Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիեւի դիլիջանյան հանդիպմանը, ասել է․
«Սա նշանակում է, որ խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ եւ կառավարում ենք այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ… Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ կա՞ արդյոք հանդիպման անհրաժեշտություն, թե՝ ոչ։ Մենք զբաղված ենք իրադրության կառավարմամբ»։ Ըստ էության, ակնարկել է, որ այս հանդիպումներով պատերազմի ռիսկն են նվազեցնում: Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը եւ Հիքմեթ Հաջիեւը հանդիպել էին հունիսի 14-ին, անգամ զբոսնել Դիլիջանում։ Հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրությամբ ասված էր, որ քննարկվել են ադրբեջանա-հայաստանյան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր, եւ ընդգծվել է երկկողմ ուղիղ երկխոսության շարունակման կարեւորությունը։
«Հրապարակը» զրուցել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ։
– Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ակնարկում է, որ իրենք կանխում են պատերազմի վտանգը, ռիսկերը, այս անգամ՝ Հաջիեւ-Գրիգորյան հանդիպմամբ։ Բայց նույն Փաշինյանը նաեւ պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության դարաշրջան է Հայաստանը մտել, որ Արցախը հանձնելով, այն ուրանալով, անգամ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելով, ինքը վերջապես խաղաղություն է հաստատել տարածաշրջանում, սակայն ստացվում է, որ պատերազմի ռիսկերը դեռ կան, եւ դրանք չեզոքացնելու անհրաժեշտությունն էլ կա: Արդյունքում ստացվում է, որ Ադրբեջանը չի բավարարվել Արցախը գրավելով եւ հիմա հավակնություններ ունի նաեւ ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ։
– Նախ պետք է մի շատ կարեւոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնել՝ որ երկրի բարձրաստիճան պաշտոնյան Հայաստան այցելեց ընտրություններից անմիջապես հետո։ Խոսքն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյայի այցի մասին է։ Սա առաջին կարեւոր բանն է, որի վրա պետք է հանրությունն ուշադրություն դարձնի։ Հաջիեւը Հայաստան էր եկել իրավիճակն ու իրադրությունը ճշտելու։ Ադրբեջանական պաշտոնական խոսույթից, ԶԼՄ-ների հրապարակումներից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը դժգոհ է Հայաստանի ընտրությունների արդյունքներից։
– Ինչո՞ւ է դժգոհ։
– Նիկոլ Փաշինյանն իրենց խոստացել էր, որ կունենա սահմանադրական մեծամասնություն, սակայն նրա հաշվարկները ճիշտ դուրս չեկան, արդյունքում սահմանադրական հանրաքվե իրականացնելու հարցը բարդանում է, Նիկոլ Փաշինյանը 50+1 ձայն այդպես էլ չկարողացավ ստանալ, արդյունքում՝ Ալիեւին տված նրա խոստումներն այս պահին իրականանալի չեն։ Նիկոլ Փաշինյանին ուղղված այժմ բազմաթիվ հարցեր կան Ադրբեջանի կողմից․ եթե նա չի կարողացել այսքան կեղծիքների ու վարչական ռեսուրսների կիրառմամբ հասնել տեսանելի արդյունքների, ապա բարդանում են հետագա քայլերը։ Որպեսզի հետագա քայլերը չբարդանան, նա փորձելու է գլխատել ընդդիմության ակտիվ զանգվածին եւ առաջնորդներին։ Նա հանրային ազդեցություն ունեցող բոլոր ուժերին իզոլացնելու է, տարբեր խափանման միջոցներով մեկին կալանքի տանելով, մյուսին տնային կալանք տալով, այն մյուսին զրկելով հանրային ակտիվության իրավունքից, եւ այսպես շարունակ։ Նա փորձելու է հասարակության վրա միանձնյա ազդեցություն ունենալ իր եւ Ադրբեջանի քարոզչական թեզերը տարածելու հարցում, այն է՝ եթե Սահմանադրությունը չփոխվի, պատերազմ տեղի կունենա։ Հիմա մենք հենց այդ փուլում ենք։
