25/05/2026

EU – Armenia

Քո տարիքին եմ եղել, հետո նոր` էս, ինձ բան մի սովորացրու. Գյումրեցի պապիկը` Փաշինյանին. Լուսանկար

Այսօր վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը, որը գիշերել է Գյումրիում, շարունակում է քարոզարշավը քաղաքի տարբեր թաղամասերում և փողոցներում։ Նա շրջում էր համակիրների ուղեկցությամբ՝ քաղաքացիներին բաժանելով քարոզչական նյութեր և իր հեղինակած քարտեզը` բրոշի տեսքով։

Գյումրիում շրջայցի ժամանակ վարչապետը մոտեցել ու իր ձեռքով ՀՀ քարտեզն է ամրացրել իրեն մոտեցած հաշմանդամություն ունեցող մի տղայի հագուստին, այնուհետև իր օգնականին հանձնարարել է մոտենալ ու լսել տղային ուղեկցող տղամարդուն:

Ուշագրավ էր, որ Փաշինյանն այս անգամ երկար ելույթներով հանդես չի գալիս և հիմնականում խուսափում է տեղում ծավալուն քննարկումներից։ Փոխարենը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու երեկոյան ժամը 20:00-ին Վարդանանց հրապարակում նախատեսված հանրահավաքին՝ նշելով, որ իր հիմնական ասելիքը կհնչեցնի հենց այնտեղ։

Սակայն քարոզարշավն առանց միջադեպերի չի անցնում։ Քաղաքի փողոցներից մեկում գրեթե միաժամանակ քարոզչական ակցիա էին իրականացնում ինչպես ՔՊ-ի, այնպես էլ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Երկու կողմերի ավտոբուսների հանդիպման պահին սկսվեցին փոխադարձ վանկարկումներ. մի կողմից հնչում էին «Սամվել վարչապետ», մյուս կողմից՝ «Փաշինյան վարչապետ» կոչերը։

Դրանից անմիջապես հետո վիճաբանություն ծագեց մի քաղաքացու և Փաշինյանի համակիրների միջև։ Քաղաքացին փորձում էր մոտենալ վարչապետին և ներկայացնել իր խնդիրները, սակայն վերջինս տեսնելով նրան, շտապեց ավտոբուս նստել։ Քաղաքացին բարձրաձայն դժգոհեց պնդելով, թե Փաշինյանն իրեն ճանաչելով խուսափեց հանդիպումից։

Քաղաքացին, որ ներկայացավ , ազատամարտիկ Ժիրայր Գալստյանն էր։ Նա հայտարարել, որ 2018 թվականին աջակցել է Փաշինյանի շարժմանը՝ հավատալով փոփոխությունների խոստումներին։

«2018-ին Նիկոլի կողքին քայլել եմ՝ մտածելով, որ երկիրը դեպի լավն է փոխվելու։ Այսօր, սակայն, իմ կյանքը գլխիվայր է շրջվել։ Կայուն աշխատանք ունեցող մարդուց դարձել եմ նպաստառու, ինձ դարձրին նպաստառու,իսկ 3 երեխաներիս պահելու համար ստանում եմ ընդամենը 36 հազար դրամ նպաստ»,- ասաց նա։

Գալստյանը նաև նշեց, որ իշխանությունների հասցեին քննադատություն հնչեցնելու համար Փաշինյանի համակիրները փորձում են թիրախավորել իրեն և ընդդիմադիրներին՝ հավելելով.«Սամվել Կարապետյանը բարերար է, Փաշինյանը՝ ստաախոս»։

Այսօր Գյումրիում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում, երբ քաղաքացիները մոտենում էին նրան՝ բարձրաձայնելով իրենց սոցիալական խնդիրները, Փաշինյանին մոտեցավ մի տարեց պապիկ, որը դժգոհեց իր ստացած թոշակից։

Նրա խոսքով՝ թոշակի փոքր բարձրացումը չի փոխհատուցում վերջին շրջանի գնաճը։

«10 հազար ավելացրիր, 20 հազար թանկացրիր»,- ասաց նա՝ նշելով, որ ներկայիս պայմաններում իր եկամուտը չի բավարարում առօրյա կարիքները հոգալու համար։ Պապիկի խոսքով՝ ինքը նախկինում ստանում էր շուրջ 46 հազար դրամ, որը այժմ դարձել է մոտ 56 հազար դրամ, սակայն դրանով չի լուծվում իր խնդիրները։

Փաշինյանը փորձեց բացատրել, որ պետական քաղաքականության շրջանակում հնարավոր են լրացուցիչ սոցիալական ծրագրեր և եկամուտների աճ, այդ թվում՝ նաև քարտային վճարումների ու անկանխիկ համակարգի կիրառման միջոցով։Պապիկին առաջարկեց առևտուր անել` քարտը ճտցնելով ։

Սակայն թոշակառուն կտրուկ արձագանքեց` նշելով, որ չի ցանկանում «սովորել» և իր կյանքը երկար տարիներ ապրել է ավանդական ձևով՝ առանց նման համակարգերի պարտադրման։

«Ես ողջ կյանքս նաղդով եմ ապրել, ես դրա հավեսը չունեմ, ինձ բան մի սովորացրու, ես էդ դերասանությունների հավեսը չունեմ, ես նախ քո տարիքին եմ եղել, հետո` էսքան»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն իր փորձով գիտի, թե ինչպես է կազմակերպում իր առօրյան։

Փաշինյանի պնդումներին էլ, թե միևնույն է թոշակն անկանխիկ է ստանում, հակադարձեց` ասելով, որ մտնում է բանկ, անձնագիրը տալիս է, գումարը ստանում է։

Քո տարիքին եմ եղել, հետո նոր` էս, ինձ բան մի սովորացրու. Գյումրեցի պապիկը` Փաշինյանին