21/04/2026

EU – Armenia

Մենք դաշինք էինք ուզում, իրենք` ոչ. Հայրիկյանը՝ Դոգին

Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն անցած շաբաթ հայտարարել էր, որ պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել ԱՄՆ-ում ազատազրկված Վարդան Ղուկասյանի՝ Դոգի գլխավորած կուսակցության հետ դաշինքով, ինչը շատերի զարմանքն էր հարուցել։

Հայրիկյանը հայտարարել էր, թե պատճառն այն է, որ իրենց առաջարկած ծրագրային դրույթներին համաձայնել է միայն այդ քաղաքական ուժը։ Նա մեզ հարցազրույց էր տվել այդ ամենի վերաբերյալ եւ անգամ նշել, որ Վարդան Ղուկասյանն իր հայհոյանքներով ավելի բարձր է, քան մյուս քաղաքական ուժերը, սակայն կիրակի օրը նա հանկարծ մի հայտարարությամբ հանդես եկավ, որ հունիսի 7-ի ընտրություններին իր ղեկավարած ուժը չի մասնակցելու. «Որեւէ ուժ պատրաստ չէր հանուն ԲԺ-ի` «բացարձակ ժողովրդավարության» առաջնահերթության նախընտրական դաշինք կազմել, եւ ԱԻՄ-ը չի մասնակցի այս «ընտրությանը»։

«Հրապարակը» զրուցել է նրա հետ:

– Մեր նախորդ զրույցում գովեստի խոսքեր էիք շռայլել Դոգի հասցեին, ի՞նչ «սեւ կատու» անցավ ձեր միջեւ, որ որոշեցիք ընտրություններին չմասնակցել: Ասում եք, որ ոչ մի ուժ հանուն ԲԺ-ի չպայքարեց:

– ԲԺ-ն` բացարձակ ժողովրդավարությունը, որեւէ ուժի համար այդպես էլ չկարեւորվեց: Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի հետ համագործակցությանը, ապա նրանք ընդունեցին բացարձակ ժողովրդավարության առաջնահերթությունները, այդ հարցում մենք խնդիր չունեցանք, սակայն մենք ի սկզբանե պայման էինք դրել, որ ընտրություններին դաշինքով ենք մասնակցելու, իրենք համաձայն էին, բայց հետո ինչ-ինչ հանգամանքներից ելնելով որոշեցին, որ պետք է առանց դաշինքի մասնակցեն, սակայն մենք, քանի որ լրիվ այլ բան էինք պայմանավորվել, ասացինք, որ չենք մասնակցի ընտրություններին: Ի դեպ, եթե անգամ ԱԻՄ-ի անունով գնայինք ընտրությունների, միեւնույն է, դա ոչինչ չէր փոխելու, քանի որ այն հակասում էր մեր պայմանավորվածությանը: Չհամաձայնեցին, մենք էլ ասացինք` հաջողություն ձեզ:

– Իսկ ինչո՞ւ վերջին պահին հրաժարվեցին:

– Ես չգիտեմ, թե ինչ էին ցանկանում: Մենք ոչինչ չէինք ցանկանում, սակայն իրենք ժողով էին արել` ներքին կարգով, եւ որոշել առանց դաշինքի մասնակցել, մենք էլ ասացինք` հաջողություն: Իրենք էլի են ասում, որ պատրաստ են համագործակցել, սակայն մենք մեր որոշումներից երբեք հետ չենք կանգնում: Կմասնակցենք հանուն ժողովրդավարության, սակայն՝ միայն դաշինքով: Ուրիշ հավակնություն մենք չունեինք: Թե իրենք ինչու այդպես որոշեցին, դա իրենց գործն է, մեր գործը չէ, իրենք գիտեն: Ես զարմացած էի, որ ինչ-որ մի ուժ վերջապես համաձայնել էր, սակայն եղավ այդպես: