02/07/2026

EU – Armenia

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ

«Հայկական երկաթուղու» կառավարման հետ կապված հնարավոր չէ վերանայել մոտեցումը, բայց մյուս կողմից՝ այն, ինչ մենք հայտարարել ենք, դա էլ չենք պատրաստվում վերանայել։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայկական երկաթուղու» կառավարման հետ կապված զարգացումների վերաբերյալ հարցին։

«Մենք սկսել ենք գործընթացները, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ հատվածի և Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը, և մենք անելու ենք այդ աշխատանքները։ Ինչ վերաբերում է մնացած հատվածին, մենք աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերների հետ, և մեր դիրքորոշումները չեն փոխվել և չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով, որովհետև մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են, այդ թվում՝ մեր գործողությունների չձեռնարկելու պատճառով, միջազգային երկաթգծերը գալ, մտնել Հայաստան և, Հայաստան մտնելով՝ էլի շրջանցել Հայաստանը։ Չի կարող այդպիսի բան լինել»,- նշեց նա։

Արդյոք Հայաստանը կվերցնի՞ կառավարումը՝ վերանորոգելու համար, վարչապետն ասաց.

«Եկեք արձանագրենք, որ դա մեր երկաթուղին է։ Դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և մենք մեր սեփականությունը պետք է կառավարենք։ Մանրամասները չեմ կարող ասել, որովհետև, այդ թվում՝ իրավական կոնսուլտացիաների և աշխատանքային քննարկումների արդյունքում, պետք է այդ հարցերը լուծենք։ Բայց մի բան կարող եմ ասել, որ բոլոր գործընթացներում ՀԿԵ-ն ներգրավված է, իրենք տեղյակ են գործընթացներից, թե ինչ է տեղի ունենում։

Ես կարող եմ վճռականորեն ասել մի բան, որ երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են և պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին։ Ուրիշ կերպ չի կարող լինել։ Բացառված է այլ տարբերակ։ Մենք բոլորս կարող ենք ելնել այս ելակետից, չենք կարող ասել, մեր երկաթուղին է, բայց ոչինչ, թող էդպես էլ փակուղում մնան»։

***

Վաղը մեկնելու եմ Իրան և վաղն էլ վերադառնալու եմ:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մասնակցելո՞ւ է հոգևոր առաջնորդի հուղարկավորությանն ու կլինեն շփումներ ղեկավարների հետ:

«Բնականաբար, շփումներ Իրանի ղեկավարության հետ նախատեսված են»,- ասաց վարչապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ իրանական լրատվամիջոցների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը։