Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է վերջին շրջանում ընդդիմության կողմից հարցուպատասխաններին և խորհրդարանական նիստերին չմասնակցելու որոշմանը։
Նրա խոսքով՝ դա քաղաքական մարտավարության հարց է, և ընդդիմությունն ինքն է որոշում՝ մասնակցել նիստերին, թե ոչ։ Վարդանյանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում գնահատվում է՝ արդյոք նպատակահարմար է վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրացուցիչ հարթակ տրամադրել ելույթների համար։
Պատգամավորը նաև ընդգծել է, որ ընդդիմության մասնակցության դեպքում հաճախ հնչում են քննադատություններ՝ կողմերին միմյանց արժանի համարելու և լարվածությունը չսրելու վերաբերյալ։ Միաժամանակ, նրա գնահատմամբ, այն նիստերին, որոնց ընդդիմությունը չի մասնակցել, խորհրդարանում նկատվել են հիստերիկ պահվածք, բարձր տոնով վեճեր և վիրավորական արտահայտություններ։
Քրիստինե Վարդանյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ դրանք գնահատելով որպես զրպարտություն։
Պատգամավորի խոսքով՝ վարչապետը, ամբիոնից ելույթ ունենալով և հարյուր հազարավոր քաղաքացիների ընտրակաշառք ստանալու մեջ մեղադրելով, անհիմն հայտարարություններ է անում։ Վարդանյանը կոչ է արել այդ քաղաքացիներին դատարան դիմել Փաշինյանի դեմ՝ զրպարտության հիմքով և պահանջել դրամական փոխհատուցում։
Նա նաև պնդել է, որ եթե ընտրական գործընթացներում եղել են վարչական ռեսուրսի կիրառման կամ ընտրակաշառքի դեպքեր, ապա դրանց պատասխանատուն հենց գործող իշխանությունն է։ Վարդանյանի գնահատմամբ՝ ընտրակաշառք բաժանելու և ճնշումներ գործադրելու մեջ մեղադրվող միակ քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժն է։


Բաց մի թողեք
Հայաստանի քաղաքացիները մեկ քայլով մոտեցան Եվրոպական միություն առանց վիզայի մեկնելու հնարավորությանը․ Մարթա Կոս. Լուսանկարներ
Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել
Աննա Վարդապետյանը «պատժել է» դատախազի