19/06/2026

EU – Armenia

Ինչու դեռևս գործող ԱԺ-ում ընդդիմադիրները չեն մասնակցում նիստերին

Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է վերջին շրջանում ընդդիմության կողմից հարցուպատասխաններին և խորհրդարանական նիստերին չմասնակցելու որոշմանը։

Նրա խոսքով՝ դա քաղաքական մարտավարության հարց է, և ընդդիմությունն ինքն է որոշում՝ մասնակցել նիստերին, թե ոչ։ Վարդանյանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում գնահատվում է՝ արդյոք նպատակահարմար է վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրացուցիչ հարթակ տրամադրել ելույթների համար։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ ընդդիմության մասնակցության դեպքում հաճախ հնչում են քննադատություններ՝ կողմերին միմյանց արժանի համարելու և լարվածությունը չսրելու վերաբերյալ։ Միաժամանակ, նրա գնահատմամբ, այն նիստերին, որոնց ընդդիմությունը չի մասնակցել, խորհրդարանում նկատվել են հիստերիկ պահվածք, բարձր տոնով վեճեր և վիրավորական արտահայտություններ։

Քրիստինե Վարդանյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ դրանք գնահատելով որպես զրպարտություն։

Պատգամավորի խոսքով՝ վարչապետը, ամբիոնից ելույթ ունենալով և հարյուր հազարավոր քաղաքացիների ընտրակաշառք ստանալու մեջ մեղադրելով, անհիմն հայտարարություններ է անում։ Վարդանյանը կոչ է արել այդ քաղաքացիներին դատարան դիմել Փաշինյանի դեմ՝ զրպարտության հիմքով և պահանջել դրամական փոխհատուցում։

Նա նաև պնդել է, որ եթե ընտրական գործընթացներում եղել են վարչական ռեսուրսի կիրառման կամ ընտրակաշառքի դեպքեր, ապա դրանց պատասխանատուն հենց գործող իշխանությունն է։ Վարդանյանի գնահատմամբ՝ ընտրակաշառք բաժանելու և ճնշումներ գործադրելու մեջ մեղադրվող միակ քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժն է։