Հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական զգալի սահմանափակումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմոցատերերին «աչքալուսանք» տվեց, թե ծաղիկների եւ բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն դուրս են եկել Հայաստանից՝ դեպի Եվրամիության եւ այլ երկրների շուկաներ։
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էլ իր հերթին հայտարարեց, որ կառավարությունն աջակցության ծրագիր կընդունի, որով կսուբսիդավորվի ջերմատնային արտադրանքի՝ լոլիկի, պղպեղի, ելակի եւ ծաղիկների արտահանումը։ Կառավարության հաջորդ նիստում իսկապես նման որոշում ընդունվեց՝ կփոխհատուցվի Եվրամիություն արտահանվող թարմ մրգերի, բանջարեղենի, ծաղիկների, բրենդիի (կոնյակի) արժեքը` որոշակի գներով միավոր ապրանքի դիմաց:
2024 թվականին, գործադիրի որոշմամբ, «Պիոն» ՍՊԸ-ին թույլատրվել էր օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը Ֆանտան համայնքում կառավարության աջակցությամբ հիմնեց 4,3 հա տարածքով ջերմատուն, որտեղ աճեցնում են հոլանդական վարդեր եւ պիոններ: Ինչպես նաեւ՝ այս ընկերությունը նախատեսում էր իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում՝ սարքավորումների եւ հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչեւ 2028 թ. ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ստեղծել 60 նոր աշխատատեղ:
Երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն անձամբ այցելել էր ջերմատուն, վարդը ձեռքին ման եկել եւ խոստացել, որ պետությունն ամեն ինչ կանի, որ այս ջերմոցի արտադրանքն արտահանվի: Ընկերության աճեցրած հոլանդական վարդերն առաջին անգամ պետք է արտահանվեին մայիսին: Սակայն հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական զգալի սահմանափակումներից հետո ընկերությունը ոչ միայն չի կարողանում ծաղիկներն արտահանել եվրոպական երկրներ, այլեւ անգամ ինքնարժեքից ցածր չի կարողանում վաճառել:
Ընկերության հիմնադիր Ֆաբրիս Արման Փինարբասի Հակոբը Հրապարակ թերթի հետ զրույցում ասաց, որ այս պահին վարդերը վաճառվում են Հայաստանում եւ Վրաստանում՝ ինքնարժեքից ավելի ցածր գնով. «Այս ճգնաժամից, միանշանակ, տուժում ենք: Այս պահին ուղիներ ենք փնտրում, քննարկումներ անում, թե որ երկիր ծաղիկներն արտահանենք: Դեռ պետք է նմուշներ ուղարկենք, բանակցություններ անենք: Այս պրոցեսի մեջ ենք: Այս պահին վարդի գներն ինքնարժեքից պակաս ենք վաճառում թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում: Բայց քանի որ էլ Ռուսաստանի շուկա չենք կարողանում տանել, մինչեւ եվրոպական շուկաներ գտնենք, իսկ ծաղիկն օր-օրի աճում է, եւ պետք է վաճառք լինի, եթե ոչ՝ ծաղիկները պետք է թափվեն: Հիմա կորստով ենք աշխատում»:
Ջերմոց եք հիմնել, բավականին ներդրում արել` եւ առաջին անգամ պետք է ծաղիկ արտահանեիք, դրա փոխարեն կորստով եք աշխատում, իսկ եթե ուղիներ չգտնեք, ի՞նչ պետք է անեք։ «Դե, ջերմոց է, կարող ենք ծաղիկները փոխել՝ վարունգ դնել, լոլիկ, սալաթ: Բայց հիմա մենք վարդեր ենք դրել, եթե չարդարացնի, շատ մեծ կորուստ կունենանք՝ կթափենք»: Իսկ եթե լոլիկ ու վարունգ դնեք եւ դա էլ չկարողանաք արտահանե՞լ։ «Դե, դա ես օրինակ բերեցի, եթե այսպես շարունակվի, պետք է ուսումնասիրենք, դնենք մի բան, որ կարողանանք ներքին շուկայում վաճառենք»: Վարչապետը, ապա էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն օրերս հայտարարեցին, որ արդեն հայկական մթերքը Եվրոպա է արտահանվում, եւ կառավարությունն էլ աջակցում է ջերմոցատերերին։
«Այո, այդպիսի տեղեկություն կա, բայց որ ասեմ` ով ինչ է արտահանում, չգիտեմ: Եթե չեմ սխալվում, Ռումինիա ուղարկվում է, դրա համար էլ մենք այս պահին բանակցում ենք: Ուղարկվում է, որ ասեմ՝ մեծ քանակով, դրանից տեղյակ չեմ, ոնց հասկացա` փորձում են ուղարկել: Հույս ունեմ, որ ճանապարհները կամաց-կամաց կբացվեն: Մի քանի անգամ նախարարը մեզ կանչեց, բոլոր ջերմոցատերերին առաջարկեցին, որ ամեն մի ծաղիկի 37 դրամն իրենք սուբսիդավորեն, սահման անցնելու տուրքերից ազատեն: Թե դա ոնց է աշխատում, ես չեմ փորձարկել»:

Բաց մի թողեք
Վերջին ընտրությունները խառնել են Ալիեւի ու Փաշինյանի ծրագրերը
ԿԿ կայքը դեռ չի աշխատում, Աննա Հակոբյանը հայտարարագիր ներկայացրել է վերջին օրը
Պետք է ամեն ինչ անենք, որ հասնենք մեր ուզածին, նաեւ Սահմանադրություն փոխելուն