18/06/2026

EU – Armenia

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում. ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր ելույթների ժամանակ ոչ թե ինքնատիրապետումն է կորցնում, այլ կրքոտ է որպես հռետոր։

«Քարոզարշավի ժամանակ էլ նայում եմ՝ ընդդիմադիր լրատվամիջոցները գրում են՝ Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը, վրդովվեց։

Ես տենց եմ, ես կրքոտ հռետոր եմ, եթե ինձ հուզող թեմայի մասին խոսեմ, էլի կրքոտ և եռանդուն եմ խոսելու։ Ես 15 տարի առաջ էլ եմ տենց խոսել։

Ես էդպես եմ խոսում, ես էդպես եմ հաղորդակցվում, որովհետև էդ թեմաները կարևոր, օրգանիկ թեմաներ են, ես էդ թեմաներով ապրում եմ։ Սա ինձ համար քաղաքական ներկայացում չէ, սա կյանք ա, որ ես ապրում եմ»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են։

Վարչապետն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։

«Հայաստանի քաղաքացին խորհրդարանական ընտրություններում իր կամքն արտահայտելու հնարավորություն է ունեցել։ Ընտրությունների արդյունքները, մասնավորապես ՔՊ-ի արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են, և ընտրությունների արդյունքներն էլ առնվազն այս մասով արտահայտում են Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտումը»,- նշել է Փաշինյանը։

Հարցին, թե արդյոք դրանք լեգիտիմ չեն ընդդիմադիր քաղաքական ուժերի արձանագրած արդյունքների մասով, Փաշինյանն ասել է, որ ընդդիմադիրների մասով տասնյակ ընտրակաշառքներ բաժանելու քրեական գործեր և ձայնագրություններ կան հրապարակված։