Նախկինում գրել էինք, որ Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հ․ Աղասարյանը Դիլիջանի ավագանուն առաջարկություն է արել՝ Դիլիջանում ապօրինի օտարված հողամասի մասին դատական հայց ներկայացնելու վերաբերյալ։
Հրապարակ թերթը գրել է․ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, առանց պետական լիազոր մարմնի դրական եզրակացությունը ստանալու, հաստատել է 2025 թ․ սեպտեմբերի 6-ին կայացած հողամասի աճուրդի արդյունքները եւ ՀՀ սեփականություն հանդիսացող1350․4 քմ հողամասը հանգստի նշանակության օբյեկտի կառուցման նպատակով 9 մլն 452 հազար 800 դրամով օտարել է Հայկ Ռոբերտի Ղազարյանին, կատարվել է վերջինիս սեփականության իրավունքի գրանցում։
Դատախազի տեղակալը համայնքի ավագանուն առաջարկել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնել իրավասու դատարան եւ հարուցված հայցի մասին նույն օրը հայտնել Տավուշի մարզի դատախազություն, չհարուցելու դեպքում եւս տեղեկացնել Տավուշի դատախազություն։ Հ․ Աղասարյանն ավագանուն հայտնել է նաեւ, որ մեկամսյա ժամկետում հարուցված հայցի մասին տեղեկատվության բացակայության դեպքում դատախազությունն ինքը ձեռնամուխ կլինի հայց հարուցելու իր լիազորության իրացմանը։
Դիլիջանի ավագանու 2026թ․ հունվարի 19-ի նիստում պետք է քննվեր Աղասարյանի առաջարկը, սակայն քվորում չլինելու պատճառով ավագանու նիստը չի կայացել։ Դիլիջանի բնակիչներից տեղեկացել էինք, որ նշված հողամասը թեեւ գրանցված է ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի եղբոր անունով, այն փաստացի Վահե Ղազարյանին է պատկանում։ Այնտեղ՝ Դիլիջանի կոմպոզիտորների տուն տանող ճանապարհի մոտ կառուցվել է հանգստի գոտի, փայտե 6 քոթեջներ են գործարկվել։ Մայիսի 11-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին տեղեկատվական հարցում էի արել․
«1․ Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հ․ Աղասարյանը Դիլիջան համայնքի ավագանուն հայց ներկայացնելու վերաբերյալ առաջարկություն է արել, որով հայտնել է Դիլիջանում Հայկ Ռոբերտի Ղազարյանին ապօրինի օտարված հողամասի մասին։ Համայնքի ավագանու 2026թ․ հունվարի 19-ի նիստում քվորում չի եղել, ավագանին այդ խնդրին վերաբերմունք չի ցուցաբերել։ Ամիսներ են անցել, դատախազությունն այդ խնդրով, օրենքով սահմանված կարգով դիմե՞լ է դատարան, որպեսզի անօրինական կերպով օտարված պետական հողը վերադարձվի պետությանը։ Եթե դիմել է, ե՞րբ, ո՞ր դատարանում է քննվում այդ հայցը։
2․ Դիլիջան համայնքում Հայկ Ռոբերտի Ղազարյանին ապօրինի օտարված պետական հողամասի կապակցությամբ քրեական գործ հարուցվե՞լ է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի նկատմամբ։ Եթե այո՝ ե՞րբ, ի՞նչ հոդվածով է հարուցվել, այդ գործով ի՞նչ կարգավիճակ ունի Դ․ Սարգսյանը։
3. 2018 եւ 2025 թվականներին ՀՀ-ում քրեական հետապնդման ենթարկված քանի՞անձ է եղել, դրանցից քանի՞սի նկատմամբ է դատարանների կողմից կալանք ընտրվել՝ որպես խափանման միջոց։
4. 2018 եւ 2025 թվականներին ՀՀ-ում քանի՞ հանցագործություն է արձանագրվել, դրանցից քանի՞սն է եղել ծանր եւ առանձնապես ծանր։
5․ Իջեւանում Աղստեւ գետի հունի ավերման, այդ հունում Իջեւանի գինու-կոնյակի գործարանի կողմից ապօրինի մեծ պատ կառուցելու կապակցությամբ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ վարույթը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Գլխավոր դատախազությունն այդ վարույթով դատախազական հսկողություն իրականացնո՞ւմ է, չի՞ խախտվում վարույթը ողջամիտ ժամկետում քննելու պահանջը։ Այդ քրեական վարույթով որեւէ անձի մեղադրանք առաջադրվե՞լ է»։
Հունիսի 16-ին Գլխավոր դատախազությունից ստացել եմ հետեւյալ պատասխանը․
«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի մայիսի 11-ի 11560282-2026 հարցմանը՝ տեղեկացնում եմ, Դիլիջանի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ Տավուշի մարզի դատախազության կողմից դեռեւս 21․01․2026թ․ ներկայացվել է առերեւույթ հանցագործության մասին հաղորդում, որի համար ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»։
Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է «Պաշտոնեական անփութությանը» (Պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում, կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, կամ այլ ծանր հետեւանք)։
Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դ․ Սարգսյանը չէր կարող Դիլիջանի ազգային պարկի տարածքում այն ժամանակ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եղբորը պաշտոնեական անփութությամբ պետական սեփականություն հանդիսացող հողամաս օտարել։ Գլխավոր դատախազությունը չի պատասխանել այն հարցերին, թե դատախազությունն այդ խնդրով օրենքով սահմանված կարգով դիմե՞լ է դատարան, որպեսզի անօրինական կերպով օտարված պետական հողը վերադարձվի պետությանը, եւ Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք առաջադրվե՞լ է։ Երեւի Գլխավոր դատախազությունը մայիսի 11-ից մինչեւ հունիսի 16-ը մտածել է, թե ինչպես պատասխանի այդ հարցերին։ Իսկ տեղեկատվական հարցման մյուս 4 հարցերը պարզապես անտեսել է։

Բաց մի թողեք
Մինչեւ տարեվերջ նոր ընտրություններ կլինեն
Փաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխեն
Հիմա՞ ինչից է հուզված