22/04/2026

EU – Armenia

Բաքվում հիստերիա է Բելգիայի եւ Նիդերլանդների որոշումներից

Ապրիլի 16-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատը կարեւոր որոշում ընդունեց՝ սատարելով Հայաստանին եւ Արցախին։ Միաձայն ընդունած բանաձեւն ուղերձ է հղում երեք կարեւոր ճակատներում․

ա) վերադարձի իրավունք․ այն հստակորեն կոչ է անում արցախահայերին՝ վերադառնալու իրենց նախնիների տները՝ ընդգծելով, որ նման քայլը հնարավոր է միայն միջազգային անվտանգության ամուր մեխանիզմի միջոցով

բ) ինքնիշխան սահմանների վերականգնում․ այն պահանջում է ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ պնդելով 2021 թվականի մայիսի 12-ի դրությամբ եղած սահմաններին վերադառնալու վրա

գ) ուշադրություն դարձրեք պատանդների ճակատագրին. այն բարձր մակարդակի ուշադրություն է դարձնում հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների, այդ թվում՝ Բաքվում ներկայում պահվող Արցախի քաղաքական ղեկավարության մարդասիրական ծանր վիճակին:

Համանման մի բանաձեւ էլ ապրիլի 17-ին ընդունել է Նիդերլանդների խորհրդարանը, որը բազմիցս եւ պարբերաբար անդրադառնում է վերոնշյալ խնդիրներին՝ տարբեր հայտարարությունների եւ բանաձեւերի միջոցով կոչ անելով Բաքվին` անհապաղ ազատ արձակել այնտեղ պահվող հայ գերիներին։ Մասնավորապես, մեծամասնությամբ ընդունվել են Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Դոն Սիդերի ներկայացրած երկու միջնորդությունները, չնայած կառավարության բացասական դիրքորոշմանը։

Առաջին միջնորդությունը վերաբերել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին։ Այն կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը՝ իրականացնել նախկինում ընդունված խորհրդարանական որոշումները եւ հստակ քայլեր ձեռնարկել ճանաչման ուղղությամբ։ Միջնորդության մեջ ընդգծվում է, որ Նիդերլանդները Բենիլյուքս երկրների շարքում միակն է, որի կառավարությունը դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Միեւնույն ժամանակ նշվում է, որ նման որոշումը չպետք է պայմանավորված լինի Թուրքիայի հնարավոր արձագանքով կամ Հարավային Կովկասում ընթացող քաղաքական գործընթացներով, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններով։

Հատկանշական է, որ նախարարությունը խորհուրդ էր տվել՝ մերժել միջնորդությունը, սակայն խորհրդարանը գործադիրի առաջարկն անտեսել է եւ ընդունել է այն` լայն աջակցությամբ։
Երկրորդ միջնորդությունը վերաբերել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։

Այն կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը՝ ավելի ակտիվ գործել Եվրոպական Միության շրջանակներում՝ նպաստելու հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պահվող անձանց ազատ արձակմանը։ Խոսքը հատկապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։ Այս միջնորդությունն էլ է ընդունվել մեծամասնությամբ, ինչը վկայում է, որ խորհրդարանում կա լայն համաձայնություն հայկական հումանիտար եւ քաղաքական հարցերի շուրջ։

Բնական է, որ եվրոպական առաջատար երկրների օրենսդիր մարմինների անկաշառ որոշումները պետք է հարուցեին Բաքվի ջղաձիգ արձագանքը, որին թվում է, թե Հայաստանի հետ իր հարցերը լուծել է` հայկական վախվորած իշխանությունների ձեռքով, եւ հիմա վրդովվում է, որ իր հակահայ քաղաքականության դեմ եվրոպական հանրությունն է հանդես գալիս։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Բելգիայի եւ Նիդերլանդների դեսպանների միջոցով խիստ բողոք է հայտնել այդ երկրներին` «նրանց խորհրդարանների կողմից ընդունված հակաադրբեջանական փաստաթղթերի վերաբերյալ, որոնք ազդում են երկրի ինքնիշխանության եւ Հայաստանի հետ խաղաղության գործընթացի վրա»։

Բաքվում հայտարարել են, որ «այս փաստաթղթերը հիմնված են լիովին կեղծ եւ անհիմն գնահատականների վրա»։ Հերթական անգամ խեղաթյուրելով պատմությունն ու իրականությունը՝ հերքել են «Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեղադրանքները եւ հայկական ծագում ունեցող անձանց (խոսքը Բաքվում պատանդառված ու շինծու մեղադրանքներով դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու հայ մյուս գերիների մասին է՝ խմբ․) անօրինական ազատազրկման մասին պնդումները»։ Հարեւան երկրում ավելի հեռուն են գնացել․ Միլի մեջլիսում նույնիսկ կոչ են արել լուծարել Բելգիայի եւ Նիդերլանդների հետ միջխորհրդարանական աշխատանքային խմբերը։

Ինչ վերաբերում է Բրյուսելի եւ Ամստերդամի որոշումներին, ապա դրանք վկայում են, որ այդ երկրների խորհրդարաններում կա լայն համաձայնություն՝ հայկական հումանիտար եւ քաղաքական հարցերի շուրջ։ Այս քայլերը կարող են կարեւոր ազդակ հանդիսանալ թե՛ եվրոպական, թե՛ միջազգային հարթակներում հայկական հարցերի հետագա քննարկման եւ առաջխաղացման համար։ Եվ սա ի հեճուկս ՀՀ ներկայիս իշխանությունների՝ հենց այս հարցերում որդեգրած ապազգային ու հանցավոր դիրքորոշման։