27/05/2026

EU – Armenia

Մոսկվան զգուշացնում է Երևանին

ԵՄ-ին անդամակցելու համար ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու շուրջ քննարկումների ակտիվացումը մեծապես կապված է երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի հետ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այդ թվում նաև այն պատճառով, որ ընտրությունները մոտ են։ Եվ հայկական կողմն ընտրությունների նախաշեմին, այս քաղաքական ուժը [գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը- խմբ.] կարծում է, որ եվրոպական կողմնորոշումը դուր կգա հայերին»,-ասել է Պեսկովը:

Միաժամանակ նա կտրականապես հերքել է այն պնդումները, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեման Մոսկվան օգտագործում է ընտրությունների հետ կապված։

«Այդ օրենքը հո մենք չե՞նք ընդունել Հայաստանում։ Հայաստանն է օրենք ընդունել, որ իրենք կողմնորոշվում են դեպի ԵՄ։ Այսինքն՝ դա միայն հռչակագիր չէ։ Մենք այստեղ ի՞նչ կապ ունենք»,-վրդովվել է Կրեմլի ներկայացուցիչը։

Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանի զարգացման վեկտորը կորոշի այդ երկրի ժողովուրդը: Ինչ վերաբերում է մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի հարցի քննարկմանը, Պեսկովը նշել է, որ ՌԴ և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կքննարկեն Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի ձգտման հարցը, սակայն կլինի արդյոք հայտարարություն այդ թեմայով՝ նրանք իրենք կորոշեն։

«Այժմ պետությունների ղեկավարները կսկսեն քննարկումը [Պուտինը պետական այցով գտնվում է Ղազախստանում- խմբ.], և նրանք արդեն կորոշեն։ Որովհետև այս թեման, իհարկե, կլինի օրակարգում»,-հայտարարել է Պեսկովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ երկիրը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրոպական միություն։ Պեսկովն ասել էր, որ կասկածում է, որ եվրոպացիները սպասում են Երևանից ստացվող ապրանքներին։