Իսրայելի հատուկ ծառայությունները՝ «Մոսադը» և «Շաբակը» համատեղ հայտարարություն են տարածել և «բացահայտել» Իրանի «ահաբեկչական ցանցի ծրագրերը»: Այդ մասին հայտնել է իսրայելական ռուսալեզու vesty-ին:
Ըստ տարածված տեղեկատվության, փաստացի խոսքը վերաբերում է Իրանի կողմից «Բաքվում ծրագրված ահաբեկչությունների և Բաքու-Ջեյհան նավթամուղի պայթեցման ծրագրին», որ, իբր, «կանխել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները»:
«Մոսադը» և «Շաբակը» բացահայտել են, որ Բաքվում և Բաքու-Ջեյհան նավթամուղի դեմ «ահաբեկչությունները ծրագրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Ռահման Մոկադամը, որ ոչնչացվել է «Առյուծի մռնչյուն» ռազմագործողության մեկնարկի փուլում»:
Ըստ իսրայելական հատուկ ծառայությունների, Իրանը «ծրագրել էր Բաքվի հրեական սինագոգում պայթյուն իրականացնել, ինչպես նաև սպանել Ադրբեջանի հրեական համայնքի ղեկավարներին»: Նրանք նաև «բացահայտել են», որ Բաքվում «ձերբակալված իրանական գործակալներից առգրավվել է ինչպես պայթուցիկ, այնպես էլ ապօրինի ճանապարհով ներմուծված դրոն»:
Խոսքը փաստացի մոտ երկու ամիս առաջ՝ մարտի առաջին օրերին, Բաքվում իրականացված ձերբակալությունների մասին է: Ուշագրավ է, թե ինչո՞ւ «բացահայտումներ անում» են իսրայելական հատուկ ծառայությունները և ոչ թե Ադրբեջանի պատկան մարմինները, որ պարտավոր են սեփական հանրությանը տեղեկացնել, թե ինչ փուլում է «իրանական գործակալների» գործի քննությունը:
Տպավորություն է, որ «Մոսադը» և «Շաբակը» Բաքվում «իրանական ահաբեկչական ցանցի բացահայտման» մասին հայտարարությունը տարածել են քաղաքական նպատակով: Ակնհայտ է, որ եթե «ահաբեկչական ցանցի ղեկավար» Ռահման Մոկադին սպանվել է «Մոսադի» կողմից, ուրեմն Բաքվում նրա «գործակալներին» նույնպես իսրայելական հետախուզությունն է բացահայտել:
Ադրբեջանին մնացել է նրանց ձերբակալելու տեխնիկական դերը: Թեև բացառված չէ, որ այդ գործողությունը նույնպես «Մոսադն» է իրականացրել:
Ադրբեջանը մարտի առաջին օրերին գրեթե պատրաստ էր միանալ Իրանի դեմ պատերազմին: Այդ ճակատագրական քայլից, որքանով հասկացվում է, Ալիևին ետ է պահել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Թուրք-իսրայելական հարաբերությունները ներկայումս ընդհուպ մոտեցել են ռազմական բախման շեմին: Ադրբեջանը, բնականաբար, Թուրքիայի շահերն անտեսել չի կարող:
«Մոսադը» Ալիևին հիշեցնում է Իսրայելի հանդեպ չմարած պարտքը: Այդ սենսացիոն բացահայտմանը ինչպե՞ս կարձագանքի պաշտոնական Բաքուն, կընդունի՞, որ իսրայելական հատուկ ծառայությունների հետ ներգրավված է եղել հակաիրանական հատուկ գործողություններին, թե կհերքի՞:

Բաց մի թողեք
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերադարձել են դաշնակցային գործընկերության մակարդակին
«Պատերազմը դեռ չի ավարտվել, կան չլուծված խնդիրներ»
Թրամփի համար Լուկաշենկոն «ծամելու և թքելու ապրանք» է, բայց ստիպված է համագործակցել