22/04/2026

EU – Armenia

Դատավորը սպանության մեջ մեղադրվողին ազատել է կալանքից` տնային կալանք տալով

2025 թվականի նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում սահմռկեցուցիչ դեպք տեղի ունեցավ` մի խումբ անձանց վիճաբանություն-ծեծկռտուքի ընթացքում մասնակիցներից մեկը իր վարած ավտոմեքենայով, ենթադրաբար, դիտավորյալ վրաերթի էր ենթարկել կռվի մասնակիցներից մեկին` Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Արզումանյանին, մի քանի անգամ մեքենան վարելով կենդանի մարդու վրայով, ինչի հետեւանքով Արզումանյանը մահացել էր։

Իրավապահները պարզել էին, որ տեղի ունեցածը միտումնավոր վրաերթ է: Ըստ օպերատիվ տեղեկությունների, կռվի մասնակիցներից մեկը` Երևանի բնակիչ 30-ամյա Սերգեյ Աղաջանյանն էլ մարմնական վնասվածքներ էր ստացել։

Բորիս Արզումանյանի սպանության դեպքով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում քրեական հետապնդում էր հարուցվել (Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը), 155-րդ հոդվածի 1-ին մաս (սպանությունը)) երկու անձի նկատմամբ:

Սպանված Բորիս Արզումանյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է եղել 2021-ին: Սպանության գործով ձերբակալվել էին ԵԿՄ անդամ Ավետիս Խաչատրյանի՝ «Մասիվցի Գիժ Ավոյի» թոռ Հակոբ Խաչատրյանը և ավտոմեքենան վարած Արտակ Դիլանյանը: Վերջինս կալանավորվել էր։

«Հրապարակ»-ի տեղեկություններով, սպանությունը կատարած Դիլանյանի մասը մայր գործից քննչական կոմիտեն առանձնացրել է եւ ուղարկել դատարան՝ քննության։ Հակոբ Խաչատրյանը, որը Դիլանյանի հետ նույն մեքենայի մեջ է եղել դեպքի պահին, ունի վկայի կարգավիճակ, եւ 2 անձի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

Արտակ Դիլանյանի խափանման միջոցը մոտ 2 ամիս առաջ հայտնի դատավոր, 2018 թվականի թավշյա իրադարձությունների ժամանակ թմբուկ խփող Դավիթ Արղամանյանը, մեզ հասած լուրերով, փոխել է, սպանության մեջ մեղադրվող անձի նկատմամբ կիրառել է տնային կալանք՝ համակցված գրավով։

Դիլանյանի պաշտպան Արսեն Սախոյանը մեր հարցին ի պատասխան հերքեց այդ տեղեկությունը, թե` իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխվել է, ասաց՝ կալանքի տակ է։ Մեղադրանքի վերաբերյալ էլ նշեց, թե չեն ընդունում, ավել մանրամասներ չհայտնեց։

Գլխավոր դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ առաջին ատյանի դատարանը Արտակ Դիլանյանի խափանման միջոց կալանքը փոխել է։ Ապա դատախազությունը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել տնային կալանք խափանման միջոցի դեմ, միջնորդելով նորից բանտային կալանք սահմանել եւ Վերաքննիչը բավարարել է միջնորդությունը, եւ, Բորիս Արզումանյանի սպանության մեջ մեղադրվող անձը կրկին կալանավորվել է։