«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր գնահատմամբ՝ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը իրական հաղթանակ չի տարել։
Պատասխանելով հարցին՝ մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ հստակ որոշում կա՞, Կարապետյանը նշել է, որ, իր կարծիքով, եթե չանցած քաղաքական ուժերի ձայները չվերաբաշխվեին իշխող ուժի օգտին, ապա ընտրությունների արդյունքները այլ պատկեր կստանային։
Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է ստեղծված իրավիճակը ներկայացնել որպես հաղթանակ և տարածում է այն միտքը, թե ընդդիմությունը պետք է հրաժարվի մանդատներից, որպեսզի հնարավոր լինի միանձնյա կառավարում։
Կարապետյանը նաև ընդգծել է, որ ընդդիմադիր ուժերը պետք է միասնական քննարկումներ անցկացնեն իշխանության լեգիտիմության և հետագա քայլերի շուրջ։ Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են պայքարը՝ անկախ մանդատների վերաբերյալ վերջնական որոշումից։
Նա հավելել է, որ իրենց թիմը դիմել է Սահմանադրական դատարան և ակտիվ մասնակցություն է ունենալու ընթացող գործընթացներին, ինչպես նաև նախատեսում է հանրահավաքներ անցկացնել։
Կարապետյանի գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանը պետք է կայացնի արդար որոշում. «Բարգավաճ Հայաստան» կուսակցութունը անցել է 4 տոկոսի շեմը, բայց բոլորիս աչքի առաջ ինչպես իրենք չեղարկեցին 2 ընտրատեղամսի քվեարկության արդյունքներն ու տվեցին ապօրինի լուծում։ Հիմա հայտարարում եմ, այն կուսակցությունները, որոնք իրոք պայքարում են, 7 խաղ չեն խաղում Փաշինյանի հետ, մասնակցեն այդ պրոցեսին»:
Սամվել Կարապետյանը լրատվամիջոցների ղեկավարներին տված հարցազրույցում ներկայացրել է իր գնահատականները երկրի քաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ պնդելով, որ հասարակությունը գործ ունի ոչ թե մեկ անձի, այլ ավելի լայն համակարգի հետ. «Գոյություն ունի 2 Փաշինյան։ Մի Փաշինյանը դա մարդ է, չնայած շատ վատ մարդ է, բայց մարդ է՝ թույլ, վախկոտ, ստախոս, ագահ մարդ է։ Այդ բազայի վրա դրսի ուժերը, հայտնի երկրների ուժերը կառուցել են մեխանիզմ, նորից դա կոչվում է Փաշինյան, բայց դա արդեն մեխանիզմ է։ Այդ մեխանիզմը ծառայում է Հայաստանը և հայ ժողովրդին ծնկի բերելու համար»:
Նա ընդգծել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժի պայքարը ուղղված չէ կոնկրետ անձի դեմ, այլ այն համակարգի, որը, իր գնահատմամբ, ձևավորվել և գործում է ներկայիս քաղաքական իրականությունում։
Սամվել Կարապետյանը բարձր է գնահատել Նարեկ Կարապետյանի գործունեությունը՝ նշելով, որ նա չի ներկայացրել նոր բացահայտումներ, այլ պարզապես ցուցադրել է իր բազմամյա որակները։
Նրա խոսքով՝ Նարեկ Կարապետյանը առանձնանում է իր մասնագիտական կարողություններով, կրթվածությամբ և համարձակությամբ՝ տարբեր ժամանակահատվածներում ապացուցելով իր արդյունավետությունը տարբեր ոլորտներում։
Կարապետյանը ընդգծել է, որ Նարեկ Կարապետյանը տնտեսության ոլորտում ունի բարձր մակարդակի փորձ և կարողություններ՝ նրան բնութագրելով որպես առանձնահատուկ մասնագետ, ով, իր գնահատմամբ, համարժեք մրցակից չունի։ Նա նաև հավելել է, որ իր բարձր գնահատականը պայմանավորված չէ ընտանեկան կապերով։
«Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր կդառնա, բայց այս փուլում, իհարկե, ես չգիտեմ: Դա կախված է լինելու՝ ինչպիսի հաղթանակ ենք մենք շուտով տանելու»,- ասել է Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Նարեկ Կարապետյանը կդառնա մի օր վարչապետ, թե ոչ:

Բաց մի թողեք
ՀԱՊԿ-Հայաստան ճգնաժամը խորանում է․ հարցը դրվել է լուրջ քննարկման
Քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների․ մանրամասներ
Չարաբաստիկ խողովակը հեռացրին Փամբակ գետի վրայից