29/06/2026

EU – Armenia

Լուկաշենկոն Պուտինի «կցորդն» է

Բելառուսի նախագահի աշխատակազմի «Առաջինի Pool» թելեգրամյան ալիքը հայտնել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն «մեծ այցով մեկնել է Արևելյան և Հարավարևելյան Ասիա»։ Ըստ աղբյուրի, նա «կայցելի երեք երկիր», իսկ այցի «երթուղին կընդգրկի տասնյակ հազարավոր կիլոմետրեր»։

Հունիսի 26-ին Բելառուսի նախագահը «աշխատանքային այցով» ժամանել է Ռուսաստան։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ընդունել է Տվերի մարզում գտնվող «Վալդայ» նստավայրում։ Պուտին-Լուկաշենկո բանակցությունները անցել են դեմ առ դեմ ձևաչափով և շարունակվել նաև հաջորդ օրը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։

Ռուսաստանի և Բելառուսի նախագահի երկօրյա հանդիպումները մամուլում չեն լուսաբանվել, նույնիսկ արարողակարգային լուսանկար կամ տեսագրություն չի հրապարակվել։ Կողմերը նաև բանակցությունների արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել։

Հայտնի է, որ Ռուսաստան մեկնելու նախօրեին Լուկաշենկոն ընդունել է Մինսկում ՌԴ դեսպան Գռիզլովին և Մոսկվայի մարզի նահանգապետ Վորոբյովին։ Այդ մասին ԲելՏԱ պաշտոնական գործակալությունը ոչ միայն տեքստային հաղորդագրություն, այլև տեսանյութ է հրապարակել։ Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկրին «խաղաղություն և միայն խաղաղություն է պետք»։

Լուկաշենկայի «մեծ այցի» աշխարհագրությունը խիստ ուշագրավ է։ Հունիսի 17-ին Մոսկվայում գումարվել է Ռուսաստան- ASEAN գագաթաժողով։ ASEAN-ը տնտեսական համագործակցության կազմակերպություն է, որին անդամակցում են Հարավ-արևելյան Ասիա երկրները։

Կարելի է զգուշորեն ենթադրել, որ Լուկաշենկոն ուկրաինական պատերազմին ներգրավվելու «առաջարկությունը մերժել» է։ Եվ նրա «մեծ այցի» մասին դեռևս ոչ պաշտոնական տեղեկությունը տարածվել է, որպեսզի տպավորություն ձևավորվի, որ «Ալեքսանդր Գրիգորիչը Վլադմիր Վլադիմիրովիչի կցորդը» չէ։

«Առաջինի Pool» թելեգրամյան ալիքը վստահեցրել է, որ Արևելյան և Հարավարևելյան Ասիայի «երեք երկրներ այցերին «նախապատրաստական մեծ աշխատանքներ են նախորդել»։ Շեշտվել է, որ Բելառուսը «բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում»։

Պաշտոնական աղբյուրները դեռևս Բելառուսի նախագահի ուղևորության և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չեն տարածել։