28/05/2026

EU – Armenia

Աստանան Պուտինին դիմավորել է առերևույթ շատ ջերմ, բայց ոչ ընդդեմ թուրքական «մարշի ծավալմանը»

Վլադիմիր Պուտինը պետական այցով մեկնել է Ղազախստան։ Աստանայի օդանավակայանում նրան անձամբ դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը։ Պուտինը Ղազախստանի մայրաքաղաքում կգտնվի մինչև մայիսի 29-ը։

Այդ ընթացքում նա դեմ առ դեմ և պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններ կվարի Ղազախստանի նախագահի հետ։ Ըստ Կրեմլի տարածած տեղեկության, նախատեսվում է, որ կողմերը «կստորագրեն տասնվեց փաստաթուղթ», որոնց բովանդակության վերաբերյալ մանրամասնություններ չեն հրապարակվել։

Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերությունները ֆորմալ առումով «դաշնակցային-գործընկերային» են, Ղազախստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ հիմնադիր անդամ է։ Վերջին տարիներին, սակայն, Աստանան ընտրել է քաղաքակրթական ինքնության օրինականացման ճանապարհը։

Ղազախստանը ինքնիշխանություն է դրսևորում նաև միջազգային և տարածաշրջանային գործընկերների, բայց հատկապես Թուրքական պետությոունների կազմակերպության հետ հարաբերություններում։

Դրանք արդեն ներառնում են անվտանգային բնագավառը, ինչի դրսևորում է մայիսի 14-ին Թուրքիայի և Ղազախստանի նախագահների կողմից Աստանայում «Հավերժական եղբայրության մասին» հռչակագրի ստորագրումը։

Խիստ ուշագրավ և ակնհայտորեն խորհրդանշանական է, որ Պուտինի Աստանա այցի օրը ղազախստանյան մերձիշխանական tengrinews-ը տեղեկություն է տարածել, որ Ղազախստանը «թուրքական Otokar ընկերության թրթուրավոր զրահատեխնիկայի արտադրություն է սկսում»:

Լրատվամիջոցի տեղեկացվածությամբ, խոսքը առաջին հերթին «Tulpar թեթև տանկի մասին է, որ հագեցած է 105 միլիմիետրանոց Hitfist մարտական մոդուլով»։ Այն թուրքական Otokar -ը հստեղծել է իտալական Leonardo ընկերության հետ։

Զրահամեքենան համատեղում է բարձր շարժունակությունը և արդիական սպառազինվածությունը, կարող է ուղիղ նշանառությամբ կրակ վարել, նախատեսված է «բարդ իրավիճակում լայն սպեկտրի էքսպեդիցիոն գործողոություններ իրականացնելու համար»։

Սպառազինությունների, զինատեսակների ձեռքբերման, առավել ևս՝ արտոնագրված արտադրություն կազմակերպելու մասին ցանկացած տեղեկություն ամենից առաջ քաղաքական ուղերձ է։ Ղազախստանյան լրատվամիջոցի հաղորդագրությունը այդ առումով բացառություն չէ։

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, հիշյալ զրահատեխնիկայի մարտական մոդուլը ստեղծվել է իտալական ընկերության տեխնոլոգիական աջակցությամբ։ Ղազախստանում այդ կարգի «թեթև տանկի» արտադրության կազմակերպումը վկայում է, որ Աստանան իր անվտանգության ապահոովման համար նախատեսում է «էքսպեդիցիոն գործողություններ իրականացնել»։

Էական չէ, թե հոսքագծից ե՞րբ է իջեցվելու «ղազախստանյան առաջին թեթև տանկը» ։ Կարևոր է ինքնին փաստը, ՀԱՊԿ գագաթաժողովում Վլադիմիր Պուտինը անդամ երկրներին առաջարկել է ռազմաարդյունաբերական «կոոպերացիա»՝ խոստանալով տրամադրել անգամ առաջավոր տեխնոլոգիաներ։ Կենտրոնական Ասիայի երկրներից ՀԱՊԿ անդամ են Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։

Ղազախստանը ընտրել է թուրք-իտալական տեխնոլոգիաները, Ղրղըստանը թուրքական ԱԹՍ-երի խմբաքանակ է ձեռք բերել, իսկ Պուտինի Աստանա այցից մեկ օր առաջ Թուրքիան զինվորական տեսուչների խումբ է գործուղել Ուզբեկստան, որտեղ նրանք «կաշխատեն Ադրբեջանում արդեն իսկ իրականցված ռազմական բարեփոխումների օրինակով»։

Ուկրաինական թելեգրամյան ալիքներից մեկը, անդրադառնալով Պուտինի Աստանա այցին, գրել է, որ 2022թ․-ին Կրեմլի «խորհրդատուները նրան առաջարկել են նախ որևէ պատրվակով գրաավել Ղազախստանի հյուսիսային շրջանները, ապա նոր Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» սկսել», բայց Ռուսաստանի նախագահը մերժել է։

Որքանո՞վ է իրականությանը գոնե մոտ այդ վարկածը, պարզել հնարավոր չէ։ Փաստ է, որ Աստանան Պուտինին դիմավորել է առերևույթ շատ ջերմ, բայց դա ոչ մի կերպ չի խոչընդոտելու Կենտրոնական Ասիայում թուրքական «մարշի ծավալմանը»։