Հայաստանի իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքները, թե նրանք պատրաստ են տուրք տալ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցնելու վերաբերյալ Բաքվի պահանջներին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սրիկայություն է անվանել։
Ադրբեջանցի, այսպես կոչված, փախստականների վերադարձի օրակարգը Արարատ Միրզոյանի սիրելի բարեկամ Իլհամ Ալիևն է ստեղծել։ Եվ ոչ միայն օրակարգը։ Ալիևը լրջորեն պատրաստվում է իր այդ նախաձեռնության իրականացմանը՝ փախստականների հստակ ցուցակներ կազմելով, մարդկանց հավաքագրելով, որոնք պատրաստ են վերադառնալ իրենց կամ իրենց նախնիների երբեմնի բնակավայրեր, որոնք գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, միջազգային հարթակներում այդ հարցը բարձրաձայնելով՝ իրավական համապատասխան գործընթացներ սկսելով։
Նաև սահմանամերձ գյուղերի բնակիչներն են անհագնստություն հայտնում՝ նշելով, որ իրենց գյուղերում մարդիկ են շրջում, որոնք փորձում են պարզել, թե այդտեղ ժամանակին քանի ադրբեջանցի է բնակվել, ո՞ր տներում են նրանք ապրել, կա՞ն արդյոք հիմա այդ տները, ովքե՞ր են բնակվում այնտեղ։ Ինչ խոսք, այս գործընթացը հստակ կարծիք է ձևավորում, որ ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ սկսվել է ՀՀ բնակավայրերում ժամանակին բնակություն հաստատած ադրբեջանցիների ունեցվածքի գույքագրումը՝ հավանաբար դրանք «ներգաղթած» ադրբեջանցիներին վերադարձնելու համար։ Ակնհայտ է, որ Արցախն Ադրբեջանին հանձնելուց առաջ ՔՊ-ականները նույնպիսի մեծամտությամբ ու սրտացավությամբ էին խոսում Արցախի ու Արցախի բնակավայրերի մասին, թե «Աղդամն իմ հայրենիքն է» և այլն, և այլն։ Իսկ Արցախը հանձնելուց հետո, երբ լրագրողները նրանց հիշեցնում են այդ մասին, այդ նույն մարդիկ չեն վարանում հայտարարելու, թե իրենք սխալվել են, մարդը սխալվելու իրավունք ունի։ Ուրեմն ի՞նչն է այդ սխալական մարդկանց խանգարելու ավելի ուշ չքմեղանալու, թե նորից լեզվի սայթաքում է եղել։
Այնպես որ Արարատ Միրզոյանի զայրույթն ու սրտնեղությունը հիմք չէ, որ մտածենք, թե ինչու ենք անմեղ տեղը զրպարտում իշխանություններին, նրանք այդ քայլին ոչ մի գնով չեն գնա, չէ՞ որ քարոզարշավի օրերին էլ Փաշինյանը շրջում է մարդկանց մեջ ու նրանց կրծքներին փակցնում ինքնիշխան ու սահմանային ամբողջականությամբ պաշտպանված Հայաստանի քարտեզը։ Այն նույն Փաշինյանը, որը Ստեփանակերտի հրապարակում հավաստիացնում էր, թե «Արցախը Հայաստան է ու վերջ» և այդպիսով մարդկանց սրտերում հույս արթնացնում, թե հենց ինքն է լուծելու Արցախի ինքնորոշման հարցը։ Գուցե այն ժամանակ մեր աչքից վրիպել էր ինչ-որ մանրուք, դետալ, որը կմատներ Փաշինյանի իրական մտադրությունների մասին, այլ ոչ թե ականջալուր կլինեինք մեզ հաճո նրա հայտարարություններին։ Բայց այսօր Արարատ Միրզոյանի հավաստիացումների ծուղակը չընկնելու հազար ու մի փաստարկներ կան։
Դրանցից թերևս ամենահամոզիչը շատ ավելի վաղ Հայաստանի ինքնիշխան տարածքում իբրև թե գոյություն ունեցող ադրբեջանական անկլավների մասին Փաշինյանի և նրա ենթակաների հայտարարություններն են, որոնցով էլ հարկավոր է կողմնորոշվել ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ մեր իշխանությունների ունեցած դիրքորոշման հարցում։ Դեռ 2022 թվականի մայիսի 5-ին Փաշինյանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն, անդրադառնալով ընդդիմության կողմից բարձրաձայնված անկլավների հնարավոր փոխանակման թեմային, նշել էր, թե ընդդիմությունն ընդհանրապես շարունակական, կարելի է ասել, անհիմն հայտարարություններ է անում, ինչն իրականության հետ մեծ աղերս չունի։
Արմեն Գրիգորյանը հավելել է, թե այդ պահի դրությամբ անկլավների հարց չի բարձրացվել, քանի որ երկու կողմից էլ անկլավ կա։
«Գիտեք որ և՛ Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, և՛ Հայաստանի տարածքում կան անկլավներ, և նրանց տարածքները գրեթե հավասար են։ Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այն դեռևս չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։
Մեկ տարի հետո Ազգային ժողովում ՀՀ տարածքում դե յուրե անկլավներ լինելու մասին հայտարարություն արեց Փաշինյանը։ «Հայաստանը և Ադրբեջանը քաղաքական մակարդակում փոխադարձաբար ճանաչել են անկլավների գոյությունը, սակայն իրավական մակարդակում այս հարցով որևէ վերջնական համաձայնություն չկա։ Անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց։ Օրինակ՝ 1999 թվականի տարածքների փոխանակման փաստաթղթերի մեջ հոդվածներից մեկը նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի անկլավներին։ Հարցն ունի իրավական և քաղաքական կողմ։ Քաղաքական մակարդակում Մյունխենում և Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցությունը, որ մենք փոխադարձաբար ճանաչել ենք անկլավների գոյությունը, այսինքն, որ կա Արծվաշեն, որը պատկանել է և պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և անկլավներ, որոնք Հայաստանի տարածքում են, որոնք պատկանել են Ադրբեջանին։
Եվ, այո, քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք, և ես ասել եմ, որ իրավական մակարդակում մենք լրացուցիչ հարցեր ունենք առնվազն նրանցից մի քանիսի հետ կապված»,- հայտարարել էր վարչապետը՝ հավելելով, որ անկլավների հարցով վերջնական համաձայնություն չկա՝ դրանք կփոխանակվե՞ն, թե՞ կտրվի այլ լուծում։
Մեկ այլ առիթով վարչապետը հայտարարել էր՝ եթե Ադրբեջանը Հայաստանում իր անկլավների գոյության իրավական հիմքեր ներկայացնի, Հայաստանը պատրաստ է դրանք տրամադրել Ադրբեջանին։ Անցած տարի վարչապետի խոսույթն արդեն փոխվել էր և նա այլևս իրավական հիմքերից չէր խոսում՝ անկլավների թեմային անդրադառնալով։ Եվ միայն խուսափողական պատասխան էր տալիս, թե առայժմ Ադրբեջանի հետ այդ թեմայով քննարկումներ չեն եղել և հիմքերի ուսումնասիրություններ ևս չեն եղել։
Այսինքն՝ Փաշինյանը չի բացառում, որ նման քննարկումների արդյունքում կարող են նաև այդ հարցում զիջումների գնալ Բաքվին, ինչպես դա եղավ թե՛ Արցախի, թե՛ ՀՀ սահմանադրության փոփոխության և այլ հարցերում։ Փաշինյանն անկլավների հնարավոր վերադարձի հարցը տեղավորում է սահմանազատման գործընթացի մեջ։ Եվ հենց Ադրբեջանն է նման ակնկալիքներով պարբերաբար հանդես գալիս։
Բաքվի համար անկլավների վերադարձը գերակա է, և այնտեղից պարբերաբար հայտարարություններ են հնչում անկլավների վերադարձի մասին։ Նախորդ տարեվերջին Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն պնդել էր, որ անկլավների հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։ Ստացվում է, որ այս հարցում ևս Հայաստանի խոսույթը համահունչ է Ադրբեջանի խոսույթին։ Վերջում տրամաբանական հարց՝ ովքե՞ր են ապրելու իբրև ադրբեջանական անկլավներ Ադրբեջանի տիրապետությանը տրամադրած հայկական բնակավայրերում։

Բաց մի թողեք
Մոռացաք նշան անեք, որ դուք թշնամու պատանդն եք. Տեսանյութ
Խաբեբաներին կուրորեն հետևող անկիրթ դյուրահավատների ինքնամոռաց շքերթ. Սենոր Հասրաթյան
Կոռուպցիայի մեջ թաղված են. Էդմոն Մարուքյան