Փաստորեն, ընտրություններից առաջ մեզ համոզում էին, որ վարչապետն ու նրա կինը միմյանց հետ որեւէ իրավական, անգամ քաղաքացիական կապ չունեն, ինքը՝ Աննա Հակոբյանը, նախ հեռացավ կառավարական ամառանոցից, ապա վերադարձավ, մի քանի ամիս անհետացավ ասպարեզից, ընտրարշավին էլ ոչ մի տեղ չերեւաց, իսկ ընտրությունների օրը հանկարծ հայտնվեց, եւ արդեն ներկայանում են որպես մեկ ընտանիք, մեկ քաղաքական թիմ։ Կառավարության տրամադրած միջոցներով էլ ամսվա վերջին նա մեկնում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու։
Հրապարակ թերթը գրել է․ Այս պարագայում բնական հարց է առաջանում․ եթե նախընտրական շրջանում էլ Աննա Հակոբյանը վարչապետի կինն էր, եւ նրա ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամն իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր ու նյութական աջակցություն տրամադրել հարյուրավոր անձանց ու ընտանիքների, ապա իրավապահ մարմիններն ինչո՞ւ չեն գնահատում այդ գործընթացների համապատասխանությունը ընտրական եւ քրեական օրենսդրության պահանջներին։ Մասնավորապես՝ բարեգործություն կատարելու արգելքին, ընտրակաշառք բաժանելուն եւ խոստանալուն, որը քրեական պատիժ է ենթադրում։ Օրինակ, «Ուժեղ Հայաստանից» կալանավորվել է հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, որն ընտրացուցակում չկար, կարծեմ՝ ընտրելու իրավունք էլ չուներ՝ արցախցի է։ Նա իր խոսքում մեկին ասել էր․ «Ուժեղ Հայաստանի»՝ իշխանության գալուց հետո «լավ կլինի»՝ «Չարչարվեցիք ընտրեցիք՝ համ գործն ա լնըմ, համ հողն ա լնըմ, համ տոնն ա լնըմ»: Այս արտահայտությունը քննչականը գնահատել է որպես ընտրակաշառքի խոստում եւ մարդուն կալանավորել։
Հատկապես հետաքրքիր է հակակոռուպցիոն կառույցների մեկնաբանությունը։ Այն կառույցների, որոնք սովորաբար մեծ ակտիվություն են ցուցաբերում ընդդիմության նկատմամբ ցանկացած կասկածի դեպքում։ Որեւէ ուսումնասիրություն եղե՞լ է «Իմ քայլի» հետ կապված։ Եթե ընտրություններից առաջ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը «կապ չունեին» փաստարկն էին օգտագործում, իսկ ընտրություններից հետո պարզվեց՝ «ընտանիք են», եւ Աննա Հակոբյանն էլ առաջին տիկինն է, ապա ակնհայտորեն օրենք է խախտվել։ Օրենքը գործել է ընդդիմության նկատմամբ, իշխանությունն օրենքից դուրս է գործել։
Եթե նույն չափանիշները գործեին բոլորի համար, ապա Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ մեկնելու օրը ԱԱԾ-ն օդանավակայանից տեսանյութ պետք է տրամադրի որեւէ լրատվամիջոցի, որը կհրապարակվի նման մի վերնագրով․ «Բարեգործության արգելքի հնարավոր խախտման գործով Աննա Հակոբյանը փորձել է փախչել երկրից»։ Հետո՝ նրան պետք է տեղափոխեն ուղիղ մեկուսարան, գոնե արգելեն երկիրը լքելը: Իսկ իշխանական լրահոսը մեկ շաբաթ կքննարկի «դարի բացահայտումը»։ Բայց, ինչպես միշտ, օրենքը մեզ մոտ «սիրում է» միայն ընդդիմությանը, եւ նման սցենարը բացառված է։
Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան անարգել է գործել «Իմ քայլը» հիմնադրամը նախընտրական փուլում, բավական է մտնեք հիմնադրամի էջը, որտեղ ամեն օր ինչ-որ հաղորդագրություն է դրվել` արված, արվելիք աշխատանքների, ծրագրերի, խոստումների մասին: Ասենք, հունիսի 5-ին «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագրի մասին են հիշեցնում, որ դիմեք` առկա ուսուցման համար. մնացել է 7 օր, եւ խոստանում են վճարել ուսման վարձը: Հունիսի 4-ին հայտարարություն կա՝ 254 մասնակցի բիզնեսին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հետ կապված, «Հաջողակից` սկսնակին» ծրագրի «Միմյանցից ոգեշնչված» նախագծի մասնակցության վերաբերյալ: Մայիսի 28-ին ԵՊՀ-ում հիմնադրամն ամառային դպրոցի դիմորդների հետ է հանդիպել եւ հարցազրույցներ անցկացրել․ «35 հավակնոտ դիմորդներից ամառային դպրոցին մասնակցելու հնարավորություն ստացավ ուժեղագույն 25-ը»: Մայիսի 27-ից մինչեւ հունիսի 16-ը պատվիրակություն է ուղարկել Չինաստան` «Չինարեն լեզվի եւ մշակույթի» հատուկ մասնագիտական սեմինարին մասնակցելու: Մայիսի 17-ին «Գյուղական զբոսաշրջություն» (Գաստրոբակ) ծրագրի շրջանակում հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանը, ծրագրի ղեկավար Ստելլա Սարուխանյանը եւ բիզնեսի փորձագետ Մհեր Դավոյանը մեկնել են Թալին` հանդիպելու երեք բնակավայրերից ընտրված 12 շահառու ընտանիքների հետ, որոնք «նպատակ ունեն սեփական տունն ու տնտեսությունը զբոսաշրջային գրավիչ ծառայության վերածել եւ զարգացնել»։ Այս ծրագրի շրջանակում մասնագիտական դասընթացների է մասնակցել 43 ընտանիք, որի վերջնարդյունքում Ոսկեթաս, Դաշտադեմ եւ Գառնահովիտ բնակավայրերից կընտրվի մեկական հաղթող ընտանիք, որոնց կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ սեփական տունն ու համայնքը զարգացնելու նպատակով:
Այս բոլորը պարզ եւ ակնհայտ ընտրակաշառք է, Ընտրական օրենսգրքի եւ բարեգործության արգելքի խախտումներ, որոնց վրա իրավապահ մարմիններն աչք են փակել: Իսկ դա փորձել են սղղացնել` ձեւացնելով, թե Աննա Հակոբյանը ոչ մի կապ չունի Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի հետ: Ընտրություններից հետո ընդամենը 5 օր անց էլ տիկին Հակոբյանը մեկնում է ԱՄՆ` որպես ՀՀ առաջին տիկին:

Բաց մի թողեք
Վերջին ընտրությունները խառնել են Ալիեւի ու Փաշինյանի ծրագրերը
ԿԿ կայքը դեռ չի աշխատում, Աննա Հակոբյանը հայտարարագիր ներկայացրել է վերջին օրը
Պետք է ամեն ինչ անենք, որ հասնենք մեր ուզածին, նաեւ Սահմանադրություն փոխելուն