10/06/2026

EU – Armenia

Վրաստանում ընդդիմությունը եվրոպամետ է, իսկ Հայաստանում՝ ոչ

Մամուլում և սոցիալական հարթակներում քննարկվում է հետընտրական հնարավոր զարգացումների մի քանի սցենար, բայց, կարծես, ամենատարածված մոտեցումն այն է, որ «ընդդիմությունը պետք է մանդատներից հրաժարվի, իշխանության ճգնաժամ ստեղծի և փողոցի գեներացման միջոցով հասնի իշխանափոխության»։

Վրաստանում եվրոպամետ ընդդիմությունը հիմնականում բոյկոտում է խորհրդարանը, բայց դա չի խանգարել, որ այն ձևավորվի, ընտրի ղեկավար մարմիններ, նշանակի վարչապետին և ձևավորի կառավարություն, ինչպես նաև ընտրի երկրի նախագահին։

Այս իրավիճակում անգամ «Վրացական երազանքի» քննադատ եվրոպական որևէ կառույց Վրաստանի իշխանություններին «ոչ լեգիտիմ» չի ճանաչել։ Հայաստանի հետընտրական իրավիճակը վրացականին նման է նրանով, որ երկու դեպքում էլ իշխող ուժին չի հաջողվել խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ապահովել։

Իսկ էական տարբերությունն այն է, որ Վրաստանում ընդդիմությունը եվրոպամետ է, իսկ Հայաստանում՝ ոչ, հիմնականում ռուսաստանյան կողմնորոշում ունի և վայելում է ՌԴ իշխանությունների նաև տեղեկատվա-քարոզչական աջակցությունը։

Ավելին, եթե որեւէ մասնագետ լեզվա-ոճական ուսումնասիրություն կատարի, ապա կպարզվի, որ խորհրդարանական ընտրություններին Հայաստանի ընդդիմության և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տված գնահատականը սկզբունքորեն կազմված է նույն կամ սկզբունքորեն համարժեք քաղաքական հայացքով, իսկ բառապաշարը, ենթատեքստային կամ բաց ակնարկները գրեթե նույնական են։

Դժվար է պատկերացնել, որ ՌԴ ԱԳՆ-ում օգտվում են Սամվել Կարապետյանի կամ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ծառայությունից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխարհի տասնյակ առաջնորդներից շնորհավորական ուղերձներ է ստացել։ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փորձառու մեկնաբան Վադիմ Դուբնովը այդ շարքում կարեւորել է Ղազախստանի նախագահի շնորհավորանքը և արդարացիորեն ընդգծել, որ Տոկաևի այդ քայլը վկայում է, որ ԵԱՏՄ Աստանայի գագաթաժողովում Հայաստանին վերաբերող հայտարարությունը «ընդունվել է Ռուսաստանի ճնշման տակ»։

Դուբնովը նման կարծիք հայտնել է, երբ հայտնի չէր, որ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաև Իրանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Աբաս Արաղչին։

Պաշտոնական Թեհրանի արձագանքը չափազանց կարևոր է և վկայում է, որ Իսլամական հանրապետությունը, չնայած Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը, կարևորում է Հայաստանի հետ ավանդական համագործակցությունը և այն զարգացնելու պատրաստակամություն հայտնում։

Հայաստանյան ընդդիմությունը մանավանդ TRIPP նախագծի առումով մշտապես շեշտում է Իրանի «ազգային շահերը անտեսելու, Սյունիքում հակաիրանական հենակետ ստեղծելու» հանգամանքը։

Արաղչիի ուղերձը, իհարկե, Թեհրանի «անհանգստությունները» օրակարգից չի հանում, բայց նախանշում է փոխվստահության վրա կառուցվելիք երկխոսություն, որ թույլ կտա հասնել կողմերի համար ընդունելի և շահեկան համաձայնությունների։

Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ ԱՄՆ պետքարտուղարի Երևան այցից, հայ-ամերիկյան կարևոր համաձայնություններից հետո Իրանի արտգործնախարարի շնորհավորանքը պաշտոնական Երևանի և վարչապետ Փաշինյանի արտաքին քաղաքականության առնվազն ըմբռնման դրսեւորում է, որ մեծ մասով չեզոքացնում է Հայաստանի ընդդիմության «իրանապաշտ» քարոզչության քաղաքական ազդեցությունը։