Ռուսաստանն այս տարվա մայիսից սկսեց փուլ առ փուլ սահմանափակել Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծումը՝ դա պատճառաբանելով ֆիտոսանիտարական պահանջների խախտումներով։
Սկզբում արգելքը վերաբերում էր ծաղիկներին, այնուհետեւ՝ լոլիկին, վարունգին, պղպեղին, ելակին, ծիրանին, դեղձին, սալորին, կեռասին, խաղողին, կարտոֆիլին, սմբուկին չրերին, ձկներին եւ այլն։ Սահմանափակումների վերջին փուլն ուժի մեջ մտավ հունիսի 12-ից, երբ «Ռոսսելխոզնադզորն» արգելեց Հայաստանից ծագող եւ արտահանվող ամբողջ կարանտինային բուսական արտադրանքի ներմուծումն ու Ռուսաստանի տարածքով տարանցումը՝ մինչեւ նոր վերահսկողական մեխանիզմների ներդրումը։
«Հրապարակն» ուսումնասիրել է շուկան, արտահանման նոր ուղղություններն ու խնդիրները։ Որ երկրներ ինչ ապրանքատեսակներ են արտահանվել վերջին օրերին` հունիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից ֆիտոսանիտարական բեռներ արտահանվել են 16 երկիր՝ ԱՄԷ, Լատվիա, Վրաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Բուլղարիա, Իրան, Նիդեռլանդներ, Ռումինիա, Ավստրիա, Բելառուս, Կիպրոս, Ղազախստան, Չեխիա, Ֆրանսիա եւ ԱՄՆ։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Ըստ ՍԱՏՄ-ի, արտահանվել են բողկ, դդմիկ, ելակ, թութ, թուրինջ, լոլիկ, ծաղիկ, ծիրան, կանաչի, կեռաս, կիտրոն, համեմունք, պղպեղ, սալոր, սմբուկ, սոխ, սունկ, սուրճ, վարունգ, տնկիներ եւ քաղցր սուջուխ։ Միայն 14 ապրանքատեսակ արտահանվել է ԱՄԷ։ Նշված երկրներից գրեթե բոլոր երկրներ արտահանվել է ծաղիկ։ Սակայն պատահական չէ, որ ՍԱՏՄ-ն արտահանման ծավալների մասին տվյալներ չի տալիս, քանի որ նշված ճոխ ցանկի մեծ մասն ընդամենը մի քանի կիլոգրամ կամ մի քանի հազար հատ ապրանք է, որն արտահանում համարելը մեղք կլինի։
Արտադրո՞ղն է գտնում շուկա, թե՞ պետությունն է աջակցում
Այս հարցում էլ արտադրողը երաշխավորված պետական աջակցություն չունի: Նա ոչ միայն պետք է զբաղվի արտադրությամբ, այլ նաեւ արտադրանքի իրացման ուղիներ գտնի։ Մեր հարցմանն ի պատասխան, էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ «ընդհանուր տրամաբանությամբ եւ շուկայական հարաբերությունների սկզբունքով՝ արտահանման թիրախային շուկաների վերջնական ընտրությունը, սեփական արտադրանքի մրցակցային առավելությունների գնահատումը, ֆինանսական ռիսկերի հաշվարկն ու գործընկերների որոնումը հանդիսանում են անհատ ձեռնարկատիրոջ կամ ընկերության անմիջական գործառույթը, բիզնեսն ինքնուրույն է իրականացնում իր ապրանքատեսակին համապատասխանող շուկաների մարքեթինգային վերլուծություն եւ թիրախավորում»։ Նախարարությունից նաեւ հայտնել են, որ ներկայում, երբ ավանդական արտահանման շուկաներում ի հայտ են եկել «աշխարհաքաղաքական եւ լոգիստիկ խնդիրներ», արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացումը վերածվել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթության։ Եվ պետությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարության, «գործադրում է իր տնտեսական եւ դիվանագիտական գործիքակազմը՝ խնդրի արագ եւ արդյունավետ լուծման համար»։ Թե ինչում է դա արտահայտվում, բացի ամպագոռգոռ բառեր ասելուց, պարզ չէ:
Որ դեպքում է պետությունը սուբսիդավորում
Մի շարք պաշտոնյաներ իրար հերթ չտալով հայտարարում էին, որ գյուղացին մենակ չի մնացել՝ պետությունը գյուղացու կողքին է, որ կառավարության ընդունած որոշումներով նախատեսվում է սուբսիդավորում իրականացնել։ Իհարկե, սուբսիդավորում նախատեսվում է, բայց կա մեկ «բայց»։ Կառավարության կողմից հունիսի 4-ի N 800-Լ, հունիսի 11-ի N 839-Լ, N 803-Ն որոշումների շրջանակներում փոխհատուցումը տրամադրվում է բացառապես փաստացի արտահանված ապրանքների համար։ Ստացվում է, որ այն արտադրողը, որը չի կարողանում շուկա գտնել, քանի որ տարիներով իր արտադրանքն արտահանել է Ռուսաստան եւ արտահանման այս ճանապարհի անհնարինությամբ պայմանավորված՝ պետք է նոր ուղիներ փնտրի, ինչն անգամ պետական մակարդակով է բարդ ու ժամանակատար գործընթաց, չի սուբսիդավորվելու պետության կողմից, քանի որ չունի ապրանքների իրացված խմբաքանակ։ Մեկ տողով ասած՝ չիրացված արտադրանքը գյուղացու խնդիրն է, իսկ դրա դիմաց փոխհատուցումը՝ 0։
Ուր են տանում, մերժված բեռն ինչ են անում
Նոր շուկաների դեպքում ռիսկայնությունը մեծ է: Այնպես որ, անգամ արտահանված բեռը կարող է ՀՀ վերադարձվել, կամ արտահանված երկրում ոչնչացման անհրաժեշտություն կարող է առաջանալ, քանի որ արտահանման նոր շուկաներն ունեն իրենց պահանջներն ու ստանդարտները, եւ հայկական արտադրանքը միշտ չէ, որ համապատասխանում է այդ չափանիշներին։ Բեռի խմբաքանակի չընդունման, ոչնչացման կամ Հայաստան հետ վերադարձնելու բոլոր ծախսերը հոգում է արտահանող տնտեսվարողը։ Իսկ թե որ երկրներ է արտահանվում հայկական գյուղմթերքը, մեզ ասացին` ապրանքը ցամաքային ճանապարհով Հայաստանից` Վրաստանով եւ Թուրքիայով գնում է դեպի եվրոպական կամ Մերձավոր Արեւելքի երկրներ, Հայաստանից Իրանի տարածքով` դեպի Մերձավոր Արեւելքի կամ ասիական եւ միջինասիական երկրներ։

Բաց մի թողեք
Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Լոռիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ Լուսանկար
Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ. Լուսանկար
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը՝ խթանելու հայ-էստոնական տնտեսական համագործակցության զարգացումը