ՀՀ ՍԴ անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 16 տարի՝ մինչև 2021-ին ՍԴ անդամ նշանակվելը, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյան հարց է ուղղում ընդդիմությանը:
«Ով է ՀՀ քաղաքացին որպես ընտրող և ինչպես է նա կատարում ընտրություն»: Որպես հարցի հիմնավորում ասում է, որ իր մոտ դիմումատուների խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընտրողների զանգվածը կարծես զոմբիներ են:
Այնուհետև շարունակում է. «Եվ ինչ-որ մեկն ասեց «շուն շանգյալ», սրանք վախեցան, գնացին իրան ընտրեցին: Ինչ-որ մեկի թոշակը 5 (իրականում՝ 10) հազարով բարձրացավ՝ ուրախությունից… էսքան պարզ չի կյանքը, դուք ուզում եք… մարդկանց էսպես ավտոմատի տե՞ղ եք դրել, որ մատի մի շարժումից պատրաստ են ինչ-որ հրամաններ կատարելու, հնարավոր չի՞, որ ատելության խոսքը հակառակ ազդեցություն ունենա, օրինակ, ենթադրություն եմ անում: Եթե մարդը էդ թեկնածուից հիասթափվի, չընտրի՝ ատելության խոսքի արտահայտությունից ելնելով: Ինչո՞ւ եք միայն գնահատում, որ չէ, հենց դա ստիպեց, որ իրեն ընտրեցին: Էս գնահատականը տվեք: Քաղաքացուն անտեսում ենք, չէ՞, ոնց որ թե…»:
Քանի որ այդ պահին հարցն ուղղված էր «Ուժեղ Հայաստան» (ՈՒՀ) դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանին, վերջինս էլ պատասխանում է ՍԴ անդամին: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ատելության խոսքից վախի ազդեցության ճշգրիտ չափումն, ըստ ՈՒՀ դաշինքի ներկայացուցչի, Սամվել Կարապետյանի և սրբազանների կալանավորումն էր վարչապետի խոսքից կամ գրառումից հետո: Շարունակությունը չեմ նայել և տեղյակ չեմ՝ զանգվածների առումով ինչ է պատասխանել: Այդ թվում՝ հակառակ ազդեցության վերաբերյալ՝ դատավոր Վաղարշյանի հարցադրմանը:
«Հայաստանի առաջին հանրապետության դատական համակարգը (1918-1920 թթ.)» և «Հայաստանի առաջին Հանրապետության պետական իշխանության համակարգը (1918-1920 թթ.)» թեմաներով թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ պաշտպանած և ԵՊՀ-ում երկար տարիներ դասախոսած գիտնականը տեղյակ չէ երկրի քաղաքացիների վարքաբանությանը՝ երբ այդ երկիրն ապրում է խառնակ ժամանակաշրջանում՝ դրանից բխած բոլոր տարուբերումներով ու մարտահրավերներով: Դա զարմանալի է: Տեղյակ չէ, որ նման երկրի քաղաքացին հանդես է բերում հենց զոմբիի մտածողություն, եթե նրան երեք ամիս շարունակ երկրի ղեկավարը վախեցնում է գալիք պատերազմով՝ հատուկ նշելով ամիսը, եթե ինքն ԱԺ-ում չունենա սահմանադրական մեծամասնություն:
Դատավոր Վաղարշյանն հարցնում է, թե դա չէ՞ր կարող ոչ թե վախի մթնոլորտ, այլ հակառակ ազդեցություն ունենալ՝ գցելով հեղինակությունը: Պատասխանեմ՝ այո, ոմանց մոտ դա կարող է հանգեցնել ատելության ու սպառնալիքի խոսքի հեղինակի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքի առաջացմանը: Բայց դրանք պետք է լինեն գրագետ, հայրենասեր, վախ և կախում չունենան իշխանությունից և ունենան համարձակություն՝ արտահայտելու իրենց կարծիքը: Եվ այդպիսի քաղաքացին, այո, ավտոմատ չէ, ու նրան հնարավոր էլ չէ անտեսելը: Բայց բազմամյա դասախոսական կենսափորձով գիտնականը կարո՞ղ է արդյոք պնդել, որ այդպիսի մարդիկ կազմում են հասարակության մեծամասնությունը: Կարո՞ղ է արդյոք պնդել, որ մարզերում բնակվողները, ովքեր կախված են տեղական իշխանիկներից, ում վախեցնում են քվեարկությունը բացահայտելու ինչ-ինչ եղանակներով, ունեն նման հատկանիշներ: Իհարկե, չի կարող, եթե, որպես ՔՊ-ական իշխանության կողմից նշանակված դատավոր, չխուսափի ճշմարտությունն ասելուց:
Ոնց որ թե գիտնականը մոռացած լինի, թե ինչ է տեղի ունեցել 2018-ի գարնանային օրերից այս կողմ: Երբ արխիվները քրքրած գիտնականն է ընտրողների մասին ասում, թե «իր մոտ տպավորություն է, որ ՀՀ-ի ընտրողը զոմբի է, ասեցին`«շուն շանգյալ», սրանք վախեցան», մնում ես զարմացած: Զարմացած այն բանից, որ գիտությունների դոկտոր, պրոֆեսորը չի գիտակցել այն ամենը, ինչի միջով անցել է այդ ընտրողը մինչև ԱԺ ընտրության քարոզարշավը: Եվ դրան գումարած՝ այն աննորմալ հոգեբանական իրադրությունը, որը ստեղծվել էր ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի քարոզչության օրերին: Եթե երկիրը լիներ իրոք ժողովրդավարական, ապա հենց միայն այդ քարոզչական արշավը բավարար էր, որպեսզի ՍԴ-ն չեղարկեր քվեարկության արդյունքները և նշանակեր նոր ընտրություն: Միաժամանակ քարոզչություն անելու իրավունքից զրկեր վերը նշված անձին:
ՀԳ. Չնայած, անկեղծ ասած, զարմանում եմ զարմանալուս վրա: Ուրիշ ինչ վարք պետք է ցուցաբերեր վարչապետի աթոռից կառչած անձի կողմից նշանակված ՍԴ անդամը: Իսկ որ 2018-ից այս կողմ նոր ընտրված (իրականում՝ նշանակված) դատավոր և մնացած պաշտոնյաները առյուծի սիրտ չեն կերել, որպեսզի համարձակություն ունենան դեմ գնալու վերը նշված անձի ցանկությանը, դա կասկածի ենթակա չէ: Ինչ մնում է ՀՀ քաղաքացու, որպես ընտրողի, մասին ճշգրիտ պատկերացում կազմելուն, ապա այն կերևա այն ժամանակ, երբ ՍԴ անդամները մերժեն ընդդիմության բողոքները:

Բաց մի թողեք
Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում
Իսրայելը ճանաչեց իմ տատիկ-պապիկների ցեղասպանությունը․ ամենասարսափելին, որ կարող էին անել մեր ժողովրդի համար
Բա կարելի՞ է էս աստիճան խեղճանալ, ո՞նց կարելի է նույնքան ստոր ու անարժանապատիվ գտնվել