«Հրապարակի» զրուցակիցն է սոցիոլոգ Արթուր Պարոնյանը:
– Մինչ ընտրությունները, բազմաթիվ սոցհարցումների տվյալներ են հրապարակվել, եւ նույնիսկ ՔՊ-ին ու Փաշինյանին աջակցելուն միտված սոցհարցումներում ՔՊ-ն ոչ մի անգամ չի ունեցել այն ցուցանիշը, որը գրանցեց ընտրությունների արդյունքում: Ի՞նչ ֆենոմենի հետ գործ ունենք:
– Եթե սոցիոլոգիան թվերի հետ չի համընկնում, կա՛մ սոցիոլոգիայի թվերն են սխալ, կա՛մ ընտրությունների թվերն են սխալ: Քանի որ բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել մի պատկեր, իսկ ընտրություններում ունեցել ենք ուրիշ պատկեր, խնդիրը հետեւյալն է․ ես՝ ուզեմ թե չուզեմ, պիտի ենթադրեմ, որ ես եմ սխալվել, ինչպես նաեւ՝ մնացած բոլորը, քանի որ ես չունեմ այն գործիքակազմը, որ ապացուցեմ, որ իրենց թիվն է սխալ: Ես պիտի ընդունեմ, որ իրենք ճիշտ են, ես եմ սխալ: Բայց նաեւ նշեմ, որ եղել են բազմաթիվ, բազմաթիվ այլ հարցումներ, որոնց արդյունքները երբեւիցե չեն հրապարակել: Բացի դրանից, այն ուժը, որը վերցնում է գրեթե 50 տոկոս, ինքը 700 հոգու ընտրությունների ժամանակ չի ձերբակալում, այդքան քվե ունեցող ուժը բռնությունների չի գնում: Ինչի՞ համար են իրենք գնում բռնության, եթե հաղթում են…
– Զինվորների՝ 20։00-ից հետո, մինչեւ ուշ գիշեր ընտրատեղամասերում ընտրությունների գնալու կադրերն էլ կան:
– Վիդեոներն էլ կան, ամեն ինչն էլ կա, իրենք փաստացի այնպես արեցին, որ բոլոր սոցիոլոգների, այդ թվում՝ նաեւ իմ կարծիքը, իմ խոսքի գինը շատ էժանացրին, քանի որ ես կրվեցի, բոլորը կրվեցին: Ես կրվել եմ, բայց, միեւնույն ժամանակ, այդքան հարցում ուներ ՔՊ-ն՝ թող տպեին: Մի հարցում եղե՞լ է, որ ՔՊ-ն 50 տոկոս ունենար, չէ՝ չի եղել: Հակառակ պարագայում տպած կլինեին, բայց վերջին հարցումները եւ մնացած բոլոր զարգացումները ցույց էին տալիս, որ իրենք հաղթող ուժ չեն: Հաղթող ուժը չի ասում՝ եթե ինձ չեք քվեարկելու, գնացեք բոլորին դեմ քվեարկեք: Սեփական թվերի հիման վրա, մինչեւ IRI-ի հարցումը, ես ասել եմ, որ իրենք կարող են ունենալ ամենաշատը 42 տոկոս, ամենայն հավանականությամբ՝ 40: Մինչեւ 40 տոկոս կարող եմ հասկանալ, բայց 49 տոկոս ոչ մի ձեւով չեմ կարողանում հասկանալ:
– Որքանո՞վ է տրամաբանական, որ հանրության շատ ավելի մեծ զանգված դժգոհ է Փաշինյանից, սակայն նա ստացել է 46 հազար ավել ձայն, քան 2021 թվականին: Այդ դժգոհություններն այսօր այնքան ակնհայտ են:
– Ակնհայտ է բոլորի համար, որ 2021 թվականից մինչեւ 2026 թվականը հսկայական քանակությամբ մարդ կորցրել է վստահությունը այդ գործչի նկատմամբ եւ այդ ուժի; Այսինքն, իրենք ունեին կորուստ, որը տարբեր հաշվարկներով կազմում էր 15-20 տոկոս: Նույնն էլ ցույց էին տալիս բոլոր հարցումները, այդ թվում IRI բազմաթիվ հարցումներ, իրենց հարցումները: Դա փողոցի տրամադրությունն էր, փողոցում կար ակնհայտ հակաքպ տրամադրություն: Այդ տրամադրություններն իրենք ոնց մեկ գիշերում կոտրեցին՝ ես չեմ կարող բացատրել, բայց մենք ունենք փաստ, որ իրենց մոտ գրված է՝ 49,83 տոկոս։ Դա փաստ է, ու ես հուսով եմ, որ ընդդիմությունն ինչ-որ ձեւով կկարողանա այդ փաստը հերքել: Հակառակ դեպքում դա վերլուծության ենթակա չէ:
– Իսկ հանրությունը հե՞շտ կհաշտվի այդ թվի հետ, թե՞ ամեն ինչ կախված է ընդդիմության քայլերից:
– Ոչ միայն ես, այլեւ շատ-շատ մարդիկ շոկի մեջ են, քանի որ սա այն աստիճան անսպասելի թիվ է, որ դու ուղղակի ապշում ես այս թվից: Պետք է անենք երկու գործողություն․
Ա․ հասկանանք, թե ոնց են իրենք այս թիվը ստացել, դրանից հետո վերլուծել այլ բաներ, որոնք բխում են դրանից: Այսինքն, ես այս պահին, որպես քաղաքացի, շոկի մեջ եմ:
Բ․ ես սպասում եմ ընդդիմությանը, իրենց քայլերին ու հայտարարություններին:
Արդյոք պատրա՞ստ եմ ես ինչ-որ գործողություններ ու քայլեր անել՝ հնարավոր է, ինչ-որ մարդ կա, որը պատրաստ է, մարդ կա, որը կսպասի մնացածներին, բայց ես չեմ կարող գնալ հիմա, կանգնել ԿԸՀ-ի առաջ, ձեռքս պաստառ վերցնել, թե ես ձեզ չեմ հավատում: Ես չունեմ բացատրություն այս ամեն ինչին: Սա ինձ համար շոկ է, ամբողջ նախընտրական տրամաբանությունը բռնելով, ջարդելով եւ մնացած ամեն ինչով ցույց էր տալիս, որ այն բոլոր հարցումները, որոնք տպվել են, այն հարցումները, որոնք որ ես եմ արել, այն հարցումները, որ արել են իմ կոլեգաները, այդ բոլոր հարցումները ցույց էին տալիս թվեր, որոնք շատ տրամաբանական էին:
Միակ անտրամաբանական բանն ինձ համար վերջնարդյունքն էր, բացատրություն չունեմ։ Եթե ընդդիմությունը կարողանա բացատրել դա խախտումներով, ես շատ ուրախ կլինեմ, կստացվի, որ մենք ճիշտ էինք, իսկ եթե՝ չէ, նշանակում է, որ այս հասարակությանը պետք է ավելի խոր վերլուծել: Բայց ես չեմ հավատում, որ ես սխալվել եմ:

Բաց մի թողեք
Փաշինյանի աջակիցները հարձակվում են, ծեծում-ջարդում, մնում անպատիժ․ Լուսանկար
Մանդատ ստացող ընդդիմադիրներն էլ անընդհատ հարվածի ու ճնշման տակ են լինելու. Սոֆյա Հովսեփյան
ԿԸՀ-ն, օգտվելով առիթից, ինչ ուզեց արեց. Ազատ Արշակյան