22/04/2026

EU – Armenia

Ո՞րն է ծրագրավորմանը Ադրբեջանին ներգրավելու շարժառիթը կամ հիմնավորումը

Վաշինգտոնը պատրաստվում է գործարկել «Մետաքսե յոթնյակ +» աշխարհաքաղաքական նախաձեռնությունը, որ կոչված է արմատապես փոխել Կենտրոնական և Հարավային Ասիայի տնտեսական լանդշաֆտը:

Նախագիծը հետապնդում է առևտրային և կոմունիկացիոն ռազմավարական կապերի ստղծման նպատակ, որպեսզի թուլանա արտաքին մի քանի դերակատարներից տարածաշրջանի կախվածությունը, ավելի լայն ինտեգրացիայի և համաշխարհային շուկա մուտքի հնարավորություն ստեղծվի:

Այդ մասին ամերիկյան աղբյուրներին հղելով հայտնել է ռուսաստանյան «Նեզավիասիմայա գազետան», որի տեղեկություններով՝ ծրագրում ընդգրկվելու «առաջարկություն է արվել Ադրբեջանին, Կենտրոնական Ասիայի հինգ երկրներին և Աֆղանստանին»:

ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովը գումարվել է անցյալ տարեվերջին, որին ընդառաջ Ղազախստանի նախագահ Տոկաևը առաջարկել է նաև Ադրբեջանի մասնակցությունը, որ, սակայն, հետագա զարգացում չի ունեցել:

Փոխարենը ամիսներ հետո գումարվել է Կենտրոնական Ասիա-Ադրբեջան խորհրդաժողով, որի արդյունքներով Ադրբեջանը ներգրավվել է Կենտրոնական Ասիայի երկրների ինտեգրացիոն նախագծումներին:

Վաշինգտոնի աշխարհաքաղաքական նոր նախագծին Ադրբեջանի մասնակցությունը պայմանավորված է նրա կոմունիկացիոն ենթակառուցվածքներով: Ամերիկյան կողմը հատկապես կարևորել է Ալյաթ նավահանգստի «հանգուցային դերը»:

Ուշագրավ է, որ ամերիկյան նախագծի մասին տեղեկությունը տարածվել է Իրանի շուրջ չափազանց բարդ իրավիճակի ֆոնին: Ռուսաստանի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Կնյազևի գնահատմամբ՝ «ամերիկյան նախաձեռնությունը մեծամասամբ անտուրաժային» է:

Նա այդ նախագծի գործնականացման հավանականությունը «բարձր չի գնահատում»: Եվ առաջին հերթին շեշտում է, որ Իսրայելի կողմից Իրանի Էնզելի նավահանգստի ռմբակոծումը «պատերազմը Կասպից ավազան տեղափոխելու նախադրյալ է ստեղծել»:

Ավելի մռայլ կանխատեսում Կնյազևը արել է «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ: «Այդ նախագծի նկատմամբ Իրանը կոշտ դիրքորոշում է ունեցել նաև նախկինում, իսկ այժմ այդ տարածաշրջանում ամերիկյան ցանկացած ակտիվություն վերածվում է Իրանի կողմից հարվածի օբյեկտի»,- ասել է նա «Նեզավիսիմայա գազետա»-ին հարցազրույցում:

Ըստ տեղեկության՝ Հայաստանը Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական նախագծին ներգրավվելու առաջարկություն չի ստացել, ինչպես նաև՝ Վրաստանը: Ո՞րն է այդ ծրագրավորմանը Ադրբեջանին ներգրավելու շարժառիթը կամ հիմնավորումը:

Դեր է խաղացել միայն նրա կոմունիկացիոն ենթակառուցվածքների գրավչությո՞ւնը, թե՞ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում Բաքվին «համակարգաստեղծ կարգավիճակ է վերապահում»: Հարկ է, թերևս, ընդգծել, որ ամերիկյան նախաձեռնության մասին տեղեկությունը տարածվել է ռուս-ադրբեջանական դաշնակցային գործընկերության վերբեռնման որոշումից ընդամենը օրեր հետո, բայց այդ առումով ադրբեջանական մամուլում որևէ անդրադարձ դեռևս հայտնի չէ: