12/05/2026

EU – Armenia

Դատախազությունը 2025-ին Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն

2025 թվականի հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազություն է ուղարկել Նվեր Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու մասին միջնորդություն:

2025 թվականի նոյեմբերի 14-ին ստացվել է Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության գրությունն այն մասին, որ հանձնման մասին միջնորդությունը կքննարկվի կիրառելի միջազգային պայմանագրի հիման վրա Բելառուսի Հանրապետության տարածքում նրան հայտնաբերելուց և ձերբակալելուց հետո:

Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք նաև, որ Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հունվարի 24-ին տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան են հանձնվել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ, Ն. Ծ.-ի անվտանգության աշխատակիցներ Մ. Ս.-ի, Գ. Դ.-ի և Դ. Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթից անջատված նյութերը:

Ն. Ծ.-ի անվտանգության աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 2025 թվականի հունվարի 13-ին՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելը), ինչպես նաև 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարող անձին աջակցելը):

Դատախազը Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում՝ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն. Ծ.-ի անվտանգության ևս երկու աշխատակցի՝ Ա. Ա.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով և 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական վարույթից Ա. Ա.-ի վերաբերյալ անջատված մասը՝ դատախազի հաստատած մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի հոկտեմբերի 31-ին հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ա. Մ.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանում ելույթ ունենալիս անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի՝ Լուկաշենկոյի նկատմամբ ունեցած վերաբերմունքին. «Մեկը կա, մեծ-մեծ խոսում ա, Բելառուսի նախագահին ա պաշտպանում ՀՀ-ում: Տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքում կրակել ա ու հիմա փախած ա: Բռնելու ենք, բերենք նստեցնենք: Լակո՛տ, չես փախնելու, հերդ էլ չի փրկելու, Ռոբիկ հորեղբայրդ էլ։ Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք»։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը FactorTV-ի լրագրողի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչած քննադատություններին՝ նշելով, որ անձամբ չի լսել, բայց իրեն տեղեկացրել են։

Հարցին՝ արդյոք իր որդին կվերադառնա՞ Հայաստան, Ծառուկյանը պատասխանել է. «Այո, ինքը էնտեղ գործերով զբաղված ա, կավարտվի ամսի 7-ից հետո, անպայման կգա»։

Դիտարկմանը, թե հույս ունեն, որ մինչ այդ իշխանափոխությո՞ւն կլինի, հավելել է. «Դա Աստծո կամոք, որը բարին ա՝ կկատարվի»։

Հարցին՝ բայց, ի վերջո ինչու չի վերադառնում նա ՀՀ, Ծառուկյանը նշել է․ «Գնա տղայիս հարցրու՝ խի չի գալիս, օրենքի առաջ բոլորը պետք է պատասխան տան, ով կրակել ա, ես դրան կողմնակից եմ»։

Ինչու Ծառուկյանը չքննադատեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Ադրբեջանին շնորհավորելու համար՝ հարցին ի պատասխան, Ծառուկյանն ասել է․ «Նա իմ ընկերն է, և ընկերությունը պետական աշխատանքի հետ պետք չի խառնել իրար։ Նա մեր, իմ հարգարժան մարդն ա և իմ երկրի համար ամեն հարցով պատրաստ ա եղել, որն էլ պետք ա, արել ա»,- արձագանքեց Գագիկ Ծառուկյանը։