Այս տարի Քաղաքացու օրը նշեցին ապրիլի 25-ին «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնի անցկացմամբ։
Փառատոնի շրջանակում նախ ցերեկվա ժամերին խորոված փարթի էր կազմակերպվել՝ Ամիրյան փողոցում սննդի ավելի քան 50 տաղավարների տեղադրմամբ, իսկ երեկոյան տեղացի և արտերկրից հրավիրված փոփ աստղերի մասնակցությամբ համերգով եզրափակվեց իշխանության՝ մեր տոնացույցում ընդգրկած օրը։
Փառատոնի կազմակերպիչն էր «Դոմինո փրոդաքշնը», իսկ հովանավորը՝ «Ֆասթ» բանկը։ Ինչպես տեղեկանում ենք «Դոմինո փրոդաքշնի» ֆեյսբուքյան էջից՝ Ամիրյան փողոցում տաղավարներ էին տեղադրել երևանյան մի շարք թանկարժեք ռեստորաններ և ընկերություններ՝ «Frank by basta»-ն, «Tornado Potato»-ն, «Sizzle»-ը, «Let’s Meat Here»-ը, «Gine’»-ն, «Lemomchella»-ն, «Gletcher»-ը, «Bootleggers»-ը, «Dilijan»-ը, «Ijevan»-ը, «Kotayk»-ը, «Myrt Yerevan»,-ը, «Hask beer»-ը, «Darbin wine»-ը, «Dahook craft beer»-ը, «Baffles Yerevan»-ը, «Dargett»-ը և մի շարք այլ ընկերություններ, որոնք իրենց արտադրանքը պարզապես վաճառքի էին դրել և բավականին թանկ գներով։
Եվ զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանի հրավերով փարթիին ներկայացած քաղաքացիները դժգոհ էին գներից, մանավանդ, որ նրանց մոտ վարչապետի հրավերը թյուր կարծիք էր ձևավորել, թե խորովածը և մնացած սնունդն անվճար են բաժանվելու։ Դե մեծահոգի վարչապետից քաղաքացիները այլ վերաբերմունք չէին սպասում․ եթե հրավիրում է, ուրեմն հյուրասիրությունն իրենից պետք է լինի։ Բայց մեծ էր նրանց հուսահատությունը, երբ ժամանելով Ամիրյան փողոց՝ ծանոթացան գներին, և նրանց ախորժակն անմիջապես փակվեց, չնայած շատերն առավոտից ախորժակ էին պահել։
Մեր տեղեկություններով՝ ոմանք անգամ սուպերմարկետներից շատ ավելի մատչելի կարկանդակներ էին գնել ու կերել, որպեսզի մինչև երեկոյան համերգը սոված չմնան։ Իսկ խորովածները, քաբաբներն ու սթեյքերը մեծ մասամբ այդտեղ գտնվող զբոսաշրջիկներն ու կառավարության ներկայացուցիչներն են վայելել։
Անգամ թոշակառուները, որոնց թիվը զգալի էր խորոված-փարթիի մասնակիցների մեջ, չնայած թոշակների աննախադեպ բարձրացմանը, ի վիճակի չէին իրենց թույլ տալ 1 600 դրամով քաբաբ կամ 2500 դրամով խորոված գնել, ուր մնաց շատ ավելի թանկ գներով համադամներ ճաշակել։ Օրինակ՝ 6 000 դրամով սթեյք։
Տեղին է հիշել հայտնի ֆիլմի՝ «ես ասեցի՝ գնանք հաց ուտենք, չասեցի՝ գնա՛նք հաց ուտենք» արտահայտությունը։ Փաշինյանի ասածն էլ, երևի նույն տրամաբանությամբ, նրա հրավերն ընդունողները ճիշտ չեն ընկալել։
Փառատոնի հովանավորը այս դեպքում, կարելի է ասել, արջի ծառայություն է մատուցել իշխանություններին՝ ժողովրդին անվճար հյուրասիրելու հարցում ժուժկալություն դրսևորելով։ Կարող էր համերգից բացի նաև որոշակի խորհրդանշական քանակությամբ սննդի համար վճարել ռեստորանատերերին, որպեսզի խորոված փարթին չձախողվեր ու չվերածվեր սովորական առևտրի։ Այդ գներով մարդիկ կարող էին նաև ռեստորան գնալ ու քաղաքակիրթ ձևով հաց ուտել։
Իսկ անվճար սննդի դեպքում Փաշինյանի՝ օրեցօր կորսվող վարկանիշը կարող էր գոնե մի քիչ դանդաղեցնել անկման տեմպերը։ Չի բացառվում, որ մարդկանց վրա սնունդը թանկ գներով վաճառելու հանգամանքը վատ նստվածք թողնի պոտենցիալ ընտրողների մոտ։
Ի դեպ, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը խիստ վրդովվել է այն բանից, որ լրատվամիջոցները ՔՊ-ականների համար հիշարժան օրվա մասին անդրադարձերում օգտագործել են վարչապետի բառապաշարը՝ սննդի փառատոնն անվանելով խորոված փարթի։
Հենց այդպիսի բառերով է Նիկոլ Փաշինյանը բնորոշել ապրիլի 25-ին նախատեսված միջոցառումը և մարդկանց հրավիրել դրան մասնակցելու։ Իսկ լրատվամիջոցներն ընդամենը մեջբերել են Քաղաքացու օրվա «մեղավորի» խոսքերը։

Բաց մի թողեք
Երբ է լուծվելու հեղուկ գազի խնդիրը
Հայտնի է Էրեբունի վարչական շրջանում՝ «Հայ փոստ»-ի դիմաց, քաղաքացու մահվան պատճառը
ԼՂ-ից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել Հրազդանում. Տեսանյութ, Լուսանկար