25/07/2026

EU – Armenia

Դա կապված է Վաշինգտոնի «անկարողությա՞ն», թե «չկամեցողության» հետ

Մանիլայում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ երեսունհինգ րոպե տևած բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուվիոն հրապարակայնացրել է, որ «3+2 բանաձևով ուկրաինական կարգավորումը հնարավոր չէ, քանի որ այն կողմերից մեկին չի բավարարում»։

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» պարզաբանել է, որ խոսքը Ռուսաստանի առաջարկած տարբերակի մասին է, որ ենթադրում է «Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի ռուսաստանապատկանության ճանաչում, Ուկրաինայի ապառազմականացում և նրա չեզոք կարգավիճակի ամրագրում»։

Պետքարտուղար Ռուբիոն նաև ասել է, որ եթե նախկինում այդ «բանաձևը Ուկրաինան չի ընդունել, ապա այժմ հազիվ թե ընդունի»։ Նա հավելել է, որ «եթե խաղաղություն հաստատվելու լինի, ապա դա կարող է լինել շնորհիվ նոր առաջարկությունների և գաղափարների», և Վաշինգտոնը «պատրաստ է դրանք համապատասխան պայմաններում և համապատասխան ձևով ներկայացնել»։ ԱՄՆ պետքարտուղարը չի մանրամասնել, թե ինչ «առաջարկություններ և գաղափարներ» ունի ԱՄՆ վարչակազմը։

Արձագանքելով Ռուբիոյի հայտարարությանը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «վերահաստատել է խաղաղ կարգավորման գործընթացին պատրաստակամությունը», բայց «մենք շարունակում ենք մեր հատուկ ռազմական գործողությունը, քանի որ կիևյան ռեժիմը եվրոպական մայրաքաղաքների կողմից դավագրգռվում է, որպեսզի ռազմական գործողությունները շարունակի»։

Կրեմլի խոսնակը գոնե առերևույթ մերժել է ԱՄՆ պետքարտուղարի «նոր առաջարկություններ և գաղափարներ» ներկայացնելու մասին առաջարկությունը և պատերազմի պատասխանատվությունը հասցեագրել «եվրոպական մայրաքաղաքներին», որոնք Կիևին «դավագրռում են ռազմական գործողությունները շարունակելու»։

Պեսկովի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները, գուցե, «միացել է Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջարկությանը», որ, ինչպես իրազեկ փորձագետներն են ներկայացրել, ենթադրում է զորքերի շփման գծով կրակի դադարեցում, բուֆերային գոտու ստեղծում, հրադադարի հսկման մեխանիզմների ներդրում և քաղաքական բանակցությունների մեկնարկ։

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ կարգավորումը պետք է ներառնի «գետնի վրա իրողությունները»։ Ավելին, ուկրաինական թելեգրամյան ալիքները գրել են, որ Մոսկվան «դիրքորոշումը կարծրացրել է և հրաժարվել Դոնբասի հարակից մարզերից դուրս բերել զորքերը»։

Ուկրաինացի բլոգեր Նիկոլայ Շուխինսկին, առանց աղբյուրներ վկայակոչելու, հայտնել է, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորեայից «տասնյակ հրթիռներ է ձեռք բերել, որպեսզի կիրառի Ուկրաինայի դեմ»։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարելու ոչ մի նախանշան չկա։ Սերգեյ Լավրովը Մանիլայում սպառնալի հայտարարություն է արել․ «Եթե ՆԱՏՕ-ն հարվածի Ռուսաստանին, պատերազմը կկրի ոչ կոնվենցիոնալ բնույթ»։ Կարծես թե ակնհայտ է, որ ԱՄՆ միջնորդությամբ ռուս-ուկրաինական կարգավորման ոչ մի իրական հեռանկար այս պահի դրությամբ չկա։ Էական չէ, դա կապված է Վաշինգտոնի «անկարողությա՞ն», թե «չկամեցողության» հետ։ Երկու դեպքում էլ Արևելյան Եվրոպայում և ողջ հետխորհրդային տարածքում ճակատագրական սրացման սպառնալիքը մեծանում է։