22/04/2026

EU – Armenia

Իշխանությունը մատնում է՝ որ ուժերն են իր մրցակիցները` պետք է դրանով առաջնորդվել

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Հակոբ Բադալյանն է:

– Այս փուլում շատ քաղաքացիներ երկմտանքի առջեւ են կանգնել` ինչպես կատարել ճիշտ ընտրություն, որպեսզի թե՛ ընդդիմությանը հաջողվի պայքարել իշխանությունների դեմ, թե՛ ձայները չփոշիանան: Ձեր կարծիքով` ինչպե՞ս կատարել ընտրություն, ինչո՞վ առաջնորդվել, որ իշխանությունները չվերարտադրվեն, եւ անցողիկ շեմը չհաղթահարող ուժերին ձայն չտալ:

– Իմ գնահատմամբ` ընտրողի առջեւ այժմ կա մեկ հիմնական հարցադրում` փոխե՞լ իրավիճակը Հայաստանում, թե՞ ոչ: Եթե մարդը չի պատրաստվում եւ առհասարակ չունի Հայաստանում իրավիճակ փոխելու ցանկություն, ապա, բնականաբար, կա՛մ ընտրությունների չի գնալու, կա՛մ էլ գնալու է եւ իր քվեն տալու է ՔՊ կուսակցությանը: Եթե մարդը համարում է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխությունն անհրաժեշտություն է, ապա, իմ գնահատմամբ, այսօր իրավիճակն այնպիսին է, որ փոփոխությունն այն նվազագույն քայլն է, որ պետք է անել առանց բծախնդրության, թե որ տարբերակով փոխել իշխանությանը եւ այլն: Հարցը հետեւյալն է` փոխե՞լ, թե՞ ոչ: Եթե մարդն այն եզրահանգման է եկել, որ իշխանությանը պետք է փոխել, ուրեմն պետք է դա անել քվեն տալով այն ուժերին, ովքեր կարող են անցողիկ շեմը հաղթահարել եւ մտնել խորհրդարան: Սա է, կարծում եմ, ամենակարեւոր հարցը: Ես՝ ինքս, չեմ թաքցնում եւ ասում եմ, որ Հայաստանին անհրաժեշտ է իշխանության եւ դրա արդյունքում` իրավիճակի փոփոխություն, որովհետեւ այդ իրավիճակը խորանալու է այնքան, որ Հայաստանը դադարելու է գործնականում լինել պետություն սուբյեկտ, այլ կարող է վերածվել պետության դեկորացիայի:

– Տեսակետներ կան, որ Սամվել Կարապետյանի ուժը միանշանակ շատ ձայներ է ստանալու, սակայն մյուս ընդդիմադիր ուժերն այս առումով կասկածի տակ են, հասկանալի է, որ Գյումրու օրինակով ընդդիմությունը կարող է հաջողություն արձանագրել, եթե ընտրություններից հետո միավորվի: Դրա համար գոնե մի քանի ուժ պետք է հաղթահարի անցողիկ շեմը:

– Դժվար է մաթեմատիկական հաշվարկներով ասել, թե ինչպես քվեարկել, որպեսզի ընդդիմադիր բոլոր ուժերն անցողիկ շեմը հաղթահարեն, հասկանալի է, որ երաշխավորված բանաձեւ այստեղ չկա, եթե խոսքը մի քանի ուժի մասին է: Սակայն միասնական ընդդիմության թեման, ըստ իս, արդյունավետ թեմա չէ, քանի որ հասարակական տրամադրություններն ինքնին միասնական չեն, դրանք սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ ունեն, սակայն փաստն այն է, որ միասնական չէ: Իրատեսական չէ՝ այդ առումով հասնել կուռ միասնականության: Պետք է փորձել հասնել առավելագույնի` մի քանի հիմնական ուղղություններով: Այդ ուղղությունների մասին հստակ հուշում է իշխանությունը: Մենք տեսնում ենք, որ իշխող թիմը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թիրախավորում է հիմնականում երեք ուժի` Կարապետյանին, Քոչարյանին եւ Ծառուկյանին: Սրանով իսկ իշխանությունը մատնում է, թե որ ուժերն են իր գլխավոր մրցակիցները: Քարոզչական նարատիվներն էլ, որոնք պարբերաբար կիրառում են, հարցի մյուս կողմն է…. եթե հասարակությունն ունի կողմնորոշվելու խնդիր, ապա հստակ կարող է այս համատեքստում կողմնորոշվել:

– Արման Թաթոյանը ո՛չ նախկին է, ո՛չ ներկա: Մեր հասարակությունը կարծես այդ փաստը կարեւորում է: Ի՞նչ շանսեր ունի, ըստ Ձեզ, Թաթոյանն այս պարագայում:

– Անկախ ամեն ինչից, Թաթոյանը զիջում է իր դիրքերով վերոնշյալ եռյակին: Կա նաեւ մեկ այլ խնդիր, այս ուժը չունի համակարգային կառուցվածք: Նոր ձեւավորված ուժ է, գուցե դրական ու հեռանկարային, բայց կարծում եմ՝ ընտրական պրոցեսում շատ կարեւոր է, թե ուժն ինչ հետագիծ ունի` որպես համակարգ, ինստիտուցիոնալ մեխանիզմ: Ակնհայտ է, որ այստեղ Թաթոյանի ուժը նոր է: Հասարակության համար այս հանգամանքները զգացնել տալիս են` վերաբերմունքի ձեւավորման իմաստով, սակայն գնահատել հնարավորությունները, շանսերը, ես չեմ կարող որեւէ հստակ պնդում անել:

– Քանի՞ ուժ անցողիկ շեմը կհաղթահարի` ըստ Ձեզ:

– Կարծում եմ, որ առավել մեծ հնարավորություններ ունի իմ նշած եռյակը: Սամվել Կարապետյանի հարցում կասկած չկա: Մեծ հավանականություն ունեն ԲՀԿ-ն ու «Հայաստան» դաշինքը: Չեմ կարծում, թե «Հայաստան» դաշինքը հաստատուն կերպով կարող էր մտնել այս պրոցեսի մեջ, չունենալով հստակ շանսեր: Նրանք ռոմանտիկ տրամադրություններով չէին մտնի պայքարի մեջ: Մնացածն էլ կախված է լինելու քարոզարշավի ընթացքից: Ցանկացած ուժ կարող է մեծ շանսեր ունենալ, սակայն այնքան վատ աշխատել, այնքան ապաշնորհ լինել, որ ամեն ինչ վերջում ջուրը գցի:

– Իսկ արեւմտամետ ներկայացող հայտնի ուժերը` Արման Բաբաջանյան, Արամ Սարգսյան եւ այլն….

– Ես կարծում եմ, որ նրանք անցնելու հնարավորություն ունեն, եթե իշխանությունն իրենց օգնի, սակայն իշխանությունը նրանց օգնելու ցանկություն չունի, հակառակը` իշխանությանն անհրաժեշտ են այդ էլեկտորատի ձայները: