Ադրբեջանցիները քննարկում են հայերի զորահանդեսի ցուցադրանքը և տարակուոում՝ համոզվելով, որ Փաշինյանը հինգ-վեց տարում բարելավել է բանակը և նոր զենքեր գնել։
Եվ այնպես են տարակուսում, ասես Նիկոլը կապիտուլյացիայի ակտ է ստորագրել և պարտավորվել, որ բանակ չի ունենալու՝ ինչպես գերմանացիները 1945թ․-ին։ Այս տողերի հեղինակը ադրբեջանցի Քյամալ Ալին է։
Նա շարունակել է․ «Ադրբեջանցիները հարցնում են, թե հայերի ինչի՞ն է պետք այդպիսի բանակը, եթե Նիկոլը խոսում է իր երկրի խաղաղասիրության մասին։ Պատասխանում եմ վարչապետի փոխարեն, բանակը Հայաստանին պետք է, որպեսզի պաշտպանվի Ադրբեջանից, որ ոչ պաշտոնապես և հանրային գործիչների շուրթերով սպառնում է մտնել Զանգեզուր։
Ավելին, բանակը հայերին պետք է Ռուսաստանից պաշտպանվելու համար, որտեղ Պուտինը բոլոր թույլերին, իսկ այժմ հատկապես Հայաստանին սպառնում է նրա եվրոպամետ քաղաքականության համար»։
Եթե որևէ մեկը կարծում է, թե ադրբեջանցի մեկնաբանը, որ երկար տարիներին աշխատակցել է «Թուրան» գործակալությանը, պատահաբար է Ադրբեջանի «Զանգեզուր ներխուժելու» և եվրոպամետ քաղաքականության համար Հայաստանին Պուտինի սպառնալիքը նույն հարթության վրա դիտարկել, ապա սխալվում է։
Եվ նրա դիտարկումները ամենեւին էլ Փաշինյանին «նախընտրական աջակցություն» կամ «հայամետ դիրքորոշման արտահայտություն» չեն։ Քյամալ Ալին արձանագրել է այն, ինչ առկա է Հայաստան-Ադրբեջան կարգավորման ենթատեքստում: Ռուսաստանը դեմ է, որ Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագիրը վերջնականապես վավերացվի և մտնի ուժի մեջ։
Հայ-ադրբեջանական հակամարտությունը, հայ-թուրքական թշնամանքը Հարավային Կովկասը վերահսկելու Ռուսաստանի միակ հնարավորությունն է։
Ազգային բանակի արդիականացումը, նոր սպառազինություններով ԶՈՒ համալրումը ամրապնդում են Հայաստանի դիրքերը, բարձրացնում նրա սուբյեկտությունը ոչ այնքան ռազմական, որքան՝ քաղաքական առումով։
Այդ իմաստով մայիսի 28-ի զորահանդեսի բույն նշանակությունը որևէ մեկին ուժի ցուցադրումը չէ, այլ՝ Հարավային Կովկասի երկու երկրների՝ Վրաստանի և Ադրբեջանի, հետ «նույն շարքում կանգնելու» հայտը, քանի որ «իրենց պետականությամբ հայերը պարտական են Ռուսաստանին» խոսույթը պետական քարոզչությունն է միայն Բաքվում և Մոսկվայում։
Ընդ որում, այն ոչ թե Ռուսաստանն է Ադրբեջանից փոխառել, այլ Ադրբեջանը՝ Ռուսաստանից։ Ադրբեջանցի մեկնաբանի շեշտադրումը, որ Փաշինյանը «կապիտուլյացիա չի ստորագրել և չի պարտավորվել, որ բանակ չի ունենալու», ուղղակի հակադրվում է Իլհամ Ալիևի քարոզչությանը, որ կիրառում է նաև Հայաստանի ընդդիմությունը։
Դա ուղղակիորեն աղերսվում է հայ-ադրբեջանական պայմանավորվածություններին «երաշխավոր ունենալու» թեզին, որ քարոզարշավի ընթացքում լայնորեն կիրառում է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Սկզբունքորեն նույնն է ասում նաև «Ուժեղ Հայաստանը»։
Դա «կապիտուկյացիայի» ընտրություն է այն դեպքում, երբ Ադրբեջանում, որքան էլ պետական քարոզչությունը հակառակը ներկայացնի, հանրությունը տարակուսում է, թե Փաշինյանին ինչպե՞ս է հաջողվել հինգ-վեց տարում բանակը բարելավել»։

Բաց մի թողեք
Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել
Հայաստանի ապագայի համար Ռուսաստանի «ճգնաժամը» շատ սկզբունքային նշանակություն ունի
Թբիլիսիում «ռուսաստանյան լրտեսական ցանց է բացահայտվել»