Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մտերիմ ընկերն ու խորհրդականը` Արտյոմ Հովհաննիսյանը, որը մեղադրվում էր ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցին հայհոյելու, նվաստացնելու եւ ծեծի ենթարկելու համար, մեր տեղեկություններով, չի ազատազրկվի։
Հրապարակ թերթը գրել է․ Չնայած դատարանը նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել, եւ նա փաստացի մնալու է ազատության մեջ։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արսեն Գեղամյանի նախագահությամբ, օրեր առաջ ավարտել է քրեական գործի քննությունը։ Գործը քննվել է համաձայնության վարույթով, քանի որ դատաքննության ընթացքում մեղադրանքի եւ պաշտպանական կողմերը հաշտության են հասել։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից դատավճռի մասին ամբողջական տեղեկատվության ծանոթացանք, ըստ որի ՝ Արտյոմ Հովհաննիսյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ յուրաքանչյուրով 2 տարվա ազատազրկման։
Պատիժները գումարելու արդյունքում դատարանը սահմանել է 4 տարվա ազատազրկում, սակայն նույն դատավճռով կիրառել է Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը եւ պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով 5 տարվա փորձաշրջան։ Հովհաննիսյանի նկատմամբ նախաքննության ընթացքում կիրառվել էր բացակայելու արգելք, ինչպես նաեւ՝ կասեցվել էր պաշտոնավարումը։ Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո նա, ըստ էության, կարող է վերադառնալ Շիրակի մարզպետի խորհրդականի իր պաշտոնին։
Ըստ մեղադրանքի՝ դեպքը տեղի է ունեցել 2025 թ. հոկտեմբերի 29-ին, Գյումրիում գտնվող պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի տարածքում։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ ոչ սթափ վիճակում գտնվող Արտյոմ Հովհաննիսյանը ծառայողական ավտոմեքենայով ժամանել է պահպանվող տարածք, պահանջել բացել դարպասները, իսկ մերժում ստանալուց հետո ագրեսիվ վարքագիծ է դրսեւորել, քաշքշել ծառայություն իրականացնող պարեկին, միջադեպ հրահրել։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ ավելի ուշ Հովհաննիսյանն ու նրա ընկեր Գոռ Սարոյանը, գործելով խմբով, սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել ծառայողական պարտականությունները կատարող պարեկի հասցեին, ապա բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ հարվածներ հասցնելով դեմքին եւ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Այս գործը լայն արձագանք էր ստացել հատկապես այն պատճառով, որ խոսքը վերաբերում էր մարզպետի մերձավոր շրջապատի ներկայացուցչի կողմից իրավապահ մարմնում ծառայողի նկատմամբ բռնության կիրառմանը։ Սակայն դատավճռի արդյունքում ստացվել է մի իրավիճակ, երբ դատարանը փաստացի հաստատել է կատարված արարքների քրեական բնույթը, նշանակել ազատազրկում, բայց միաժամանակ մեղադրյալը չի կրի իրական պատիժ։ Ավելին՝ նա կարող է վերադառնալ պետական համակարգում իր զբաղեցրած պաշտոնին։
Սա հերթական դեպքն է, երբ իշխանության ներկայացուցիչը կամ իշխանության հետ սերտ կապեր ունեցող անձը հայտնվում է քրեական սկանդալի կենտրոնում, նրան մեղադրանք է առաջադրվում, դատարանի կողմից նա ճանաչվում է մեղավոր, սակայն, ի վերջո, խուսափում է իրական պատասխանատվությունից։

Բաց մի թողեք
Չարենցավանում ՔՊ-ականներն իրար փոր են թափում․ Լուսանկարներ
Նիկոլական քարոզիչն այնքան է ճնշել համագյուղացիներին` նրան մեքենայի տակ են գցել
Գոռալ – ճվալ – հայհոյելը կդառնա հանրային շփման ընդունված ձև