ԵՊՀ-ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հիմնական մի քանի հոդվածներին, մասնավորապես` բուհի Արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման թեմային:
Նշել են, որ սա բուհի բարեփոխումների շրջանակում է արվում, ամբիոնը փոքր ծանրաբեռնվածություն ունի եւ այլն: Մի քանի պնդումներ կան այդ հաղորդագրությունում ամբիոնի վարիչի ԺՊ Անուշ Սեդրակյանի մասին: Մասնավորապես, ասվում է, որ դեռ ձմռանն են Սեդրակյանին տեղյակ պահել, որ ամբիոնը լուծարվելու է, ապա հավելել են, որ ամբիոնի վարիչի պահանջներին երկարամյա դասախոս Անուշ Սեդրակյանը չի համապատասխանել, սակայն քանի որ Սեդրակյանը խնդրանքով է դիմել բուհի ղեկավարությանը, մեծահոգաբար ընդառաջել են նրան` թողնելով, որ պաշտոնավարի ամբիոնի վարիչի ԺՊ-ի պաշտոնում: Ավելին, ըստ հաղորդագրության, Անուշ Սեդրակյանը բուհի ղեկավարությանը ասել է, որ ամբիոնի վարիչի կարգավիճակն իրեն անհրաժեշտ է արտերկրում գործունեություն ծավալելու նպատակով:
Անուշ Սեդրակյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, պնդում է, որ հենց իր անձով է պայմանավորված բուհի ամենահին ամբիոններից մեկը լուծարելու որոշումը: Նրա խոսքով` ինքը պատրաստ է հեռանալ Երևանի պետական համալսարանից, միայն թե ամբիոնը չլուծարվի, այլ շարունակի իր աշխատանքը:
Սեդրակյանը, անդրադառնալով այն հայտարարությանը, որ իրեն դեռ ձմռանն են տեղեկացրել ամբիոնը լուծարելու մասին, պնդում է, որ նման բան չկա, իրեն ոչ ոք տեղյակ չի պահել, չի ծանուցել, այլ ուղղակի ասեկոսեների մակարդակում ինչ-որ խուսակցություններ է լսել. «Նախ ասեմ, որ փոխել են գիտական կարգը, և նոր փոփոխության համաձայն` պարտադիր է «Սկոպուս» ամսագրում գիտական հոդվածի հրապարակումը: Ես չունեի ամսագրում հոդված, քանի որ այն ոչ միայն ժամանակային առումով է դժվար, այլև` ֆինանսական: Գումարի խնդիր կար, չեմ կարողացել հրապարակել, այդքան մի բան: Ի դեպ` կարգը փոխվել էր իմ դիմելուց ուղիղ երկու ամիս առաջ: Այստեղ շատ կարևոր է նշել մի հանգամանք. Եթե ինչ-որ մեկը իմ փոխարեն կարողանար «Սկոպուս» ամսագրում գիտական հոդված հրապարակեր, ապա ավտոմատ իմ փոխարեն ինքն էր դառնում ամբիոնի վարիչ, սակայն ոչ մեկը չի դիմել: Ինձ ի սկզբանե հենց այդպես էլ բացատրեցին, ես ասացի` շատ լավ: Ինչ վերաբերում է նրան, որ ես այս որոշման մասին ձմռանն եմ իմացել, ապա ասեմ, որ նման բան չկա: Ներքին խոսակցություններ են եղել, ի դեպ` ոչ իմ ներկայությամբ: Մարդիկ շատ բան կարող են խոսել, մասնավոր ամեն մի զրույց հի՞մք է որպես բացարձակ ճշմարտություն ընդունելու համար: Վեց տարի է շշուկներ կան, որ մեր ամբիոնն էլ կարող է լուծարվի, բայց չի լուծարվել: Դրսի ծրագիրն էլ` համատեղ Լյուքսեմբուրգ-Երևան ծրագիր բերելը նկատի ունեն: Համատեղ ծրագրի մասին են խոսում, այդքան բան: Ես վստահաբար ասում եմ, որ ԵՊՀ-ի որոշումը իմ անձով է պայմանավորված, բայց ես րոպե առաջ կհեռանամ համալսարանից, ամբիոնը չի կարելի փակել»:

Բաց մի թողեք
ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է պարտականությունները դադարեցնելու մասին
Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի
Աշակերտներին ծեծել է, վիրավnրել. հայտնաբերվե՞լ է ուսուցիչը, մանրամասներ