22/04/2026

EU – Armenia

Անահիտ Ավանեսյանը վախեցավ բանավեճից․ բժիշկ Գևորգ Գրիգորյան

«Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը հրապարակային արձագանք է տվել առողջապահության նախարարի հայտարարություններին՝ դրանք որակելով մանիպուլյատիվ։

Նա նշել է, որ Առողջապահության նախարարը վախենալով բանավեճից և ճշմարտության հետ առերեսումից Ազգային ժողովում փակ քննարկման ընթացքում հայտնել է՝ առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումից հետո իրականացվել է շուրջ 1 386 000 ամբուլատոր ծառայություն։ Գրիգորյանի խոսքով՝ այդ տվյալը ներկայացվում է առանց հստակեցման, ինչը, նրա գնահատմամբ, խեղաթյուրում է իրական պատկերը։

Բժիշկը հարցադրում է արել, թե այդ ընդհանուր թվի որ մասն է իրականացվել պոլիկլինիկական օղակում։ Նրա պնդմամբ՝ հենց այդ հատվածում ծառայությունների մեծ մասը նախկինում արդեն հասանելի է եղել քաղաքացիներին անվճար, քանի որ կցագրված պացիենտները չեն վճարել խորհրդատվության կամ բուժման համար։

Գրիգորյանը նախարարին կոչ է արել առանձնացնել պոլիկլինիկաներում իրականացված ծառայությունների հստակ թիվը՝ նշելով, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասկանալ, թե իրականում ով է շահել առողջության ապահովագրական համակարգի ներդրումից։ Նրա խոսքով՝ ներկայիս ձևակերպումները մոլորեցնող են և չեն արտացոլում իրական իրավիճակը։