02/06/2026

EU – Armenia

ԼՂ հարցում Հայաստանի բոլոր իշխանությունները առաջնորդվել են «մեզ դավաճան չասեն» մտայնությամբ

Իսկ ո՞ւր էիր դու 1998-ին և 2017-ին, երբ խաղաղության, Ղարաբաղի ապագայի ու հազարավոր կյանքերի փրկության հարց պետք է լուծվեր։ Դու դավադրաբար թիկունքից հարվածում էիր այդ խաղաղությանն ու մարդկային կյանքերին։

Այս գրառումը ՀԱԿ գործադիր քարտուղարը կատարել է սույն թվականի մայիսի 18-ին։

Հարցադրումը հասցեագրված է․․․ Նիկոլ Փաշինյանին։

1998 թ․-ին ո՞վ էր Նիկոլ Փաշինյանը։ Նրա պաշտոնական կենսագրականից իմանում ենք, որ այդ տարի հիմնադրել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999 թվականին «քաղաքական պատճառներով փակվել» է։

Այսինքն, իր ոչ քաղաքական, բացառապես հանրային-լրագրողական կարգավիճակի բերումով Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում 1998թ․-ին չէր կարող «դավադրաբար թիկունքից հարվածել խաղաղությանն ու մարդկային կյանքերին»։

Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը Հայաստանի և ԼՂՀ բարձրագույն ղեկավարության կողմից քննարկվել է 1998թ․ հունվարի 7-8-ին։ Քննարկումները ամփոփել է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրա ելույթը հրապարակված է։

Տեր-Պետրոսյանը գիտնականի բարեխղճությամբ ներկայացրել է բոլոր «դեմ» արտահայտված պաշտոնյաների «հակասափաստարկները»։ Այդ անձանց շարքում, բնականաբար, Նիկոլ Փաշինյանը չկա։

Տեր-Պետրոսյանին հակադարձել են Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Վարդան Օսկանյանը։ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ կապ ունի այդ քննարկումների, դրանց նախորդած «խորհրդատվությունների» և «դավադրության» հետ։

Կամ ո՞րն է Փաշինյանի մեղքը, եթե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տե-Պետրոսյանի 2017թ․ նախընտրական «Հաշտություն, խաղաղություն, բարիդրացիություն» կարգախոսը իշխող ՀՀԿ-ի և Դաշնակցության կողմից ծաղրանքով անվանվել է «քիրվայություն»։

Փաշինյանը իր քարոզչություն էր տանում, ՀԱԿ-ը՝ իր։ Քաղաքականության մեջ, ինչպես ասված է, «մշտական բարեկամներ և թշնամիներ չկան, կան մշտական շահեր»։ Եթե այդպես չլիներ, ՀՀՇ վարչության անդամ Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին չէր հակադրվի։

Եթե ՀԱԿ-ը 2017-ի խորհրդարանական ընտրություններում հաղթահարեր նվազագույն շեմը և Ազգային ժողովում խմբակցություն ձևավորեր, գուցե ղարաբաղյան կարգավորման բանակցությունները այլ ընթացք ունենային, բայց եղել է այն, ինչ եղել է, և Նիկոլ Փաշինյանը դրա համար պատասխանատու չէ կամ ավելի պատասխանատու չէ, քան՝ Սերժ Սարգսյանը և խորհրդարան անցած մյուս ուժերի՝ ՀՅԴ և ԲՀԿ առաջնորդները։

Ի վերջո, ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի բոլոր իշխանություններն են առաջնորդվել «մեզ դավաճան չասեն» մտայնությամբ։ Եթե այդպես չլիներ, նախագահ Տեր-Պետրոսյանը պաշտոնանկ կաներ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, ուղերձով կդիմեր Հայաստանի ժողովրդին և ԼՂ բնակչությանը և կգնար խնդրի «ճակատային լուծման»։