Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարանների առարկայական վերանայված չափորոշիչների, ծրագրերի նախագծերը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Հանրակրթության պետական չափորոշիչն ամբողջությամբ ներդրված է Տավուշի մարզում, ինչպես նաև Հայաստանի բոլոր դպրոցներում՝ բացառությամբ 12-րդ դասարանի։ Նախագծով նախատեսվող փոփոխություններից մեկը վերաբերում է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառին։
Գործող «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացի բովանդակության վերլուծությունը նախարարությանը ցույց է տվել, որ այն հիմնականում ուղղված է ռազմամարզական պատրաստության ձևավորմանը, մինչդեռ սահմանափակ չափով է ապահովում սովորողների կարողությունները արտակարգ իրավիճակներում գործելու, պետական, տեղեկատվական, անհատական և կոլեկտիվ անվտանգության հարցերում, ինչպես նաև առօրյա կյանքում հանդիպող ռիսկերի կանխարգելման և դրանց արձագանքման ուղղություններով։
Հաշվի առնելով դա՝ նախատեսվում է ընդլայնել առարկայի ուսումնասիրման շրջանակը և 8-րդ դասարանում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան փոխարինել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով՝ այն ներդնելով 5-րդ դասարանից։ Սա կապահովի արտակարգ իրավիճակներին (այդ թվում՝ բնական, տեխնածին, համաճարակային և ռազմական) արձագանքման վերաբերյալ գիտելիքների և կարողությունների փուլային ձևավորում։ Առարկայի գործնական բաղադրիչը նախատեսվում է խորացնել ավագ դպրոցում՝ ուսումնական ճամբարների շրջանակում։
Մյուս կողմից՝ առարկայական չափորոշիչների և ծրագրերի կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ անհամադրելիություններ, մասնավորապես՝ տարբեր առարկաների ծրագրերում նույն թեմատիկ միավորներին կամ հասկացություններին վերաբերող նյութի ժամանակագրական անհամընկնումներ (երբ տվյալ նյութը ոչ հիմնական առարկայում ուսուցանվում է ավելի վաղ, քան համապատասխան հիմնական առարկայում), ինչպես նաև տարբեր առարկաների շրջանակում նույնաբովանդակ նյութի կրկնություններ։
Առկա է նաև ուսումնական բովանդակության բեռնվածության անհամաչափություն, ինչը որոշ դեպքերում սահմանափակում է սովորողների կողմից հիմնական և առանցքային կարողությունների խորացված ձևավորումը։ Բացի այդ, առանձին առարկաների բովանդակության մեջ բավարար չափով ընդգրկված չեն միջառարկայական կապերը և ժամանակակից հասարակական ու անվտանգության մարտահրավերներին վերաբերող բաղադրիչները։
Նշվում է, որ հատուկ ուշադրության կարիք ունի «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացի բովանդակությունը, որը հիմնականում կենտրոնացած է ռազմամարզական պատրաստության վրա և բավարար չափով չի ապահովում սովորողների պատրաստվածությունը ժամանակակից բազմաբնույթ արտակարգ իրավիճակներում գործելու համար՝ ներառյալ բնական, տեխնածին, համաճարակային, տեղեկատվական և ռազմական բնույթի ռիսկերին արձագանքումը։
Ժամանակակից հասարակության զարգացման պայմաններում հանրակրթության համակարգը կոչված է ոչ միայն ապահովելու սովորողների ակադեմիական գիտելիքները, այլև ձևավորելու առողջ, պատասխանատու և սոցիալապես գիտակից քաղաքացի։
Այս համատեքստում «Առողջ ապրելակերպ» կրթական բաղադրիչը ներդրվեց հանրակրթության պետական չափորոշչով՝ սկզբնական փուլում որպես պարտադիր խմբակ, սակայն 2026–2027 ուսումնական տարվանից նախատեսվում է ներդնել այն որպես պարտադիր առարկա։
«Առողջ ապրելակերպ» առարկայի հիմնական նպատակը սովորողների մոտ առողջությանը վերաբերող գիտելիքների, արժեքների և վարքագծային հմտությունների ձևավորումն է։

Բաց մի թողեք
Ինչ է հայտարարգրել տարիների ընթացքում աճ գրանցած ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը
Կառավարությունը «Made in Armenia» ծրագիրը տապալել է. փաստաթուղթ
Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու