Եվրոպայի ժողովրդավարական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթաժողովին ընդառաջ Եվրահանձնաժողովը վերջնականապես համաձայնեցրել է Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը:
Հունգարիան և Սլովակիան «վետոն հանել» են, երբ Ուկրաինան վերականգնել է այդ երկրներին «Դրուժբա» խողովակաշարով ռուսաստանյան նավթի մատակարարումը: Եվրահանձնաժողովը նաև հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քսաներորդ փաթեթը:
Ի՞նչ նոր սահմանափակումներ են կիրառվելու ՌԴ նկատմամբ, առայժմ մանրամասնություններ հատնի չեն:
Բաքվի իշխանական մամուլը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը «ադրբեջանական հինգ լցանավերի նկատմամբ կիրառված պատժամիջոցները հանել» է: Խոսքը «վարձակալությամբ այլ երկրների հանձնած» լցանավերի մասին է, որ ԵՄ կողմից ենթարկվել են պատժամիջոցների՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս կազմելու և նավթի ապօրինի արտահանում իրականացնելու համար: Ակնհայտ է, որ Եվրահանձնաժողովի այդ որոշումը քաղաքական է:
Բաքվի իշխանական haqqin.az-ը, հղելով ուկրաինական լրատվամիջոցին, գրել է, որ Վլադիմիր Զելենսկին «պատրաստվում է այցելել Ադրբեջան»: Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում կայացել է Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում:
Վերջերս Վլադիմիր Զելենսկին այցելել է Թուրքիա: Ըստ տեղեկությունների, Թուրքիան և Ուկրաինան «ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության պայմանագիր են քննարկում»:
Ապրիլի 23-ին Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ծրագրում է «համագործակցել Կովկասի հետ»: Ըստ երևույթին, խոսքը Ադրբեջանի մասին է, որ, սակայն, ապրիլի 15-ին Ռուսաստանի հետ վերականագնել է ռազմավարական դաշնակցային գործընկերությունը: Զելենսկին ասել է, որ Ուկրաինան «ոչ միայն դրոններ է առաջարկում, այլև պաշտպանության լիարժեք համակարգ»:
Ադրբեջանի հակաօդային պաշտպանության միջոցները խորհրդային-ռուսաստանյան և իսրայելական են: Պարսից ծոցի արաբական երկրների դեմ Իրանի հրթիռային և դրոնային հարձակումները բացահայտել են ամերիկյան ՀՕՊ համակարգերի ոչ այնքան բարձր արդյունավետությունը:
Նույնը կարելի է ասել իսրայելական «Երկաթե գմբեթի» մասին: Եթե Ադրբեջանը ընդունի Զելենսկու առաջարկությունը, ապա կնշանակի, որ Իրանից դրոնային հարձակման ենթարկվելու մտավախություն ունի:
Բայց Ուկրաինա-Ադրբեջան անվտանգային համագործակցությունը կարող է աշխարհաքաղաքական ենթատեքստ ունենալ: Ըստ երևույթին, ադրբեջանական «ստվերային նավատորմի» լեգալացմամբ Եվրամիությունը Բաքվին ավելի առարկայական «գործարք» է առաջարկում:

Բաց մի թողեք
Գորիսի ՔՊ-ական համայնքապետ Առուշ Առուշանյանը Ավինյանից շատ խորհրդական, օգնական ու տեղակալներ ունի
Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը․ Լուսանկար
Մեծ Բրիտանիայի վարչապետ. Տեխնոլոգիական խոշոր ընկերությունները պետք է սահմանափակեն երեխաների համար նախատեսված անպարկեշտ բովանդակությունը