– Այսինքն՝ հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ խաղաղության օրակարգը որքան էլ շատերի համար ցանկալի, ամբողջապես կեղծ օրակարգ է։
– Այդ օրակարգը բացարձակ կեղծ էր առաջին իսկ րոպեից։ Ոչ մի գրագետ մարդ չի կարող հավատալ խաղաղության պատրանքին, անգամ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից շատերը դրան չեն հավատում։
– Իշխանությունը Հաջիեւին ի՞նչ կարող էր խոստանալ՝ Սահմանադրությունը փոխելու փոխարեն։
– Ես այս պահին վստահ չեմ, որ Սահմանադրություն փոխելու հարցում վերջնականապես իշխանությունները ձախողվել են։ Այն բոլոր գործընթացները, որոնք սկսել է այս պահին Նիկոլ Փաշինյանը, միտված են հենց այդ պրոցեսի իրականացմանը՝ ցանկացած գնով եւ ցանկացած պարագայում։ Միանշանակ, այս պահին ոչինչ չենք կարող պնդել: Այո, այս պահին նա չունի 2/3, սակայն մենք չգիտենք, թե նա մինչեւ սեպտեմբեր ինչեր կարող է անել, եթե ընդդիմությունը միահամուռ կերպով այդ ամենին չդիմադրի։ Նիկոլ Փաշինյանի առջեւ դրված է հստակ պահանջ՝ պետք է Սահմանադրությունը փոխվի։ Ընտրություններից հետո նա հասկացավ, որ սահմանադրական հանրաքվե անցկացնելը բարդ է, քանի որ իշխանությունը չունի մեծամասնության աջակցությունը, հետեւապես, բարդ է այդ ճանապարհով գնալը։ Արդյունքում միակ տարբերակը հանրային դիմադրությունը կոտրելն է։
– Անդադար պատերազմով սպառնալը չափազանց արհեստական է թվում։ Տպավորություն է, թե Ալիեւն ու Փաշինյանը փորձում են հայ ժողովրդին պատերազմի սպառնալիքի ու վախի մեջ պահել, սակայն իրականում պատերազմի ռիսկերն այնքան էլ մեծ չեն։ Ի վերջո, այդքան հե՞շտ գործընթաց է Հայաստանի վրա հարձակվելը։
– Խնդիրն այն է, որ մեր հասարակության համար «պատերազմ» բառը տրիգեր է։ Մեր հանրությունը դեռ չի հաղթահարել 2020-ի, 2022-ի եւ 2023-ի սարսափելի իրավիճակները, եւ ամեն անգամ, երբ մարդկանց վախեցնում են, որ եթե խելոք չմնաք, նոր պատերազմ տեղի կունենա, մարդիկ հոգեբանորեն շատ են ճնշվում, իսկ դա հրաշալի հասկանում է թե՛ Ալիեւը եւ թե՛ Փաշինյանը։ Նրանք զուգահեռաբար հայ ժողովրդին պատերազմի սարսափի մեջ են պահում։ Իրավիճակը փորձում են անելանելիության հասցնել եւ հայտարարում են, որ եթե Ադրբեջանի պահանջները չկատարենք, պատերազմ տեղի կունենա։ Արդեն քանի տարի է՝ նույն սցենարով Փաշինյանը գնում է զիջումների եւ արդարանում է՝ եթե չզիջեի, պատերազմ կլիներ։
– Այսինքն՝ հայ հասարակությանը հոգեբանական գրոհի են ենթարկում։
– Պատերազմի ռիսկը փոքր չէ այնքան ժամանակ, քանի դեռ մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ օրվա իշխանությունը որեւիցե դիմադրություն չի ցուցաբերում եւ անգամ չի փորձում զոհի կերպարից հանել հասարակությանը։ Այնուամենայնիվ, հենց այս ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հասարակության մեծամասնությունը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ Նիկոլ Փաշինյանն ունի երկու լծակ՝ ընդդիմությանն ամեն կերպ ռեպրեսիաների ենթարկել, ապա հասարակությանը պատերազմով սարսափի մեջ պահել։ Մնացել է ուժային լծակը եւ վախի լծակը, իշխանությունը չունի կոմունիկացվելու որեւէ այլ վտանգ։

Բաց մի թողեք
Գեղամ Գեւորգյանը պաշտպանում է ռուսական ընկերության շահերը
Դատավորները կրկին ժողով են անելու
Նախիրը ցնծում է, օտար նախրչիները օրինակելի փորձն են ուսումնասիրում