«Մեծ յոթնյակի» առաջնորդները հունիսի 17-ին համատեղ «Հայտարարություն» են տարածել և վկայել, որ «Ուկրաինայի ազատության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անկոտրում պաշտպանության հարցում միասնական» են։
Նրանք հաստատել են, որ «կրիտիկական ենթակառուցվածքների և մշակութային ժառանգության դեմ հարձակումներից տուժած ուկրաինական բնակչության հետ համերաշխ» են և «բարձր են գնահատում Ուկրաինայի տոկունությունը և վերջին ամիսների մարտի դաշտում նրա հաջողությունները», ինչպես նաև «ընդգծել են, որ ներկայումս դիտարկվում է նոր ազդակ»։
Այդ «ազդակին աջակցելու և այն արագացնելու համար» նրանք «պայմանավորվել են մեծացնել հակաօդային պաշտպանության, հրթիռորսիչ համակարգերի, ինչպես նաև հեռահար խոցման միջոցների առաքումները, որպեսզի երկիրը կարողանա հաղթահարել հաջորդ ձմեռը»։
«Մեծ յոթնյակի» առաջնորդները «պարտավորվել են ուժեղացնել ռուսաստանյան ռազմական տնտեսության վրա ճնշումը» և «ամրապնդել պատժամիջոցները, այդ թվում՝ նավթագազային ոլորտի նկատմամբ»։
Այդ առթիվ նրանք եկել են եզրակացության, որ «այժմ լրացուցիչ միջոցներ կիրառելու համապատասխան պահ է, քանի որ նախագահ Թրամփը գործարք է կնքել», որին իրենք «աջակցում են՝ Հորմուզի նեղուցի աշխատանքը վերսկսելու համար»։
Որքանո՞վ է իրական Ուկրաինայի հարցում «Մեծ յոթնյակի» առաջնորդների «անկոտրում միասնականությունը», ցույց կտա ժամանակը։ Առայժմ միակ առարկայական քայլը կատարել է Միացյալ Նահանգները՝ չեղյալ հայտարարելով ռուսաստանյան նավթի արտահանման արտոնությունը։ Այդուհանդերձ, փաստը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միացել է «Հայտարարությանը», վկայում է, որ Ուկրաինայի հարցում Վաշինգտոնը «մոտեցում է փոխել»։
Դա սպասելի էր այն բանից հետո, երբ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ընթացքում պետքարտուղար Ռուբիոն առաջին անգամ խոսեց ուկրաինական բանակի դիմադրողականության և «արձանագրած հաջողությունների» մասին։
Պատական չէ, որ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի բացման օրը ուկրաինական անօդաչուները գրոհել են Մոսկվան և նավթավերամշակման գործարան խոցել։
Դիտարժան է, որ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին ունիսոն՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը մեկնել է Մոսկվա։ Նա բանակցություններ է վարել ՌԴ արտգործնախարար Լավրովի, ԱԽ քարտուղար Շոյգուի հետ։
Արտաքին քաղաքական հարցերով ՌԴ նախագահի օգնական Ուշակովը անոնսավորել է, որ հունիսի 17 -ի ժամը 20:00-ին Վլադիմիր Պուտինը Ֆիդանին կընդունի․․․ Կազանում։ Թաթարստանի մայրաքաղաքում ընթանում է Ռուսաստան- ASEAN գագաթնաժողով։
Թուրք պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հրապարակային դիմել է նրան․
-Պարոն Ֆիդան, դուք «Մեծ յոթնյակի ձևաչափով Ուկրաինայի հարցի քննարկման հրավեր ստացե՞լ եք,- ինչին թուրք պաշտոնյան բացասական է պատասխանել։
Կազանը Ոսկե հորդայի մայրաքաղաքն է։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը Ռուսաստանի, ռուսաց լեզվի և մշակույթի նկատմամբ Ոսկե հորդայի վերաբերմունքը «արևմտյան նվաճողների» համեմատ հանդուրժողական է գնահատել։ Արևմտյան «նվաճողներից մերժված» Ռուսաստանը և Թուրքիան «Մեծ յոթնյակին» հակակշիռ կստեղծե՞ն։ Բայց Թուրքիան մերժվա՞ծ է։

Բաց մի թողեք
Օրբանը խոստանում է շարունակել պայքարել ԵՄ-ի դեմ
ԱԺ ընտրությունների քարոզարշավում տեղ է գտել նաև «քֆուր դնելը»
Ալիևը իրանա-ամերիկյան նախնական համաձայնությունը պաշտոնապես չի ողջունել