24/04/2026

EU – Armenia

Մեր ուժերն ենք գնահատում, այնպես չէ, որ պարապ նստած ենք. «Հայաքվե»

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը նախաձեռնություն էր, որն իրականացնում էր ընտրությունների դիտարկում Հայաստանի համայնքներում (օրինակ՝ Վաղարշապատ, Գյումրի)՝ արձանագրելով ընտրակեղծիքներ, կուտակումներ եւ կրկնակի քվեարկության դեպքեր։

Հրապարակ թերթը գրել է․ Առաքելությունը հանդես էր գալիս մամուլի ասուլիսներով եւ տեսանյութերով՝ ներկայացնելով խախտումների մասին զեկույցներ։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ե՞ւս «Հայաքվեն» դիտորդական առաքելություն է իրականացնելու՝ հարցրինք «Հայաքվեից» Արամ Պետրոսյանին։ «Չեմ կարող ասել, որոշում չունենք վերջնական։ Հատուկ մեր մասով օրենք ընդունեցին, Ազգային ժողովում «Հայաքվե» ասելով ման էին գալիս, իրենց Մանավազյանն ասում էր՝ պատկերացնո՞ւմ եք, բացում եք «Հայաքվեի» էջը, գրված է՝ կանխել Հայաստանի կապիտուլյացիան, թե էդտեղ ինչն էր զարմանալի, չգիտես։ Նախապատրաստական, պատրաստական աշխատանքներ ենք տանում, երբ վերջնական որոշումներ ունենում ենք, ասուլիս ենք տալիս։ Մեր ուժերն ենք գնահատում, այնպես չէ, որ պարապ նստած ենք, ձեւաչափն ինչ ֆորմատով կլինի, չեմ կարող ասել»,- ասաց Պետրոսյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառում․ «8 տարի չէին բարձրացնում թոշակները, եկավ վերջին օրը, բարձրացրին, տեսե՞լ եք՝ Կենտրոնում մայթ ու փողոց չկա, որ չեն վերանորոգում, նույնը՝ համերգների մասով։ Իր ավել-պակաս խոսելու հետ կապված (նկատի ունի «շունուշանգյալ» արտահայտությունը)՝ մեր վարչության մի քանի անդամներ հաղորդում են ներկայացրել, ես էլ արդեն հայց եմ պատրաստել, որպեսզի դիմեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որպեսզի վարույթ հարուցեն։ Այդ մարդը չի գիտակցում, որ հայ ժողովրդի վարչապետն է, ի՞նչ անենք, իր կրթությա՞մբ էլ զբաղվենք, պետք է հեռացնել իրեն՝ պրծնել»։

«Հրապարակ»․ Այդ մարդը չի գիտակցում, որ վարչապետ է, ի՞նչ անենք, իր կրթությա՞մբ էլ զբաղվենք