20/06/2026

EU – Armenia

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։

Նախագահ Ֆոն դեր Լայենի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը երկու շաբաթ անց ԵՄ-ն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի և նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։

Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունը։

Այս ֆինանսական աջակցությունը նախագահ Ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։

Անցյալ ամիս կայացած ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ԵՄ-ն և Հայաստանը կշարունակեն սերտ համագործակցությունը՝ խորացնելով գործարար կապերը և ընդլայնելով հայկական արտադրողների համար շուկաների մատչելիությունը:

Առևտրային սահմանափակումներից տուժած ոլորտները, ներառյալ ագրոպարենային արտադրության, ծաղկաբուծության և արտահանմանն ուղղված այլ ճյուղերը, կստանան լրացուցիչ աջակցություն՝ առևտրի խթանման նախաձեռնությունների, գործարար կապերի հաստատման միջոցառումների և շուկաների հասանելիության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի միջոցով։

ԵՄ – Հայաստան տնտեսական դիմակայունության հարցերով հատուկ խումբը շարունակում է կանոնավոր հանդիպումները՝ ուղղորդելու և մշտադիտարկելու այդ միջոցառումների իրականացումը։

ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը նշել է.

«Եվրոպական միությունը հաստատակամորեն կանգնած է Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկրի կողքին։ Մենք տրամադրում ենք ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև օգնում ենք Հայաստանին ավելի հեշտացնել առևտուրն իր հարևանների և Եվրոպայի հետ։ Սա մեր ամենամոտ գործընկերներից մեկի նկատմամբ եվրոպական համերաշխության գործնական դրսևորումն է»։

Հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ Հայաստանի հետ համագործակցության շրջանակում հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանց խթան հաղորդելու նպատակով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար։