ սպառազինություններ և կոմպլեկտավորող մասեր են արտադրում:
Արդեն ապրիլի 16-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան գրառում է կատարել և զգուշացրել, որ պաշտպանության նախարարության այդ հրապարակումը վկայում է, որ իրավիճակի փոփոխության դեպքում բոլոր այդ ձեռնարկությունները «կդիտվեն որպես օրինական թիրախ»:
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, Ուկրաինան սպառազինությունների համատեղ արտադրություն ունի Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում: ՌԴ ԱԽ նախագահի տեղակալը փաստացի այդ երկրներին սպառնում է «թիրախային հարվածներով»:
«Նեզավիսիմայա գազետան» պարզել է, թե «Ռամշտայնի ձևաչափով» հանդիպման արդյունքներով ինչ սպառազինություններ կարող է ստանալ Ուկրաինան: Խոսքն, ընդ որում, առաջիկա ամիսների մասին է:
Որքանո՞վ են ստույգ այդ տվյալները, պարբերականը չի մանրամասնել, բայց վկայակոչել է Ուկրաինայի նախագահի հայտարարությունը, ըստ որի Կիևը տրամադրության տակ «կան ավելի մեծ հնարավորություններ, որպեսզի շարունակի դիմակայել Ռուսաստանի ագրեսիային»:
Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Սիրսկին հավաստիացրել է, որ «ռազմաճակատում ուժերի ներկայիս հարաբերակցությունը թույլ է տալիս ծրագրել մարտական գործողությունների հակառակորդի տարածք տեղափոխումը»:
Սա, երևի, «շատ լավատեսական» հայտարարություն է, բայց, կարծես, նաև փաստ է, որ Ռուսաստանը շատ հեռու է «հատուկ ռազմական գործողությամբ նախանշված նպատակներին» հասնելուց: Իսկ ավանդական զորահանդեսին մեկ ամսից պակաս ժամանակ է մնում:

Բաց մի թողեք
Ի՞նչ պայմաններով Թեհրանը կհամաձայնի նման սցենարի
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի