17/05/2026

EU – Armenia

Իսկ Ալիևը ընդունո՞ւմ է Եվրոպա – Հարավային Կովկաս «ընդհանուր արժեքների տարածքը»

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին մասնակցել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի խորհրդաժողովին, հայտնել է saqinform-ը։

Իր ելույթում նա ընդգծել է, որ գործընկեր նախարարները «համապատասխան ձևով տեղեկացվել են Վրաստանի և նրա օկուպացված տարածքներին վերաբերող գործընթացների մասին»։

Բոճորիշվիլին միաժամանակ դժգոհություն է հայտնել եվրոպական կառույցների կողմից Վրաստանի նկատմամբ «երկակի ստանդարտներից» և մասնավորեցրել, որ «երբ խոսվում է ժողովրդավարությունից, առաջին հերթին պետք է ելնել իրողությունից, որ ցանկացած երկրի շահեր առաջին հերթին ներկայացնում է նրա ընտրված իշխանությունը»։

Վրաստանի և Եվրամիության տարաձայնությունները հաջորդել են խորհրդարանական ընտրություններին, երբ վրացական ընդդիմությունը արդյունքները չի ճանաչել։ Սկզբունքորեն գնահատելու դեպքում պետք է ասել, որ «Վրացական երազանքի» հաղթանակը ԵՄ-ի համար խնդրահարույց է նրանով, որ պաշտոնական Թբիլիսին Ուկրաինայի հարցում «հավասար հեռավորության» քաղաքականություն է վարում։

Այս առումով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիբիգան սոցիալական X հարթակում ուշագրավ գրառում է կատարել։ Նա հայտնել է, որ ԵԽ Նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում «վրացի պաշտոնակից Մակա Բոճորիշվիլի հետ հանդիպելու հոյակապ հնարավորություն» է ունեցել, որի ընթացքում «քննարկվել է երկկողմ հարցերի լայն շրջանակ»։

Սիբիգան շեշտել է, որ այդ «հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոմբախիձեի վերջերս Եվրոպայի ժողովրդավարական համայնքի գագաթաժողովի շրջանակներում կայացած երկխոսության ուղղակի շարունակությունն» է։

Ըստ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի, ինքը Մակա Բոճորիշվիլիի հետ քննարկվել է միջազգային կառույցներում, մասնավորապես ՎՈՒԱՄ-ում «համագործակցությունը, ինչպես նաև Եվրոպայից մինչև Հարավային Կովկաս ընդհանուր արժեքների տարածքում քաղաքական վերջին զարգացումները»։

ՎՈՒԱՄ-ը, որի անդամ են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և Մոլդովան, փաստացի 2008թ․ ռուս-վրացական «հնգօրյա պատերազմից» հետո չի գործում։ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի օկուպացիայից մեկ ամիս առաջ ՌԴ նախագահ Մեդվեդևը այցելել է Բաքու, որից հետո Ադրբեջանը խորացրել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։

Խոսել այդ կառույցում Ուկրաինա-Վրաստան համագործակցության մասին, նշանակում է կամ անոնսավորել Ադրբեջանի եվրոպական վերակողմնորոշում, կամ «ցանկալին ներկայացնել որպես իրական հնարավորություն»։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին ապրիլի վերջին այցելել է Ադրբեջան։ Ալիևը ընդունո՞ւմ է Եվրոպայից մինչև Հարավային Կովկաս «ընդհանուր արժեքների տարածքը»։