02/06/2026

EU – Armenia

Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն

Որքան էլ քպականները փորձում են ցույց տալ, թե Նիկոլ Փաշինյանի նախընտրական հավաքները մարդաշատ են, անզեն աչքով էլ նկատելի է, որ նախ՝ այդպես չէ, ապա և՝ եղածների մեծամասնությունը «բերովիներն» են, իսկ ինքնակամ եկածներին կարելի է մատների վրա հաշվել:

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրինակ՝ շաբաթ օրը մեր թղթակիցն ականատես է եղել, որ Քանաքեռում տեղի ունեցած հավաքին հազիվ մի 100 մարդ է մասնակցել, գերակշիռ մեծամասնությունը՝ Փաշինյանի հետ եկածները կամ պետական կառուցներից բերվածները:

Եվ, ընդհանրապես, բոլոր հանդիպումների ժամանակ ակտիվ կիրառվում է վարչական ռեսուրսը, ինչի բազմաթիվ օրինակներ կան ԶԼՄ-ներում: Մեր ունեցած տեղեկություններով, անխտիր բոլոր պետական գերատեսչություններին տրված է հանձնարարական՝ ապահովել որոշակի մարդաքանակ: Ավելին, այդ ամենը կազմակերպվում է նախօրոք կազմված ցուցակներով, որոնցով խմբերի պատասխանատուները իրականացնում են «ներկա-բացակա»: Մեր աղբյուրը փոխանցում է, որ այս կամ այն հանդիպման վայրում նույնիսկ յուրաքանչյուր խմբի կանգնելու կոնկրետ տեղն է նախապես որոշված:

Ու այս ամենը այնպիսի կազմակերպված «ռելսերի» վրա է դրված, և ՔՊ քարոզարշավի կազմակերպիչներն այնքան վստահ են, որ ցանկացած հարթակ «կլցնեն» այդ մեխանիզմով, որ հավաքներին ինքնակամ, այսպես կոչված՝ «օրգանիկ» եկած մարդկանց կարիքը չունեն:

Ավելին, նրանց ձեռք էլ չի տալիս, որ «պատահական» քաղաքացիներ մասնակցեն, քանզի փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ նման մի քանի մարդու ներկայությունն ինքնին խնդիրներ է ստեղծում Փաշինյանի համար. այդ մարդիկ ամենուր ի ցույց են դնում վերջինիս մերժվածությունը:

Այդ պատճառով էլ, մեր տեղեկություններով, հիմա ամեն ինչ արվում է՝ ընդհանրապես «պատահականների» ներկայությունն իսպառ բացառելու: Երեկվա դրվագը, երբ Փաշինյանի համար սև սիրտ բերած զոհվածի մորը նույնիսկ թույլ չտվեցին մոտենալ նրան, դրա վառ վկայությունն է: