Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ «երեք հարյուր հազար ադրբեջանցիների Հայաստան վերադարձի թեման փակվել է հինգ հարյուր հազար հայերի Ադրբեջան վերադարձի թեմայի փակմամբ»։
«Հայելային» այս մոտեցումը ներկա փուլում կարելի է հիմնավոր համարել, եթե ընդունենք, որ կողմերը ամենաբարձր մակարդակով այդ մասին ոչ հրապարակային համաձայնություն ունեն։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից բավական ժամանակ է անցել, բայց պաշտոնական Բաքուն դեռևս ոչ մի արձագանք չի հնչեցրել։
Այդուհանդերձ, հունիսի 17-18-ին Նախիջևանի ԻՀ տարածքում կազմակերպվել է «միջազգային» խորհրդաժողով։ Ըստ տեղեկությունների, մի քննարկում էլ պետք է անցկացվի ԱՄՆ Կոնգրեսում։
Ի՞նչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի իշխանությունների կողմից անցկացվող այդ միջոցառումները։ Ցանկության դեպքում կարելի է ասել, որ Բաքուն «հակադարձում է ղարաբաղյան շարժումը շարունակելու փորձերին» կամ Եվրախորհրդարանի բանաձևին։
Բայց այդ դեպքում Ադրբեջանը ինչո՞ւ սահմանադրական փոփոխություններ չի նախաձեռնում։ Չէ՞ որ 1995թ․ ընդունած սահմանադրության նախաբանի իմաստով ոչ միայն Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, այլև Հայաստանի ամբողջ տարածքը «պատմական ադրբեջանական հող» է։
Անցյալ տարի Վաշինգտոնում նախաստորագրած պայմանագիրը, իհարկե, այդ հարցը «լուծում» է, բայց ո՞րն է երաշխիքը, որ Ադրբեջանի Միլլի մեջլիսը այն անփոփոխ, առանց վերապահումների վավերացնելու է։ Չէ՞ որ ցանկացած երկրի համար միջազգային պայմանագիրը սահմանադրության նկատմամբ իրավական ստորադաս ուժ ունի։
Ադրբեջանցի մի քանի փորձագետներ հայկական կողմի «կասկածները փարատել» են նրանով, որ «1918-20 թվականներին գոյություն ունեցած Դեմոկրատական հանրապետության իրավահաջորդության ընդունումը խորհրդանշական է, իրավա-քաղաքական նշանակություն չունի»։ Հայ-ադրբեջանական նախաստորագրված պայմանագրի իմաստով Ադրբեջանը ստանձնել է Ադր․ ԽՍՀ-ի իրավահաջորդություն։
Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ Հայաստանին մեղադրել են «երկդիմի կեցվածք դրսևորելու» մեջ։ Բաքվում ակնհայտորեն փորձում են եվրոպական և ամերիկյան հաթակներում արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ նախաձեռնությունները բարդել պաշտոնական Երևանի պատասխանատվությանը։
Սա արդեն «հակադարձում» չէ, այլ՝ միտումնավոր նենգափոխություն, որի նպատակը, թերևս, Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը և Սփյուռքի ավանդական ինստիտուտների հետ դիմակայության սադրումն է։
Բայց դա «միջանկյալ նպատակ» է։ Ադրբեջանը խորքային ծրագրավորմամբ ինչի՞ է ձգտում, արդեն Հայաստանի իշխանությունները պետք է գնահատեն և «կառավարելիության ռեժիմ» մշակեն։

Բաց մի թողեք
Պուտինը խոստովանում է նավթի դեֆիցիտը և ճշգրտված վառելիքի ծրագրերը՝ Ուկրաինայի կողմից նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ֆոնին
Լուկաշենկոն Պուտինի «կցորդն» է
Մեդվեդևը զգուշացրել է ՀՀ քաղաքացիներին՝ ծանր հետևանքներ կլինեն