10/06/2026

EU – Armenia

Հայաստան – Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալացումը Ռուսաստանին ոչ մի առումով ձեռնտու չէ

Անցած ընտրությունների մասին ամենաանկեղծ և դիպուկ արտահայտվել է ընդդիմադիր հանրային գործիչներից մեկը։ Նա ֆեյսբուքում գրել է, որ բոլորն էլ գիտեին, որ ընդդիմության առաջնորդների խոստումները «օդ» են, իսկ նրանց օգտին քվեարկելով՝ մարդիկ առաջնորդվել են Նիկոլ Փաշինյանին «վնաս հասցնելու» ցանկությամբ։

Նա, իհարկե, այս արձանագրումը համեմել է «ուռա-հայրենասիրական» և «մի ողջ ժողովրդի խաբվածության քնարական զեղումներով», բայց նրա բուն ասելիքը այն է, որ ընդդիմությանը ավելի քան չորս հարյուր հազար քվեները քաղաքական առումով «օճառի պղպջակ» են։

Սա ծանր խոստովանություն է, բացահայտում, որ «եռաֆազ» ընդդիմությունը Հայաստանի ապագայի որևէ հայեցակարգ չունի, միայն մի նպատակ է հետապնդել՝ քարոզչական ձեռնածություններով, խաբեությամբ և կաշառքով ստանալ ընտրողների մեծամասնության քվեն և Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։

Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, նրանք պիտի անեին այն, ինչ կթելադրեր Մոսկվան՝ լավագույն դեպքում փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի մակարդակով։

Անցած երկու օրերին, որքանով հասկացվում է, ընդդիմության առաջնորդները քննարկում են հետընտրական մարտավարությունը։ Խոսվում է նաև «փողոցը գեներացնելու անհրաժեշտության» մասին։ Հունիսի լույս 8-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հետընտրական «անկարգությունները» բացառել է։

Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է ոչ միայն իրավապահ համակարգի նկատմամբ վստահությամբ, այլև՝ քաղաքական հաշվարկով, եթե քաղաքացին ընդդիմության օգտին քվեարկել է գումարի կամ խոստման դիմաց, կամ ցանկացել է Փաշինյանին վատություն անել, ապա հենց ընտրատեղամասում էլ նա համարել է, որ պարտքը կատարել է, այլևս անելիք չունի։

Ինչո՞ւ։ Որովհետև նա գիտի, որ ընդդիմության խոստումները «օդ» են։ Այդ համոզմունքով քվեարկած քաղաքացին, բնականաբար, ընդդմիության կոչով փողոց դուրս չի գա։ Արդյունքում ստացվում է, եթե պատկերավոր ասվի, որ քաղաքացու քվեն ոչ թե ԴՕԿ կուսակցությունը կամ ՀԱԿ-ը և մյուսներն են փոշիացրել, այլ՝ «եռաֆազ» ընդդիմությունը։

Մեծագույն վնասը, որ Հայաստանին հասցվել է Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և «նրանց հարող» Արման Թաթոյանի ձեռքով, դա է՝ քաղաքական համակարգի խեղաթյուրումը, քաղաքակրթական ընտրության նենգափոխումը։

Այս իրողությունը հասկանալու համար բավական է նայել Ռուսաստանի պաշտոնական մամուլի վերնագրերը․ բոլորը արձանագրում են, որ Նիկոլ Փաշինյանը «սահմանադրական մեծամասնություն չի ստացել»։

Հասկանալի է, թե ինչ է նկատի առնվում։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալացումը Ռուսաստանին ոչ մի առումով ձեռնտու չէ։

Ընդդիմությունը իր սեւ գործն արել է: Հայաստանի մոտ կես միլիոն քաղաքացի խաբեությամբ զրկվել է երկրի ապագան որոշելու իրավունքից։ Այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է։